Լրահոս
Օրվա լրահոսը

Սանկտ Պետերբուրգի հայերը՝ կայսերական բանակի հայազգի գեներալներից մինչեւ Ռուսական կայսրության լուսավորության նախարար

Նոյեմբեր 09,2023 13:00

Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի օրհնությամբ եւ աջակցությամբ լույս է տեսել «Հավատամք» թերթի խմբագիր, գրող, թարգմանիչ Արմեն Մերուժանյանի հերթական գիրքը՝ «Հայ համայնքը պատկերներով եւ դեմքերով. քաղաքի հիմնադրումից մինչեւ քսաներորդ դարի 30-ական թթ.» («Армянская община в картинах и лицах. От основания города до 30-х годов ХХ века») վերնագրով: «Առավոտն» այդ առիթով զրուցել է հեղինակի հետ:

– Ո՞րն է «Հայ համայնքը պատկերներով եւ դեմքերով. քաղաքի հիմնադրումից մինչեւ քսաներորդ դարի 30-ական թթ.» աշխատության առանձնահատկությունը:

– Ինձ բախտ է վիճակվել լինել Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքի մասին առաջին գրքի հեղինակը: Նյութերը հավաքվել էին դեռեւս 90-ականների կեսերից, սակայն այդ ժամանակ ամբողջությամբ զբաղված էի այլ թեմայով, ինչի արդյունքում ծնվեց «Հայաստանը պատմական պատկերներում, ավանդույթներում եւ լեգենդներում» գիրքը: Եվ միայն տեւական ընդմիջումից հետո, զգալով, որ համայնքի պատմության մասին այս գիրքն արդեն հասունացել է իմ մեջ, սկսեցի գրել, ինչը տեւեց շուրջ 8 տարի, քանի որ գիրքը համալրվում էր նոր նյութերով եւ մոտեցումներով: Գրքի նախաբանի հեղինակ, ռոստովցի գիտնական Սերգեյ Սայադովը իմ գիրքը գիտական է համարում, սակայն ես համամիտ չեմ նրա հետ: Իհարկե, լիովին պահպանել եմ գիտական եւ պատմական ճշգրտությունը, բայց հարցը մեթոդաբանական մոտեցման մեջ է: Ինձ չի հետաքրքրում պատմական իրադարձությունների բծախնդիր վերլուծությունը, ես պարզապես պատմիչ եմ եւ իմ աշխատանքը դասում եմ գիտահանրամատչելի ժանրին: Եթե խոսենք գրքի առանձնահատկությունների մասին, ապա կընդգծեմ, որ իմ բոլոր գրքերի առանձնահատկությունը հետեւյալն է՝ ես կտրականապես խուսափում եմ իմ ժողովրդի հասցեին գովեստի խոսքերից, թող ընթերցողն ինքն իր եզրակացությունն անի, սա շատ ավելի արժեքավոր է, քան հեղինակի ամպագոռգոռ խոսքերը:

– Աղբյուրների հետ աշխատելիս ինչ բացահայտումներ եք արել ու ինչ հետաքրքիր փաստերի առնչվել, որոնք մինչ այդ հրապարակված չէին կամ քիչ հայտնի էին:

– Արխիվային նյութերի հետ աշխատելը միշտ հղի է բազմաթիվ անակնկալներով։ Եվ ոչ միայն արխիվային նյութերի: Ես փնտրել-գտել եմ իմ հերոսների ժառանգներին, նամակագրության մեջ եղել նրանց հետ, նրանց ընտանեկան արխիվներից ինչ-ինչ փաստաթղթեր եմ ստացել։ Նման նյութերն, անշուշտ, մեծապես հարստացրել են գիրքս եւ այն դարձրել ավելի կենդանի:

– Հատկապես ի՞նչ տպավորիչ դրվագներ կառանձնացնեք Պետերբուրգի հայ համայնքի վերաբերյալ:

– Առանց չափազանցության կարող եմ ասել, որ Սանկտ Պետերբուրգի հայերն ամենանշանակալից ներդրումն են ունեցել Ռուսաստանի տնտեսության, գիտության եւ մշակույթի մեջ։ Իսկ քսաներորդ դարասկզբին, Հայաստանի խորհրդայնացումից հետո, դա շատ բարենպաստ ազդեցություն է ունեցել մեր հանրապետության ճակատագրի վրա, քանի որ բազմաթիվ մասնագետներ հայրենիքի կանչով վերադարձել են Երեւան՝ նվիրվելու ավերված երկրի վերելքին։ Եթե գնանք ավելի վաղ ժամանակներ, անդրադառնանք, օրինակ, ռազմական ոլորտին, ապա կտեսնենք, որ 1839-1845 թթ. Սանկտ Պետերբուրգի կադետական կորպուսներում սովորել են 12-20 տարեկան 33 հայ երիտասարդներ։ Նրանցից 12-ը դարձել են կայսերական բանակի գեներալներ։ Պատկերացնո՞ւմ եք 33-ից՝ 12-ը։ Ընդհանուր առմամբ, կայսրության ողջ պատմության ընթացքում հայազգի առնվազն 125 գեներալ այս կամ այն կերպ կապված է եղել Սանկտ Պետերբուրգի հետ։ Իսկ ռուսական բանակի առաջին հայ գեներալներն են եղել Լազար Խրիստոֆորովը (Ախիջանենց Աղազար դի Խաչիկը), ում մասին Րաֆֆին գրում է «Խամսայի մելիքությունները» գրքում, եւ Դավիթ-Բեկի զինակից իշխան Իվան Յուզբաշեւը (Ավան Յուզբաշի Մելիք Եգան)՝ մեկը ազգային-ազատագրական պայքարի ղեկավարներից։ Նրանք երկուսն էլ՝ Խրիստոֆորովը եւ Յուզբաշեւը, գեներալի կոչումներ են ստացել գեներալներ Լեւաշեւի եւ Հեսսեն-Համբուրգսկու առաջարկով՝ 1734 թվականի դեկտեմբերի 9-ին՝ «Ռուսաստանին իրենց ծառայության եւ հավատարմության համար»։

Խրիստոֆորովը Կասպից ծովի արեւմտյան ափին գործող հայկական ջոկատները ռուսական կորպուսի կազմում մեկ էսկադրոնի մեջ միավորելու նախաձեռնողներից էր։ Փայլուն սպա, որը կարեւոր դեր է խաղացել Պետրոս Առաջինի երկու պարսկական արշավանքներում, նա 26 տարի շարունակ ղեկավարել է 600-700 ձիավորներից բաղկացած կազմավորումը, որը ինքն է ձեւավորել Սուրբ Խաչ ամրոցում՝ ծախսելով լուրջ գումարներ: Կայսրուհի Աննա Իոանովնան չմոռացավ գնդապետ Խրիստոֆորովի ծառայությունները, ով ամեն կերպ նպաստեց Ռուսաստանի առաջխաղացմանը դեպի արեւելք, եւ 1734 թվականին նրան՝ իր ընտանիքով հանդերձ, հրավիրեց Սանկտ Պետերբուրգ՝ գեներալ-մայորի կոչման համար։ Խրիստոֆորովը խնդրեց «մայր կայսրուհուն» իրեն ծառայության նշանակել Աստրախանում կամ Կիզլյարում: Ի վերջո, Խրիստոֆորովի զորամիավորումը տեղափոխվեց Կիզլյար՝ պաշտպանելու Ռուսական կայսրության հարավային ծայրամասերը։ Այստեղ էլ՝ սեփական կալվածքում, գեներալն ավարտեց իր երկրային կյանքը։

– Կարո՞ղ եք ներկայացնել առավել հետաքրքիր անձանց։

– Նրանք այնքան շատ են, որ թվարկելը կարող է վերածվել սովորական անվանականչի: Բայց, իհարկե, որոշ անուններ կնշեմ: Դա առաջին հերթին Լազարեւների եւ Աբամելեք-Լազարեւների տոհմն է, որը ղեկավարել է համայնքը մեկուկես դար։ Ժամերով կարելի է խոսել այս տոհմի յուրաքանչյուր ներկայացուցչի մասին։ Հաջորդը Գրիգոր Խալդարյանն է՝ Ռուսաստանում հայկական գրահրատարակչության հիմնադիրը։ Գեներալ Դմիտրի Ախշարումովը, որը Հայրենական պատերազմի առաջին պատմաբանն է։ Իշխանուհի Աննա Աբամելեկը, որը համարվում է ռուսական պոեզիայի եվրոպական լեզուներով ու եվրոպացի բանաստեղծներին ռուսերեն թարգմանողներից մեկը: Սանկտ Պետերբուրգի հայագիտական դպրոցի հիմնադիրը Քերովբե Պատկանյանն է, Կոմս Իվան Դելյանովը եղել է Ռուսական կայսրության լուսավորության նախարարը: Ռուսաստանի Սահմանադրության առաջին նախագծի հեղինակը, կայսրության ներքին գործերի նախարարը եղել է կոմս Միքայել Լորիս-Մելիքովը։ Սուրբ Կատարինե եկեղեցու երգչախումբը տարբեր ժամանակներում ղեկավարել են Մակար Եկմալյանը եւ Ռոմանոս Մելիքյանը։ Մեր մայրաքաղաքի շինարարը եղել է Ալեքսանդր Թամանյանը եւ նրա համախոհ Նիկողայոս Բունիաթյանը..

– Ձեր գրքում գլուխ կա՝ «Շենքերն են խոսում»: Խնդրում եմ մի փոքր ներկայացնեք այդ բաժինը:

– Խոսքը Սուրբ Կատարինե եկեղեցին շրջապատող ճարտարապետական համալիրի մասին է: Շինությունները, նաեւ ինչպես եկեղեցին, կառուցվել են Լազարեւ (Եղիազարյան) ընտանիքի ջանքերով։ Համայնքի ղեկավար, կոմս Իվան Լազարեւիչ Լազարեւի կամքի համաձայն, տոհմի 4-րդ սերնդից հետո շինությունների ամբողջ համալիրն անցել է հայոց հոգեւոր իշխանության իրավասության ներքո, ինչը տեղի է ունեցել տոհմի վերջին ներկայացուցչի՝ կոմս Սեմյոն Սեմենովիչ Աբամելեկ-Լազարեւի օրոք: 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո այդ շինությունները պետականացվեցին։ Անցյալ դարի 90-ականներին տեղի հայերի հոգեւոր հովիվ Եզրաս վարդապետի ջանքերով (այժմ՝ արքեպիսկոպոսի կոչումով նա գլխավորում է Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմը) որոշ տարածքներ վերադարձվեցին հայկական եկեղեցուն:

– Ո՞ր ժամանակահատվածով է ավարտվում գիրքը։

– Անցյալ դարի 30-ականների սկզբով, երբ եկեղեցիները փակվեցին, վերջին քահանաները ձերբակալվեցին կամ գնդակահարվեցին, իսկ գերեզմանները պղծվեցին։ Բարեբախտաբար, այդ օրերին կային մարդիկ, որոնք հասկանում էին պատմական գերեզմանների արժեքը։ 1932 թվականին Ն. Վ. Ուսպենսկին ստեղծեց «Некрополь» թանգարանը։ Նա սկսեց Սուրբ Հարություն եկեղեցուց եւ հայկական գերեզմանոցից, որտեղից հանեց ամենաարժեքավոր հուշարձանները՝ փրկելով դրանք վանդալներից, որոնք արշավ էին սկսել հնագույն գերեզմանոցների լուծարման համար։ Ուսպենսկին թանգարանը ստեղծել է դժվարին ժամանակաշրջանում, երբ ավերվել էին եկեղեցիները, իսկ հոգեւոր իրերը, ներառյալ հուղարկավորության պարագաները, ոչնչացվել: Սանկտ Պետերբուրգի տեղացի պատմաբաններից տեղեկացել եմ, թե ինչպես է Ուսպենսկին, ամեն անգամ իմանալով ինչ-որ գերեզմանատան «մաքրման» մասին, կամավորների հետ շտապել այնտեղ եւ հանել այն ամենը, ինչ հնարավոր էր։ Գիտե՞ք, թե ինչու են հայկական գերեզմանոցում այդքան շատ տապալված խաչերով հուշարձաններ։ Չեք հավատա: Պարզվում է՝ դրանցից մի քանիսը հենց իր՝ Ուսպենսկու ձեռքի գործն է։ Այո, այո, դա արվել է միտումնավոր, որպեսզի նոր իշխանության ներկայացուցիչները, որոնք ատում են քրիստոնեական խորհրդանիշները, հանդարտվեն՝ տեսնելով ջարդված խաչերը եւ գոնե չդիպչեն տապանաքարերին։

– Կա՞ ինչ-որ բան, որ դուրս է մնացել գրքից եւ պատրաստվում եք առանձին հատորով հրատարակել:

– Շատ տեղին հարց է: Ներքուստ ինձ նախապատրաստում եմ երկրորդ հատորի վրա աշխատելուն, որտեղ խոսելու եմ համայնքի վերածննդի եւ նրա այսօրվա կյանքի մասին՝ թե՛ եկեղեցիների, թե՛ անշարժ գույքի մի մասի վերադարձի, հայրենասիրական հզոր ալիքի մասին, որը ոտքի է կանգնեցրել Սանկտ Պետերբուրգի մեր հայրենակիցներին եւ համախմբել նրանց տաճարի շուրջ:

Զրուցեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
08.11.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930