Լրահոս
Օրվա լրահոսը

Գիտնականը, որի շնորհիվ մենք այսօր կարող ենք դեմքով ճանաչել Հայկական լեռնաշխարհում հազարամյակներ առաջ ապրած բնիկներին և ոչ միայն

Նոյեմբեր 09,2023 09:30

Գավառի պետական համալսարանի Վարշամ Ավետյանի անվան պատմագիտության թանգարանում ուշադրությունս գրավում է «Սևանի ավազանի գեղեցկուհու» դիմաքանդակը, որն անվանի վիրաբույժ, մարդաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Անդրանիկ Ճաղարյանի կողմից կատարված վերակազմություններից մեկի կրկնօրինակն է։

Անդրանիկ Ճաղարյանի մասին ավելին իմանալով՝ ակամայից հիշում եմ Վարազդատ Կազանջյանին, որի նորարարական մոտեցումները խթան հանդիսացան պլաստիկ վիրաբուժության զարգացման և կատարելագործման համար։ Կարծում եմ՝ այս երկու գիտնականները միասին հրաշքներ կարող էին գործել․․․

Անդրանիկ Ջումշուդի Ճաղարյանն Արցախի Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղից է, ծնվել է 1916թ․, մահկանացուն կնքել 1985-ին՝ Երևանում։

1938 թ․-ին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը։ Մասնակցել Հայրենական մեծ պատերազմին։ Ի դեպ, ևս մեկ հետաքրքիր զուգադիպություն, Վարազդատ Կազանջյանն էլ մասնակցել էր Առաջին համաշխարհային պատերազմին՝ վերականգնելով զինվորների՝ պատերազմի ժամանակ ձևախեղված բազմաթիվ դեմքեր։

Անդրանիկ Ճաղարյանը մեծ ներդրում է ունեցել Սրտաբանության և սրտային վիրաբուժության ինստիտուտի կայացման գործում։ 1957-1960 թթ․ զբաղեցրել է նույն ինստիտուտի սրտային վիրաբուժության բաժանմունքի վարիչի պաշտոնը, 1958 թ․ կատարել է սրտի արատի առաջին վիրահատությունը Խորհրդային Հայաստանում։ Նրա ուսումնասիրությունները նվիրված են սրտի արատների վիրաբուժությանը, աորտայի բնածին արատներին, սրտի պսակաձև անոթների անբավարարության հարցերին։ Օժտված լինելով նկարչական արտակարգ ձիրքով՝ իր գրքերի բոլոր գունավոր ատլասները ստեղծել է նա։

1970 թ․-ն Անդրանիկ Ճաղարյանը ՀԽՍՀ ԳԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտին կից հիմնել է մարդաբանության լաբորատորիա։

Հայ գիտական մտքի զարգացման մեջ տաղանդավոր այս գիտնականի կարևորագույն ներդրումներից մեկը մարդու դեմքի պլաստիկ վերականգնման մեթոդի մշակումն էր։ Նա այն բացառիկ գիտնականներից մեկն էր, որին հաջողվեց պլաստիկ անատոմիայի նորագույն մեթոդների գործադրմամբ գանգի բեկորների հիման վրա վերարտադրել մարդու դեմքի եռաչափ պատկերը:

Հայկական լեռնաշխարհում ապրած արմենոիդների իրական արտաքինի մասին մենք պատկերացում կարող ենք կազմել հենց նրա շնորհիվ, և ոչ միայն․․․

1971 թ․-ին Անդրանիկ Ճաղարյանին հաջողվում է վերականգնել Պետրոս Դուրյանի դիմապատկերը՝ սերունդներին հնարավորություն ընձեռելով տեսնելու գեթ մեկ լուսանկար չունեցած 20-ամյա վաղամեռիկ հանճարի իրական պատկերը։ Ճաղարյանն այդ նշանավոր իրադարձության մասին գրել է. «1970 թվականի մայիսն էր… Թանգարանի (Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան՝ խմբ․) տնօրեն, արվեստի վաստակավոր գործիչ Ս. Մելիքսեթյանը գուրգուրոտ հոգածությամբ ինձ հանձնեց փայտյա մի փոքրիկ տուփ, որի մեջ ամփոփված էին խունացած ոսկորներ և մի բուռ հող. «Պետրոս Դուրյանի գանգի բեկորներն են, փորձենք վերականգնել բանաստեղծի դեմքը»: Վերականգնել Դուրյանի դեմքը… Ընդունե՞լ առաջարկը, թե՞ մերժել: Իմ գիտական կյանքում հուզումներ շատ եմ ունեցել, բայց խոստովանում եմ, որ այն, ինչ համակեց ինձ այդ պահին, անկարելի է բառերով արտահայտել: Ոչ, դա ուրախության կամ հպարտության սոսկական զգացում չէր, դա գուցե ամենից առաջ վախ էր: Այո, ես վախենում էի Դուրյանից, նրա անկրկնելի հմայքից…»:

Շարունակելով իր հետազոտությունները՝ նա սկսում է աշխատել հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերված հնագույն գանգերի բեկորների հետ։ 1978թ․ ՀԽՍՀ ազգագրության թանգարանում (Սարդարապատ) հիմնվում է բրոնզեդարյա մարդկանց գանգերի հիման վրա վերականգնված դիմաքանդակների պատկերասրահը։

Պրոֆեսոր Ճաղարյանի բացառիկ ուսումնասիրությունների շարքին են դասվում Սևանի ավազանի նախաուրարտական ժամանակաշրջանում ապրած բնիկների գանգերի եռաչափ վերականգնումները՝ այդ թվում՝ Լճաշենի /Իշտիկունիի/ ցեղապետի, առաջնորդի և Սևանի ավազանի գեղեցկուհու դիմապատկերների վերակազմությունները։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր՝ Վիքիպեդիա, ԳՊՀ դասախոս Քանաքարա Հայրապետյան, Հովիկ Չարխչյան

Գլխավոր լուսանկարը՝ Հովիկ Չարխչյանի բլոգից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930