Խնդիրը «Խաղաղության խաչմերուկի» հայտարարվող նպատակները չեն․ թղթի վրա դրանք գեղեցիկ են հնչում, ապահովելու են տարածաշրջանի բոլոր ժողովուրդների երջանիկ ու կուշտ կյանքը։ Խնդիրն այդ ծրագրի իրատեսականությունն է ոչ միայն ու ոչ այնքան՝ տեխնիկական լուծումների, որքան՝ դրանում ենթադրաբար ներգրավվելիք երկրների քաղաքական շահերի իմաստով: Իսկ այդ հարթությունում պատկերն այնքան լուսավոր չէ, որքան «Խաղաղության խաչմերուկի» փաշինյանական շնորհանդեսը։ Տարածաշրջանի երկրներից առնվազն երկուսը՝ Թուրքիան ու Ադրբեջանը, ցանկանում են համանման կոմունիկացիոն նախագիծ իրականացնել և արդեն իսկ այդ ուղղությամբ գործնական քայլեր են ձեռնարկում, այն տարբերությամբ, որ նրանց նախագծում Հայաստանը չկա։
Իրանը, որ ընդհանուր առմամբ կարող է շահագրգիռ լինել այդ նախագծի հայկական տարբերակով, սկզբունքորեն դեմ չէ նաև ադրբեջանաթուրքական մոդելին, ինչը, որոշակի տարբերություններով, կարելի է ասել նաև տարածաշրջանային մյուս խոշոր խաղացողի՝ Ռուսաստանի համար։ Եվ, ամենակարևորը, Նիկոլ Փաշինյանն այս նախագծի իրականացումը պատկերացնում է արևմտյան հովանու ներքո, ինչը կրկնակի խոցելի է դարձնում դրա շահեկանությունը Հայաստանի համար։
Ամեն առիթով «տարածաշրջանայնացման» մասին խոսող Նիկոլ Փաշինյանը ցանկանում է իրականացնել տարածաշրջանային այնպիսի մեգանախագիծ, որը սկզբունքորեն դեմ է ռեգիոնի երկու խոշոր խաղացողների շահերին, և որը, անգամ իրականանալու դեպքում, կարող է կայանալ միայն Հայաստանի փաստացի թշնամիներին բավարարող պայմաններով։
Այս գործոններով պայմանավորված, «Խաղաղության խաչմերուկն» իրականում մեգախաբեություն է, որը նման է վերջացած խաղամոլի կողմից իր վերջին կարողությունը խաղադրույք կատարելու արկածախնդրությանը, որը հիմնված է խաղատան սեփականատերերի մրցակիցներից ակնկալվող ենթադրյալ օգնության հաշվարկի վրա։
Կարդացեք նաև
Հարություն ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այսօրվա համարում։