Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վահան Կոստանյան․ «Մեզ համար սկզբունքային է՝ խաղաղության հնարավոր փաստաթղթի անկյունաքարը պետք է լինի երկու երկրների միջեւ սահմանագծի ամրագրումը»

Նոյեմբեր 09,2023 14:11

«Մեզ համար շարունակում է շատ սկզբունքային մնալ սահմանագծի հստակեցման հարցը եւ մենք կարծում ենք, որ հնարավոր փաստաթղթի անկյունաքարը պետք է լինի երկու երկրների միջեւ սահմանագծի ամրագրումը»,-այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը՝ պատասխանելով հարցին՝ խաղաղության պայմանագիր կնքելու համար արդյոք Բաքուն Հայաստանին պարտադրո՞ւմ է ութ գյուղերի վերադարձ, եւ որ կետերին է կողմ Բաքուն, որին՝ դեմ։

Փոխնախարարն ասաց, որ խաղաղության պայմանագրի կարեւոր հարցերից է նաեւ ապաշրջափակման գործընթացի չորս սկզբունքների արձանագրումը, որը ամրագրված է Գրանադայի հայտարարության մեջ, ինչպես նաեւ կարեւոր է լինելու վեճերի կարգավորման հստակ մեխանիզմի ստեղծումը․ «Սրանք այն հարցերն են, որոնց շուրջ դեռեւս պետք է երկու կողմերը մոտեցնեն իրենց դիրքորոշումները։ Ինչպես նախկինում էլ հայտարարվել է՝ Հայաստանը շարունակում է շահագրգռված լինել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման համաձայնագիր կնքելուն»։

Ինչ վերաբերում է գյուղերի վերադարձին, ապա Կոստանյանն ասաց՝ նման խնդիրները պետք է քննարկվեն դելիմիտացիայի հանձնաժողովներում։

Փաշինյան-Ալիեւ հնարավոր նոր հանդիպման մասին էլ փոխնախարարն ասաց, որ այդ ուղղությամբ միջնորդներն աշխատանքներ են կատարում։

Կոստանյանը վստահեցրեց, թե կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի Բաքվում կալանավորված մեր հայրենակիցներն օր առաջ վերադառնան Հայաստան։

Նա նշեց, որ մարդու իրավունքներին առնչվող միջազգային բոլոր հարթակներում ՀՀ-ն բարձրաձայնում է խնդրի մասին, ՄԻԵԴ-ում կան իրավական գործընթացներ․ «Ամբողջ գործիքակազմը, որը հասու է ԱԳՆ-ին, օգտագործում ենք, որ օր առաջ մեր բոլոր հայրենակիցները, այդ թվում՝ նախկին պաշտոնյաները, վերադառնան»։

Կոստանյանի խոսքով՝ հայկական կողմը հստակ արձանագրել է իր դիրքորոշումը՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած բռնի տեղահանումը նաեւ միջազգային հանրության անգործության հետեւանք է՝ սկսած Լաչինի միջանցքի արգելափակումից․ «Բայց մենք շարունակելու ենք աշխատանքները միջազգային գործընկերների հետ, որպեսզի տարածաշրջանում կայունությանն ու խաղաղությանն ուղղված հստակ քայլեր ձեռնարկեն ու անհրաժեշտության պարագայում ամբողջությամբ կիրառեն իրենց գործիքակազմը»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930