Ս․թ․ սեպտեմբերի 19-ին ադրբեջանական ռազմական ագրեսիայի և դրան նախորդած ու հաջորդած ժամանակահատվածում Արցախի ինքնահռչակ իշխանությունների հանցավոր գործունեության արդյունքում հայ ժողովրդի լավագույն զավակների կյանքի և առողջության գնով վաստակած, Հայաստանի և Սփյուռքի մեր քույրերի և եղբայրների սոցիալ-տնտեսական և բարոյահոգեբանական մեծադիր ջանքերով փայփայած, Արցախի ժողովրդի ամենօրյա զրկանքներով կերտված Արցախի պետականությունը փոշիացվեց։ Այնինչ, եթե ոչ ինքնիշխան, ապա հայկական Արցախը ոչ միայն կայուն նախադրյալներ, այլև հեռանկար ուներ։
Բռնատեղահանվելուց և Հայաստանի Հանրապետությունում ապաստանելուց երկու շաբաթ անց «Միասնական հայրենիք» կուսակցությունը ձևակերպել և Ազգային ժողովի նախագահի պաշտոնակատարի միջոցով Արցախի խորհրդարանին է փոխանցել «Արցախի Հանրապետության ապօրինի լուծարման հետևանքների հաղթահարման շուրջ» օրակարգ, մասնավորապես առաջարկելով․
- Հրավիրել խորհրդակցություն Արցախի ժողովրդի ներկայացուցչական մարմնի՝ Ազգային ժողովի պատգամավորների և հասարակական-քաղաքական առաջնորդների մասնակցությամբ։
- ԱԺ-ի անունից դիմել ԱՀ Գերագույն դատարան՝ Հանրապետությունը լուծարելու վերաբերյալ ԱՀ նախագահի հրամանագրի և/կամ նույնաբովանդակ հայտարարության սահմանադրականության հարցով։
- ԱԺ որոշմամբ ձևավորել բռնատեղահանված և ՀՀ-ում ապաստանած արցախցիների հիմնախնդիրներով զբաղվող հատուկ ծրագրերի կոմիտե։
- Հատուկ ծրագրերի կոմիտեին օժտել ԼՂ կարգավիճակի և բռնատեղահանված բնակչության վերադարձի շուրջ միջազգային հանրության և Ադրբեջանի հետ բանակցելու իրավազորությամբ, դրա անհնարինության պարագայում՝ ՀՀ-ում վերաբնակեցման կազմակերպման իրավասությամբ։
Խորհրդարանականները, սակայն, չեն համաձայնել մասնակցել վերոնշյալ օրակարգով խորհրդակցության, որի պատճառների պարզումն ու հանրայնացումը լրագրողական համայնքի գործառույթն է։
Խորհրդարանական երկրորդ՝ «Միասնական հայրենիք» կուսակցությունը, վերահաստատելով Ազգային ժողովի, որպես միակ լեգիտիմ մարմնի պատասխանատվությունը, հայտարարում է, որ ԱԺ չորս քաղաքական ուժերը դիսկոմֆորտ են ապրում նրանից, որ ԱԺ նախագահին ֆորմալ առումով օրենքի ուժով փոխարինում է «Միասնական հայրենիք» խմբակցության ներկայացուցիչ Գագիկ Բաղունցը, ուստի մեդիանախապատրաստություն են իրականացնում նրան ցանկալի մեկով փոխարինելու համար։
Կարդացեք նաև
«Միասնական հայրենիք» կուսակցության դիրքորոշումն անփոփոխ է․ եթե կառավարություն, ապա բացառապես Արցախում, իսկ Արցախից դուրս՝ ժողովրդի կողմից ընտրված Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական կազմակերպությունների կողմից ընտրված մարմին՝ Արցախի ժողովրդի վերադարձի կամ վերաբնակեցման հարցերով զբաղվելու գործառույթով։
«Միասնական հայրենիք» կուսակցություն