«Պատմամշակութային ժառանգության պահպանություն և հանրահռչակում․ փորձ և նոր մոտեցումներ» խորագրով գիտակրթական ծրագիրը Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքում է համախմբել ոլորտի պատասխանատուներին։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և Շիրակի մարզի Անի համայնքի մասնագետները քննարկել են Անի խոշորացված համայնքի տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանների պահպանությանը վերաբերող առանցքային թեմաներ․ Մասնավորապես կարևորվել են Անաստաս Միկոյանի հուշարձանի կարգավիճակի, Ջրափի բնակավայրի ՍԲ Աստվածածին եկեղեցու վերանորոգման աշխատանքների , Ձիթհանքով բնակավայրի «Ձիթհանի» և Գուսանագյուղ բնակավայրի ամրոցների պահպանման հարցերը։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը, ոլորտի մասնագետները համայնքի ղեկավարին և աշխատակիցներին են ներկայացրել հուշարձանների պահպանության արդի հիմնախնդիրներն ու մարտահրավերները, ոլորտի իրավական կարգավորումները, ինչպես նաև պետություն-համայնք-բնակիչ գործակցությամբ հուշարձանների պահպանության ու խնամքի կարևորությունը:
Հանդիպմանը զուգահեռ համայնքապետարանի մեկ այլ սրահում «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Ցուցադրությունների և միջոցառումների կազմակերպման բաժնի մասնագետները Արցախից բռնի տեղահանված և համայնքի աշակերտների համար անցկացրել են գիտակրթական ծրագիր:
Կարդացեք նաև
Համայնքային հուշարձանապահպանությանը նվիրված միջոցառումը ամփոփվել է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի՝ ճանաչել,պահպանել, ժառանգել կարգախոսով՝ նոր հանդիպումների և համատեղ ծրագրերի իրականացման տեսլականով։
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առեւտրային կազմակերպություն