Լրահոս
Օրվա լրահոսը

Զինուորի հօր շարունակական տառապանքը

Նոյեմբեր 09,2023 12:30

Ռուբէն Գրիգորեանի «Իմ որդին գնում է պատերազմ» պատմուածքի շուրջ

Արցախեան պատերազմը մտաւ մեր հայրենիք՝ շփոթ բերելով իւրաքանչիւրիս խաղաղ թուացող տներում, փոխելով հոգեբանութիւն, այլ բառով՝ ներքին խաղաղութիւնը տակնուվրայ անելով։ Դանդաղ, բայց ըստ էութեան հիմնաւորապէս այն շարունակում է իր պարտադրած թեմատիկան նաեւ մեր գրականութեան տարածքներում։

Մոսկուայում ապրող Ռուբէն Գրիգորեանը իր գրչի հատուածներում ռազմի ծանրագոյն դրուագներին ականատեսի պէս վարժուելու եւ ընթերցողին վարժեցնելու փոխարէն բերում է հոգեբանական ներգործութեան առաւելապէս երկսայր խնդիրը, որը անտեսւում էր յաճախ պատերազմական թեմատիկայում, քանի որ աւելի տպաւորիչ էին թւում զանգուածային տեսարանները, հերոսագործութեան պատկերումները։ Չէ՞ որ, ինչպէս հեղինակն է գրում, «Մենք գնում էինք եւ ամէն տեղ մարտնչում։ Միանալով ուրիշ ջոկատների, մեծացնելով մեր ուժերը՝ շատ անգամ ետ էինք շպրտում թշնամուն։ Մեր յոյսերը մեծանում էին, …մենք կը յաղթենք»։

Մենք սովոր ենք գրականութեան մէջ հայրենասիրութեան յորդումին, երկրի հաւաքական պաշտպանութեան արդար ընկալման փորձին, յաղթանակի անայլայլ տրամաբանութեանը։ Ուրիշ է, սակայն, գործողութիւնների մատուցման սիւժետային գիծն այստեղ, պատմուածքից վիպակի ժանրային սահմանները հատող «Իմ որդին գնում է պատերազմ» գրքոյկում, ճիշդ է, կան կռուի արձագանգներ, սակայն պատերազմի գուժկան ձայնը իր տեղը զիջել է փոքրիշատէ «հեռաւորի» արձագանգին, հոգեբանական անցումներին, այսպէս կոչուած՝ վերլուծական մեկնիչ վերհանումներին։

Առաջին պլան բարձրանում է սերունդների՝ հայրերի ու որդիների փոխյարաբերութեան քննութիւնը, աւելի ճշգրիտ՝ պատասխանատուութիւնն ու նրա հաւաքական ճանաչումի երկուութիւնը, բայց անպայմանօրէն հոգեբանական խաղարկումի ծիլով։ Այնուհանդերձ, հասցրել ենք նկատել, որ հեռուից է բացւում պատերազմի սարսափելի պատկերը, դրա կողքին՝ խորն է մեր գիւղերի ու նրա մարդկանց նկարագիրը առարկայական մատուցման ջիղով: Առաւելապէս կնոջ գեղեցկութիւնը տրւում է անհուն ջերմութեան միջից։ Զինուորները հազիւ են հերոսին հանում տառապանքի թմբիրից, դժբախտ այն տնից, ուր երբեմնի սէր կար, ուր անցեալի երանելի պատմութիւնը բաժանում է կեանքը մահից, ուր անցեալը յուշ է, հաւաքական խաղաղութիւն։ Ներկան յաղթանակի, յաղթելու անմնացորդ յոյսն է։

Բայց ինձ այս գործում գրաւել է պատերազմի փիլիսոփայական գնահատութեան ոչ ստանդարտ արժեւորումը. այն, ընդգծել է հեղինակը, «վերջին հաշուով ապրելու, այսինքն՝ կեանքի իրաւունքի համար է»։ Արտայայտութիւնը բարձրացնում է  անհատի ընտրութեան կամային վճիռը. որդին՝ ինքնուրոյն, հայրը՝ նոյնչափ: Որդու կորստից յետոյ, թւում է, հայրը կորցրել էր հետաքրքրութիւնն ամէն ինչի, բայց առաջին հերթին՝ կեանքի նկատմամբ։ Գուցէ դա գալիս էր նրանից, որ գիտակցում էր հաւաքական պաշտպանութեան անհրաժեշտութիւնը։ Սակայն կար ցաւալի աւանդական «բայցի» նկատառումը. «Ոչ բոլորը գնացին կռուելու, իսկ մեր ողջ ժողովուրդը ոտքի չկանգնեց ընդդէմ թշնամու»։

Միասնութեան այս պակասը ցաւով է որսում կռուի դաշտում զոհուած հերոսի հայրը, որին, որդի կորցնելուց յետոյ, մտատանջում են ժողովրդի միասնութեան, նաեւ ընտանիքի, կնոջ հետ մարդու ներքին առընչութիւնները. «Չկան մեր որդիները։ Այո՛, մեր հայրենի հողի գինը շատ բարձր է, եւ հիմա մենք վճարել ենք այդ գինը, միեւնոյն է, չկան մեր հողերը, եւ չկան մեր որդիները…։ Այս անգամ այս հողերի գինը շատ աւելի թանկ էր»։

Յիրաւի, ինչ արժէք ունի այն ազգի վաղուայ օրը, որը այսօր չի կարողանում պաշտպանել ամենաթանկը՝ իր գլխաւոր ժառանգութիւնը, իր գեները։ Սա գլխաւոր հարցադրումն է, որին հասել են պատմուածքի մէջ կորուստն ամէն օր վերապրող հայրը ու նրա վշտի առաջ խոնարհուած հեղինակը։

Սուրէն ԴԱՆԻԷԼԵԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.11.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930