Լրահոս
Օրվա լրահոսը

Հստակեցվում են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի, մայրության նպաստի իրավունքի իրացման ընթացակարգերը

Նոյեմբեր 09,2023 12:38

Արցախից բռնի տեղահանվածները, ՀՀ-ում ժամանակավոր պաշտպանության կարգավիճակով պայմանավորված, ՀՀ-ում ունեն կենսաթոշակ եւ նպաստ ստանալու իրավունք։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Գործադիրն այսօրվա նիստում ընդունեց չզեկուցվող նախագիծ, որով հստակեցվում են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի, հաշմանդամության թոշակի եւ նպաստների իրավունքի որոշակ ընթացակարգեր։

«Նախագծերի փաթեթի նպատակը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի, մայրության նպաստի (չաշխատող անձին նշանակվող) իրավունքի իրացման ընթացակարգերի հստակեցումն է»,-նշված է նախագծի հիմնավորման մեջ։

ԼՂ-ից բռնի տեղահանված այն անձինք, ովքեր ԼՂ-ում ստացել էին կենսաթոշակի իրավունք, նոր ստեղծվող էլեկտրոնային հարթակում դիմում պետք է գրեն, ապա ինքնաշխատ տարբերակով նրանց կենսաթոշակի կամ նպաստի իրավունքը կընդունվի, հետեւաբար կստանան թոշակներն ու նպաստները։

Նրանք բոլորը, ինչպես վստահեցրեց նախարարը, պետք է ՀՀ-ում որեւէ հասցեում գրանցված լինեն․ «Չշփոթել հաշվառման կամ քաղաքացիության հետ»։

Բացի այս, նրանք կարող են դիմել միասնական սոցիալական ծառայության տարածքային գրասենյակներ՝ կենսաթոշակի, նպաստի իրավունք ստանալու համար։

Ըստ նախագծի՝ կառավարությանը վերապահվում է Լեռնային Ղարաբաղի տարածքում ձեռք բերած աշխատանքային ստաժը հաշվարկելու կանոնները սահմանելու լիազորությունը, որի շրջանակներում հնարավոր կլինի հստակեցնել արդեն նշանակված կենսաթոշակների, ինչպես նաեւ նոր նշանակվելիք կենսաթոշակների դեպքերում խնդրո առարկա ստաժը հաշվարկելու կանոնները։

Առաջարկվում է ՀՀ-ում կենսաթոշակ նշանակելիս աշխատանքային ստաժում հաշվառել Լեռնային Ղարաբաղի տարածքում մինչեւ 2023 թվականի սեպտեմբերի 19-ը ձեռք բերված աշխատանքային եւ այլ գործունեության, զինվորական ծառայության ժամանակահատվածները։ Սահմանվում է, որ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության, ոստիկանության, փրկարար ծառայության, ազգային անվտանգության ծառայության համակարգերում ծառայած անձը, քրեակատարողական ծառայողը եւ դատական ակտերի հարկադիր կատարողը ունեն զինվորական կենսաթոշակի իրավունք։

Նախագիծը համարվում է անհետաձգելի եւ սահմանված կարգով այն հնարավորինս արագ պետք է ներկայացվի Ազգային ժողով:

 

 Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930