Լաչինի միջանցքից առեւանգված ու Բաքվի դատարանի կողմից երեկ 15 տարվա ազատազրկման դատապարտված Վագիֆ Խաչատրյանը ընտանիքի անդամների հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 11-ին, ոչինչ չի փոխանցել, միայն հետաքրքրվել է ընտանիքի անդամներից:
Նրա դուստրը՝ Վեռա Խաչատրյանը Aravot.am-ին ասաց՝ շոկի մեջ են երեկվա լուրից ու բացի լրատվամիջոցների տարածած տեղեկություններից այլ տեղեկություններ չունեն:
«Դեռեւս չենք սթափվել երեկվա լուրից, հենց հասկանանք՝ ի վիճակի ենք որեւէ տեղ դիմելու, անպայման կխորհրդակցեմ համապատասխան մարմինների հետ ու եթե լինի որեւէ հավանականություն ինչ-որ բան փոխելու, անպայման ամեն ինչ կանենք: Այս պահին, իրականում, չեմ կարողանում նույնիսկ ինչ-որ բան մտածել», – ասաց Վեռա Խաչատրյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ