Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Վլադիսլավ Կանեւսկին կրկին հակահայկական հայտարարությունն է արել ֆեյսբուքի իր էջում, նաեւ շնորհավորանքներ հղել Ադրբեջանին՝ այսպես կոչված «Հաղթանակի օրվա» առիթով: «Ժամանակին ուկրաինացիները ադրբեջանցիների հետ ուս ուսի կանգնած հաղթեցին թշնամուն, իսկ այսօր էթնիկ ադրբեջանցիները մարտադաշտում պաշտպանում են Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,-գրել է դեսպանը՝ թշնամի ասելով, թերեւս, նկատի ունենալով հայերին:
Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ուկրաինացի դիվանագետի գրառմանն ասաց, որ ներկայումս համագործակցության մի հարթակ է ձեւավորվել տարածքային ամբողջականության շուրջ, եւ կան երկրներ, որոնք, նրա խոսքով, մի 300-400 տարով հետ են գնում հետնապոլեոնյան ժամանակներ, ու միավորվում այն գաղափարի շուրջ, որ կայսրությունների սահմաններն անձեռնմխելի են:
«ԱՄՆ-ի անկախության հռչակագիրը, ֆրանսիական գաղափար էր, այսինքն սահմանները կարելի է փոխել: Ֆրանսիայի պարտությունից հետո 1828թ կնքվեց պայմանագիր՝ սահմաններն անձեռնմխելի են: Մեր հակառակորդները հենց այստեղ են գտնվում…Իսկ Հելսինկյան ակտը, ՄԱԿ-ը, որ սահմաններն անձեռնմխելի են, բայց ժողովուրդները հավասար են, եւ ինքնորոշվելու իրավունք ունեն… Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշվելու իրավունքը չի ճանաչում այսօրվա Ուկրաինան, մինչդեռ իր ինքնորոշվելու իրավունքը ճանաչել է, ինքնորոշվել է ու անկախ պետություն է հռչակվել»,-հավելում է Ազատ Արշակյանը:
Կարդացեք նաև
Նրա ձեւակերպմամբ, Ուկրաինայի պարագայում կա նաեւ շահադիտական նկատառում, նաեւ Ուկրաինայի իշխանությունը ունի թուրքալեզու պետությունների աջակցությունը. «Թուրքիայի կրտսեր եղբայր Ադրբեջանը արտոնյալ կարգավիճակ ունի Ուկրաինայում, որովհետեւ ուկրաինական զինամթերքը Բոսֆորի նեղուցով է մտնում: Ուկրաինան ստանում է Բայրաքթարներ այդ նեղուցով՝ Ադրբեջանի ավագ եղբորից: Այստեղ կա կռվող երկրի շահը, Ուկրաինան հետապնդում է իր շահերը, բայց չի հաշվում, որ հայերը նույնպես կռվում են եւ ունեն իրենց շահերը: Սակայն այդ շահերը չեն համընկնում Ուկրաինայի շահերի հետ»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ