Լրահոս
Օրվա լրահոսը

Մետաքսե Հակոբյան․ «Օգոստոսի 29-ին Արցախի ԱԺ գիշերային ժողովում, որ տեղի ունեցավ Արայիկ Հարությունյանի նախաձեռնությամբ, նա պաշտոնապես տեղեկացրեց, որ ՀՀ իշխանությունները ասել են․ ձեր գլխի ճարը տեսեք»

Նոյեմբեր 08,2023 19:44

«Նույնիսկ շրջափակման օրերին որեւէ մեկս հերթական ծանր դավաճանության այսպիսի սցենար չէինք պատկերացնում, որի արդյունքում մի քանի օրվա ընթացքում մի ողջ պատերազմի չափ զոհ կունենանք»,- ասաց Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը «Հայելի» ակումբի ուղիղ եթերում՝ պատմելով, թե ինչ է կատարվել ինն ամիս շրջափակման վերջին օրերին:

«Դեռ օգոստոսի 29-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովում  գիշերային ժողովում, որ տեղի ունեցավ այն ժամանակվա նախագահ Արայիկ Հարությունյանի նախաձեռնությամբ, պաշտոնապես առավել քան պարզ հնչեց , որ ՀՀ իշխանությունները ասել են՝ ձեր գլխի ճարը տեսեք: Գաղտնիք չէր որեւէ մեկի համար, որ հարձակում տեղի է ունենալու: Իսկ թե երբ էր տեղի ունենալու, դա լինելու էր միայն Արցախի՞ վրա, որեւէ մեկը չէր կարող ասել։ Այդ ինֆորմացիան չկար, որովհետեւ կուտակումները բավականին երկար ժամանակ՝ մոտ երկու ամիս,  տեղի էին ունենում թե Հայաստանի սահմանների ողջ երկայնքով, թե Արցախի շփման գծի: Հասկանալի էր, որ բարենպաստ ժամանակաշրջան է, աշուն է, իսկ պատերազմները սովորաբար, աշնանն են լինում:

Ինչեւէ, ժողովի ավարտին քննարկվում էր, թե ինչ անել։ Այդ օրը մենք որոշում չկայացրինք, որովհետեւ բոլորս դեմ էինք այդ ձեւաչափով որոշում կայացնելու։ Եվ պնդեցինք, որ որոշումը պետք է կայացնի երկրի նախագահը։ Երկու օր հետո Արայիկ Հարությունյանը հրաժարականի մասին դիմումը ներկայացրեց ԱԺ, որից հետո ոչ ստանդարտ վիճակում տեղի ունեցավ նախագահի նոր ընտրություն, որովհետեւ բացի այն վտանգներից, որ կային, առկա էր Արցախի գլխատումը եւ պլանավորած էր, որ այդ գլխատումը պետք է տեղի ունենար հենց մեր ձեռքով։ Այսինքն, Արցախը պետք է զրկվեր նախագահ եւ իշխանություն ունենալու հնարավորությունից։ Մենք այդ օրերին շատ կարեւոր բան արեցինք՝ գոնե թույլ չտվեցինք, որ այդ սցենարը տեղի ունենա։

Բնականաբար, երկու հայկական պետությունների միջեւ նման քննարկումներ եղել են մեկ-երկու անձի մակարդակով, թե այդ ժամանակ ով ինչ ձեւով պիտի քայլեր կատարի։ Ես չեմ կարծում, թե դա որեւէ մեկիս համար անսպասելի էր։ Մենք բազմիցս խոսել ենք դրա մասին, դրա շահառուն էինք, դա տեսնում էինք, գոնե ինն ամիս շոշափելի զգում, թե ինչ է նշանակում լինել առանց Հայաստան՝ ի դեմս Հայաստանի իշխանությունների։ Եվ այդ ողջ ընթացքում հասկանում էինք, որ առանց Հայաստան Արցախը չի կարող երկար ձգել։ Դրա մասին ասել ենք ու պիտի կրկնել անդադար, որ չէր կարող լինել Արցախ առանց Հայաստան, ինչը տեղի ունեցավ»,-ասաց տիկին Մետաքսեն եւ ավելացրեց, որ նաեւ առանց Արցախ չի կարող լինել ուժեղ Հայաստան, ինչին արդեն մենք ականատես ենք, կամ ընդհանրապես Հայաստան։

«Այստեղի իշխանություններն անընդհատ ասում են, թե շատ թույլ է Հայաստանը եւ ցանկացած քայլ անելը վտանգում է հենց Հայաստանին։ Բայց չեն ասում, թե իրական պատճառը որն է։ Խոսում ենք հետեւանքից, որ Հայաստանը հայտնվել է այսպիսի իրավիճակում, բայց չենք նշում պատճառը, որ 2018-ից թիրախում Արցախն էր։ Սակայն թերեւս շուտ է խոսել, թե այս իշխանությունը ամբողջությամբ հասել է իր նպատակին։ Նրանց քայլերից է երեւում»,-նշեց Արցախի ԱԺ պատգամավորը։

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930