Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Աբրահամյանը վստահ է՝ ե՛ւ տարածքային կորուստների, ե՛ւ զոհերի վերաբերյալ պաշտոնական թվերը սուտ են. «Հրապարակ»

Նոյեմբեր 09,2023 10:15

ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը վստահ է՝ ե՛ւ տարածքային կորուստների, ե՛ւ զոհերի վերաբերյալ պաշտոնական թվերը սուտ են, «իշխանությունների հակասական տեղեկությունները կասկածի տեղիք են տալիս»։ «44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը տարբեր մասշտաբի գործողություններ է վարել Արցախի եւ Հայաստանի ուղղությամբ։ Ամենալայնամասշտաբ ագրեսիան տեղի ունեցավ 2022թ․ սեպտեմբերին, մինչ այդ 2 տեղային հարձակումներ եղան մայիսին եւ նոյեմբերին՝ մի քանի մարզերի ուղղությամբ։ Ունեցել ենք ոչ միայն զոհեր, այլեւ գերեվարված զինծառայողներ։ 44-օրյա պատերազմից հետո Արցախի վրա առաջին մեծ էսկալացիան եղավ 2021թ․ մարտի վերջ, ապրիլի սկիզբ՝ Փառուխի ուղղությամբ։ Հայկական կողմը կրեց մարդկային եւ տարածքային կորուստներ։ Ադրբեջանական հաջորդ հարձակումը տեղի ունեցավ 2021թ․ օգոստոսին, երբ քննարկվում էր Բերձորի ճանապարհի հարցը։ Հետագայում Ադրբեջանը հարձակվել է 2022թ․ մարտին, երբ 3 ոստիկաններ զոհվեցին։ Փաստացի մինչեւ 2023թ․ սեպտեմբերը Ադրբեջանը տարբեր մասշտաբի գործողություններ է վարել ե՛ւ Արցախի, ե՛ւ Հայաստանի ուղղությամբ։ Այսօր Արցախն ամբողջությամբ Ադրբեջանի ձեռքում է, եւ դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Արցախն Ադրբեջանի տարածքային ամբողջականություն»,- ասաց պատգամավորը։

Աբրահամյանը շեշտում է՝ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը բնավ կապ չունի խաղաղության հետ։ «Շատ ավելի դիպուկ կլիներ այդ փաստաթուղթն անվանել Հայաստանի հանձնման եւ զիջողականության մասին փաստաթուղթ։ Հետպատերազմյան տարիների ընթացքում Հայաստանի մեծ թվով տարածքներ, ստրատեգիական բարձունքներ հայտնվեցին Ադրբեջանի վերահսկողության տակ»,- հիշեցրեց նա։

44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական կողմը փաստացի խախտել է նոյեմբերի 9-ի փաստաթղթում ամրագրված բոլոր 9 կետերը, այդ թվում՝ ռազմագերիների եւ այլ ձերբակալված անձանց ու զոհվածների դիակների հանձնման մասին: Չնայած դրան, Փաշինյանը շարունակում է միակողմանի կատարել այդ հայտարարության կետերը։ Ինչ վերաբերում է կոմունիկացիաների ապաշրջափակմանը, ապա իշխանությունը դա ծրագրում է իրականացնել «Խաղաղության պայմանագրի» ստորագրումից հետո, որով կապահովվի «տրանսպորտային հաղորդակցությունն Ադրբեջանի Հանրապետության արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ»։

Սակայն մի բան պարզ է, որ Ադրբեջանին չբավարարեցին ո՛չ 20 թվականի պատերազմով ունեցած ձեռքբերումները, ո՛չ հետագայում զենքի ուժով եւ միջազգային իրավունքի բոլոր նորմերի խախտմամբ ձեռքբերվածը, ո՛չ էլ անգամ Արցախի հայաթափումն ու Նիկոլ Փաշինյանի առաջարկած` Հայաստանի տարածքով ազատորեն երթեւեկելու առաջարկները: Նա շարունակում է նորանոր պահանջներ առաջ քաշել: Մի դեպքում դա «Զանգեզուրի միջանցքն» է, մյուս անգամ` անկլավները, հետո` էկոլոգիական հորինված պահանջները, ապա` ՀԽՍՀ-ում բնակված ադրբեջանցիների վերադարձը եւ այլն: Ադեկվատությունը կորցրած Ալիեւի եւ նրա ավագ եղբոր` Թուրքիայի ախորժակը գնալով մեծանում է` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ հայ հասարակության զիջումներին ու վախերին ուղիղ համեմատական: Եվ պարզ չէ, թե որտեղ են կանգնելու թուրք-ադրբեջանական պահանջները, եւ որ պահին է ՀՀ իշխանությունը հաղթահարելու այս կենդանական վախն ագրեսորից:

Լիա ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930