Նոյեմբերի 8-ին «Դվին մյուզիք հոլ»-ում կայացավ «Սիմֆոնիկ ռոք» խորագրով համերգը, որի ընթացքում հնչեցին ռոք խմբերի հայտնի ու սիրված մեղեդիներ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան)։
Ավելի քան 2 ժամ տեւած շքեղ համերգը ղեկավարում էր դիրիժոր Հարություն Արզումանյանը, մենակատարն էր՝ Վարդան Գաբոյանը: Վերջինս նվագում է փոփ երաժշտությունից մինչեւ ռոք, դասականից մինչեւ ջազ: Համերգի հատուկ հյուրն էր սիրված երգիչ Գոռ Սուջյանը:
Տարբեր համերգասրահներում հնչած «Սիմֆոնիկ ռոք» նախագիծը միշտ էլ ջերմորեն է ընդունվել ունկնդրի կողմից: Այս անգամ եւս նվագախումբը չհեռացավ, մինչեւ ունկնդրի խնդրանք-պահանջով 3 անգամ բիս չնվագեց: Rammstein-ի, Led Zeppelin-ի, Scorpions-ի, Beatles- ի, Pink Floyd- ի, Deep Purple -ի, Metallica-ի, Queen -ի հանրահայտ ու կրակոտ հիթերի մշակումները ներկայացվեցին բարձր վարպետությամբ:
Ընդհանրապես, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի բոլոր նախագծերն են յուրահատուկ եւ բարձրակարգ՝ Խաչատրյանական եւ «Արմենիա» այցեքարտային փառատոներից մինչեւ «Սիմֆոնիկ Հոլիվուդ», «Սիմֆոնիկ Մանսուրյան» ու «Սիմֆոնիկ ռոք»:Աշխարհի լավագույն համերգասրահներում հանդես եկած եւ մեր երկիրը լավագույնս ներկայացրած նվագախումբը միշտ էլ գտնվում է լավագույն «մարզավիճակում»՝ շնորհիվ մաեստրո Սմբատյանի ջանքերի, պահանջկոտության, ստեղծարարության եւ նախագծերում ներդրված սիրո:
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի բոլոր համերգաշրջաններում պարտադիր լինում են հանդիպումներ հայ եւ օտարազգի վիրտուոզ երաժիշտների հետ, գունեղ համերգներ, կրթամշակութային նախագծեր , ինչպես նաեւ հյուրախաղեր արտասահմանում։ 2023/2024թթ․ համերգաշրջանը եւս բացառություն չէ:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ