Լրահոս
Օրվա լրահոսը

12-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բռնի գործողությունների եւ սպանության մեջ մեղադրվողը հայտարարեց. «6-ամյա կրթություն ունեմ, հասցես չգիտեմ, հայերեն տառերին չեմ տիրապետում»

Նոյեմբեր 09,2023 14:19

Այս պահին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ Շենգավիթի նստավայրում ընթանում է Պեմզաշենում 31-ամյա կնոջ՝ Զարինե Մելիքսեթյանի եւ նրա երկու անչափահաս երեխաների՝ 8-ամյա Սարգիսի եւ 12-ամյա Կարինեի դաժան սպանության աղմկահարույց գործի դատավարությունը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ:

սպանված կնոջ ամուսինը՝ Սևակ Մելիքսեթյանը

Հիշեցնենք, որ գործը հարուցվել է 12 տարին չլրացած աղջիկ երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, ավազակություն կատարելու, քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից կտրող-ծակող կամ, կյանքից զրկելու, կամ առողջությանը վնաս պատճառելու համար գործիք պատրաստելու, ձեռք բերելու, պահելու, կրելու դեպքերի առթիվ:

Վրույր Բարսեղյան

Դատական նիստում ամբաստանյալ Վրույր Բարսեղյանն ասաց, որ 6-ամյա կրթություն ունի, խնամքին 3 երեխա՝ 6, 4 եւ 1 տարեկան: Երբ դատավորը հարցրեց՝ որտե՞ղ եք բնակվում, ձեր հասցեն կասե՞ք՝ նա պատասխանեց, որ Պեմզաշենում, բայց հասցես չգիտեմ: Դատավորը ինքը ասաց՝ Արթիկ համայնք, Պեմզաշեն բնակավայրի 7-րդ փողոց, 2-րդ նրբանցք, 4-րդ տուն:

Հասցեն ճշտելուց հետո դատավորը հարցրեց՝ մեղադրական եզրակացությունը ստացե՞լ է, դատարանի կողմից ուղարկված հուշագրերը իր իրավունքների եւ պարտականությունների վերաբերյալ, որոշումը ստացե՞լ է: 6-ամյա կրթությամբ ամբաստանյալի պատասխանն ուշագրավ էր. «Ստացել եմ, բայց չեմ կարդացել»: Թե ինչու չի կարդացել՝ պատասխանեց. «Հայերեն տառերին լավ չեմ տիրապետում»:

Դատավորը ճշտեց՝ թարգմանիչի կարիք ունե՞ք: Նա պատասխանեց, որ ոչ: Դատավորը զարմացավ. «Եթե թարգմանիչի կարիք չունեք, ասում եք՝ չեմ կարողանում կարդալ, տառերը չգիտե՞ք»: Վրույր Բարսեղյանը պատասխանեց. «Չէ, Ռուսաստանում եմ դպրոց գնացել»:

Արկադի Բարսեղյան

Մյուս ամբաստանյալը՝ Արկադի Բարսեղյանը խնամքին ուներ 5-ամյա երեխա եւ իր ծնողներին:

Դատական նիստում դատավորը նաեւ ճշտեց կողմերի դիրքորոշումը՝ հաշվի առնելով, որ գործի 20-25 վկաները Պեմզաշենից են՝ Շիրակի մարզից, չե՞ն ուզում դատավարությունը տեղափոխել Շիրակի մարզ: Արկադի Բարսեղյանը դեմ էր, հետեւաբար դատավարությունը կշարունակվի Երեւանում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930