Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց՝ գրեթե չկա այդպիսի օր, որ շների հարձակումների պատճառով տուժողների չտեղափոխեն հիվանդանոց։
Նա տեղեկացրեց, որ 26 դեպք գրանցվել է սեպտեմբերին, 28 դեպք՝ հոկտեմբերին, ինչը խոսում է այն մասին, որ գրեթե ամեն օր Գյումրիում շների հարձակումներից տուժողներ կան։
Օրերս Գյումրի բժշկական կենտրոն էին տեղափոխել 74-ամյա Ցողիկ Գրիգորյանին, որը ստացել էր ստորին ծնոտի եզրի բեկորային կոտրվածք։
Ըստ Արմեն Խաչատրյանի, նրան վիրահատել են, կատարվել է բեկորների ֆիքսում, վերքի մշակում, վակցինացվել է։ Նա հիվանդանոցից արդեն դուրս է գրվել։
Կարդացեք նաև
Շները կնոջ վրա հարձակվել էին Գյումրու Անի թաղամասում՝ կենտրոնական Պարույր Սևակ փողոցում գտնվող ոստիկանության շենքի մոտ՝ զբոսնելիս։
Հիվանդանոցի փոխտնօրենը նշում, է թեև այս դեպքը դարձավ բուռն քննարկման, աղմուկի մեծ թեմա, սակայն թափառող շների հարցը մնում է դեռևս չլուծված։
Հիշեցնենք, որ տարեց կնոջ դեպքը առիթ էր դարձել մեկ անգամ ևս հիշեցնելու, որ Գյումրու ՏԻՄ ընտրություններից առաջ խոստացան ապաստարաններ կառուցելու, սակայն այդպես էլ հօդս ցնդեց խոստումը։
Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն, իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով տարեց կնոջ դեպքին, գրել էր․ «Ես հին մարդ եմ ու դառը փորձով գիտեմ, որ չի լուծվելու, հեգնանքի համար չեմ ասում, այլ որպես սթափ զգուշացում՝ չի լուծվելու, վերջ տվեք ու հույսերդ կտրեք, եթե հնարն ունեք՝ գնացեք օրինական զենք գնեք մոտներդ պահեք: Հնար չունեք, տան տղամարդկանցով հավաքվեք, շներին բռնեք, տարեք քաղաքապետարան, ավագանու նիստի ժամանակ արձակեք: Էլ ինչ ասեմ, չգիտեմ: Գյումրու ավագանու ընտրությունների ժամանակ խոստացան, որ ապաստարաններ կսարքեն, շներին կհավաքեն այնտեղ, կպահեն: Ընտրվեցին ու չարեցին: Դրան ստախոսությունից բացի պոպուլիզմ են ասում: Մի խոսքով կյանքս գնաց հասարակ բաներ բացատրելով»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Հիմա շներն ավելի կարևոր են քան մարդիկ, չգիտեք?