Մարդը կարող է լինել թատերական գործիչ, կարող է լինել ռեժիսոր, կարող է լինել անգամ «ժողովրդական արտիստ» կամ կոչվել այդպես, բայց լրագրողի պարզ հարցին՝ իսկ Արցախի հետ կապված իրադարձությունների մասին ի՞նչ կասեք, պատասխանել. «Այ մարդ, ես ի՞նչ գործ ունեմ Արցախի հետ, է: Ինձ հետ գործ չունեք»: Մարդը, հասկանո՞ւմ եք, զբաղված է, ներկայացումներ է բեմադրում, հորդորում է, որ ո՛չ իր հետ «գործ ունենան», ո՛չ էլ ինքն է ցանկանում որևէ բանի հետ «գործ ունենալ», առավել ևս՝ Արցախի, քաղբանտարկյալների առկայության (դա է եղել նրան դիմելու առիթը), էլ չենք ասում՝ ֆեյսբուքներում բան-ման գրելու համար մարդկանց հետապնդելու մասին: Ճիշտ հասկանանք իրար: Հարցն ամենևին էլ կոնկրետ անձնավորությունը՝ Նիկոլայ Ծատուրյանը չէ: Չնայած, որոշակի առումով, դա էլ է հարց, բայց այնպես՝ հպանցիկ:
Մարդը բեմադրություն է անում: Մյուսը, միգուցե՝ բետոն կամ սվաղ: Երրորդը՝ «տաքսավատ», չորրորդն ընդհանրապես քար է տաշում կամ փայտ, հինգերորդն ուղղակի նստած է բակային զրուցատաղավարում, «բլոտ» է խաղում և աչքի տակով հետևում հարևանների ու նրանց տնեցիների առօրյա անցուդարձին: Ափսոս միայն, որ գործընկերս չի հասցրել հարցնի, որ եթե ոչ մի բանի հետ «ոչ մի գործ» չունեք, հապա էլ ո՞ւմ համար է քո պատրաստած բեմադրությունը: Ո՞ւմ համար է քո տաշած քարը, արած բետոնը, կառուցած շենքը, փորագրած փայտը: «Բլոտիստներին» անիմաստ է որևէ բան հարցնել, նրանց համար հորիզոնները կապույտ-կապո՜ւյտ են… Ու, վստահաբար, մեզանից շատերն են կյանքում, ու՝ ոչ մեկ անգամ, հանդիպել կերպարների, որոնք, տեսնելով, որ մարդն ուղղակիորեն իր անձին կամ անձնական շահին չվերաբերող, այլ երկրին, ժողովրդին, հասարակությանը վերաբերող խնդրով է զբաղվում, հարց է բարձրացնում կամ, առավել ևս, փորջում է լուծել, գալիս են ու «մեծավարի», իբր իրենք շա՜տ ավելին գիտեն, շա՜տ մեծ կենսափորձով են ծանրաբեռնված, ծոր են տալիս, թե՝ «բա քեզ պետք ա՜…»:
Հայրենազրկվել ենք: Արցախազրկվել ենք: Թշնամին մեր բնօրրանում է, մեզ է ծաղրում ու նվաստացնում, բայց այս կողմում լռություն է: Երևի ամեն մեկը, գլուխը կախ, իր «բեմադրությունն» է պատրաստում, իր քարն է տաշում՝ բա մեզ պե՞տք է….
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։