Հարցազրույց Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ
– Պարոն Բեգլարյան, վարչապետի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն օրեր առաջ հայտարարեց, որ Արցախի պետական ինստիտուտների գործարկումը Հայաստանում կարող է դառնալ սպառնալիք մեր ազգային անվտանգությանը։ Սա կարող ենք համարել նաեւ ՀՀ իշխանությունների կարծիքը: Արդյո՞ք Արցախի ինստիտուտների պահպանումը Հայաստանի համար կարող է սպառնալիք լինել։
– Կարճ կարող եմ մեկնաբանել. այս հարցը Հայաստանի եւ Արցախի իշխանությունները պետք է նստեն՝ փակ, առանց աղմուկի քննարկեն, երկուստեք ընկալումները եւ նպատակները փոխադարձաբար պետք է հասկանան, ռիսկերը պետք է միասին քննարկեն եւ գտնեն այնպիսի օպտիմալ լուծում, որ Արցախի Հանրապետության պետական մարմինները շարունակեն գործել, որ էական որեւէ ռիսկ չառաջացնեն ՀՀ-ի համար: Ես տպավորություն ունեմ, որ այդ ռիսկերն ընկալումների մակարդակում են, քան թե իրական: Եվ, ընդհանրապես, կարելի է Արցախի Հանրապետության պետական մարմինների գործունեությունները ֆորմալ կազմակերպել Հայաստանում` առանց ՀՀ իշխանությունների աջակցության։ Հիմա այդ մարդիկ` փախստականները, իշխանության ներկայացուցիչները գտնվում են Հայաստանում, եւ իրենք ներկայանում են որպես Արցախի ժողովրդի իշխանություններ, անում են քաղաքական հայտարարություններ եւ այլն, եւ այլն։ Կարելի է այդպիսի մոդելն իրականացնել, մնացածը թող իրենք իրար հետ քննարկեն, բայց ես կարծում եմ՝ պետք է շատ հստակ այդ ռազմավարական նպատակը դնել, որ Արցախի Հանրապետության պետական մարմինները պետք է շարունակեն գործել։
– Մասնավորապես ո՞ր մարմինները պետք է գործեն Հայաստանում։
Կարդացեք նաև
– Ազգային ժողովը, նախագահականը, ֆորմալ կառավարություն, որի կառուցվածքը, կազմը կարող է, բնականաբար, էականորեն փոխվել եւ կրճատվել, եւ կառավարությունում` հատկապես արտաքին գործերի նախարարությունը, որովհետեւ վտարանդի կառավարության գլխավոր ուղղությունն արտաքին քաղաքական ուղղությունն է: Մնացած ուղղություններում ավել լծակ, ռեսուրս չկա էլ, որ իրենք աշխատեն` ո՛չ սոցիալական մասով, ո՛չ կրթական, ո՛չ առողջապահական, ո՛չ անվտանգային, ո՛չ ներքին գործերի նախարարություն եւ այլն։ Իհարկե, ձեւական կարելի է որոշ կարգավիճակներ պահել, բայց հիմնական ծանրությունը պետք է ընկած լինի արտաքին գործերի նախարարության վրա։
Կարեն ՔԵՐԻՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: