Հրթիռների գործով անցնող և շուրջ երկու տարի անազատության մեջ գտնվող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը համաձայնել է իր փաստաբանական թիմի միջոցով պատասխանել 168.am-ի հարցերին:
– «Մեդիամաքսին» տված Ձեր վերջին հարցազրույցում նշել եք, որ 2020թ. պատերազմի ավարտին հաջորդած ժամանակաշրջանը ցույց է տվել, որ մենք ունակ չենք ՀՀ շահերը պաշտպանելու համար դիմակայել թուրք-ադրբեջանական տանդեմին: Այնուհետև դրա խորքային պատճառներից մեկը համարել եք այն, որ «1994 թվականից ի վեր, ՀՀ Զինված ուժերը պաշտպանական կեցվածք որդեգրելու արդյունքում ենթարկվեցին առերևույթ լճացման, ինչը ռազմաքաղաքական ղեկավարությունը փորձում էր չեզոքացնել դաշնակից և գործընկեր երկրների հետ ռազմական համագործակցության միջոցով (կրթական ծրագրեր, վարժանքներ, զորավարժություններ) և, ի վերջո, ՀՀ-ում ռազմական ներկայությամբ»: Մենք ոչ պաշտպանական կամ հարձակողական դիրք ակնհայտ կարո՞ղ էինք որդեգրել և հետո մարսել, իհարկե, մենք միայն չենք պաշտպանվել, եթե առիթը եղել է, դա Դուք ինձնից լավ գիտեք: Մյուս կողմից, դեռ 2015-ին որպես Պաշտպանության փոխնախարար՝ հայտարարել էիք, որ ԼՂՀ-ի շուրջ ձևավորված անվտանգության գոտին մեզ համար բավարար չէ, Ձեր հարցազրույցում նաև սա՞ եք նկատի ունեցել:
– Ադրբեջանի ռազմական ներուժն ամենազուսպ գնահատականներով՝ ՀՀ և Արցախի ներուժին գերազանցում էր 6 անգամ, այսինքն, 3 անգամ ավելին, քան մենք կարողացել էինք կամ ունակ էինք դիմակայելու: Ավելորդ չէ նաև նշելը Թուրքիայի կարողությունների գումարումն Ադրբեջանի ռազմական ներուժին: Բայց, այնուամենայնիվ, վերոհիշյալ պայմաններում.
– Մինչև 2020թ. նոյեմբերի 9-ը հայկական զինված ուժերը կռվել են, կազմակերպված նահանջել են, բայց չեն փախել,
Կարդացեք նաև
– Ամեն ինչ արել են դաշնակցից աջակցություն ստանալու նպատակով և փաստացի զգալի չափերով ստացել են,
– Արյունահեղությունը դադարեցնելու նպատակով ապահովել են դաշնակցի ԶՈՒ-ի ներկայությունն Արցախում, որն առաջին հերթին ու հիմնականում պահանջված է եղել Արցախի իշխանությունների և մերձիշխանական ուժերի կողմից, և դա անհերքելի փաստ է:
Ինչ վերաբերում է Ձեր հարցի վերջին մասին, ապա, այո՛, հայկական ուժերի կողմից զբաղեցրած բնագծերը, հակառակորդի կողմից ձեռք բերված գերժամանակակից սպառազինության առկայության և ստեղծված ռազմաքաղաքական պայմաններում բավարար չէին կայուն պաշտպանություն կազմակերպելու համար: Դրա ապացույցն է այն, որ 2016, 2020, 2021-2023 թվականներին րոպեների ընթացքում բարձր ճշգրտությամբ թիրախավորվեցին Արցախի կրիտիկական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները, սպառազինությունը և ռազմական տեխնիկան և մի քանի տեղերում ճեղքվեց առաջնագիծը:
– Դուք ընկալվում եք՝ որպես, այսպես ասած, Արևմուտքի մարդ: ՆԱՏՕ-ական կողմնորոշումը Ձեզ խանգարե՞լ է ՊՆ-ում, գաղափարական տարաձայնություններ այս առումով ունեցե՞լ եք: Իհարկե, հրապարակավ միշտ ասել եք, որ ՀԱՊԿ-ին մեր անդամակցությունը և ՆԱՏՕ-ի ծրագրերին մեր համագործակցությունը փոխլրացնում են իրար: Բայց ՆԱՏՕ-ում սպասել և սպասո՞ւմ են մեզ, ՀԱՊԿ-ից պիտի դո՞ւրս գանք, եթե այո, դրա ռիսկերը հաշվարկե՞լ եք:
– ՆԱՏՕ-ում ՀՀ ԶՈՒ ներկայացուցչի իմ մոտ 10 տարվա ռազմադիվանագիտական ծառայության ընթացքում ձեռք բերված փորձը նպաստել է ՀՀ-ՆԱՏՕ փոխշահավետ համագործակցության հաստատմանը, ինչպես նաև ՆԱՏՕ անդամ երկրների` մեզ համար առնվազն մարտավարական մակարդակում «մարսելի» փոխգործակցության չափանիշների ընդօրինակմանը:
Հերթական անգամ պնդում եմ, որ ռազմական, մասնավորապես` մարտական պատրաստության ուղղությամբ, և ռազմատեխնիկական համագործակցությունը պետք է հրատապ «տասնապատկվի»: Իսկ թե ում հետ, դա արդեն պետք է լինի իշխանությունների քաղաքական ուղղորդումը:
Պարզ ասած, եթե դաշնակիցը ՌԴ-ն է, ապա համագործակցությունը պետք է «տասնապատկվի» ՌԴ ԶՈՒ-ի հետ և ՀԱՊԿ-ի շրջանակներում: Եթե ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, ապա համապատասխանաբար իրենց հետ պետք է «տասնապատկվի» համագործակցությունը: Եթե դա Իրանը, Հնդկաստանը կամ Չինաստանն են, ապա պետք է սկսել 0-ից և համապատասխան համագործակցություն ծավալել: Իսկ ստեղծված պայմաններում «կոմպլեմենտար» համագործակցությունը ռազմական ոլորտում խիստ վտանգավոր է:
Արդյո՞ք երեք տարբերակներով նշված երկրները կամ կազմակերպությունները սպասում են մեզ, չեմ կարող պատասխանել իշխանությունների փոխարեն` ամբողջական տեղեկատվության բացակայության պատճառով: Համագործակցության ընտրվելիք ուղղության հետ կապված ռիսկերը կարող են գնահատվել միայն ու միայն ամբողջական և համապարփակ վերլուծության հիման վրա, որը, ի դեպ, համապատասխան գերատեսչությունների օրենսդրությամբ սահմանված լիազորությունն է, ինչպես նաև ԱԽ կողմից սահմանվելիք պաշտպանության ոլորտի քաղաքականության շրջանակներում:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: