Լրահոս
Օրվա լրահոսը

Նախաձեռնությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված բուժաշխատողներին հնարավորություն կտրվի մինչեւ ՇՄԶ հավաստագիր ստանալը շարունակել մասնագիտական գործունեությունը

Նոյեմբեր 09,2023 15:01

Ներկա իրավակարգավորումներով բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնելու համար ավագ եւ միջին բուժաշխատողները պետք է ունենան ՇՄԶ հավաստագիր, որն աշխատանքի թույլտվությունը փաստող փաստաթուղթ է: Յուրաքանչյուր 5-ամյա շրջափուլում ավագ բուժաշխատողները պետք է ունենան 220 ՇՄԶ կրեդիտ, դեղագետները` 160 ՇՄԶ կրեդիտ, միջին բուժաշխատողները` 140 շարունակական մասնագիտական զարգացման /ՇՄԶ/ կրեդիտ, դեղագործները` 100 ՇՄԶ կրեդիտ: Լեռնային Ղարաբաղում նախատեսված չէր հավաստագրման ինստիտուտ եւ ԼՂ բուժաշխատողների համար չի գործել ՇՄԶ հավաստագիր ունենալու պահանջ: Այդ հանգամանքով պայմանավորված՝ վերջիններս այս պահին չունեն ՇՄԶ հավաստագիր:

Այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը՝ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 9-ի նիստում հարցն առաջին ընթերցմամբ ներկայացնելով քննարկման:

Ըստ նրա՝ Կառավարության հեղինակած ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է ՇՄԶ հավաստագիր ունենալու պահանջը չտարածել 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված միջին եւ ավագ բուժաշխատողների վրա՝ մինչեւ 2025 թվականի հունվարի 1-ը:

Լենա Նանուշյանի հավաստմամբ նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավագ եւ միջին բուժաշխատողներին հնարավորություն տալ շարունակելու մասնագիտական գործունեությունը՝ մինչեւ սահմանված ժամկետում ՇՄԶ հավաստագիր ստանալը:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը հետաքրքրվել է, թե քանի բուժաշխատող է դիմել հավաստագիր ստանալու, եւ թե որքան գումար է անհրաժեշտ վերապատրաստումների համար:

Ի պատասխան Լենա Նանուշյանը նշել է. «Այս պահի դրությամբ ամբողջությամբ անվճար վերապատրաստումների ենք ուղղորդում մեր բուժաշխատողներին: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 600-ից ավելի բուժաշխատողներ արդեն ուղեգրվել են կրթական հաստատություններ՝ անվճար վերապատրաստվելու:

Ըստ հիմնական զեկուցողի՝ նախարարությունն ունի 1200 տեղ եւ մինչեւ տարեվերջ կարող են ուղեգրել եւս 600 բուժաշխատողի:

Նշվել է, որ 90-ից ավելի հավաստագիր արդեն տրամադրվել է ԼՂ-ից բռնի տեղահանված բուժաշխատողների:

Լենա Նանուշյանը նաեւ տեղեկացրել է, որ մարզերի բուժհաստատություններում աշխատանքի անցնելու դեպքում վերջիններս կստանան ֆինանսական լրացուցիչ աջակցություն:

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը փաստել է, որ չափազանց կարեւոր նախագիծ է, որն ուղղված է մեր հայրենակիցների աշխատանքային կարիքներն օրենսդրորեն հոգալուն:

Հանձնաժողովի նախագահը ներկայացրել էր մի շարք առաջարկություններ, այդ թվում` օրենքի գործողության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ, որոնք ընդունվել են:

Նշենք, որ օրենքը տարածվելու է 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո ծագած հարաբերությունների վրա եւ գործելու է մինչեւ 2025 թվականի հունվարի 1-ը:

Հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել օրենսդրական նախաձեռնությանը: ԱԺ առաջիկա նիստում այն կքննարկվի 24-ժամյա ռեժիմով:

ՀՀ ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930