Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանը ներկայացրել է բռնի տեղահանված անձանց պարագայում խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի բացահայտման, հասցեավորման և իրավունքների երաշխավորման առանձնահատուկ մեխանիզմների հետ կապված հարցերը

Նոյեմբեր 08,2023 19:11

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 6-ից 8-ը Կոպենհագենում մասնակցել է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի (GANHRI) 14-րդ միջազգային համաժողովին:

Այս տարի այն անցկացվել է «Խոշտանգումներ և այլ վատ վերաբերմունք. մարդու իրավունքների ազգային ինստիտուտների դերը» խորագրով: Համաժողովին մասնակցել է նաև Պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանը։

Միջազգային համաժողովի նպատակն էր ուսումնասիրել և բացահայտել պետությունների և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցների գործառույթներն ու մարտահրավերները խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի ռիսկերի և արմատական պատճառների դեմ պայքարում ու կանխարգելման գործում:

Քննարկվել են նշված հարցերում մարդու իրավունքների ազգային ինստիտուտների դերի հետ կապված հարցեր։ Համաժողովի շրջանակներում իրականացվել է փորձի փոխանակում՝ ընդգծելով մարդու իրավունքների  խախտումների դեմ պայքարում ուժերը համախմբելու կարևորությունը:

Անահիտ Մանասյանը միջազգային գործընկերներին է ներկայացրել որպես կանխարգելման ազգային մեխանիզմ Հայաստանի Հանրապետությունում Մարդու իրավունքների պաշտպանի փորձը։ Անդրադարձ է կատարվել խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի հետ կապված հարցերի առնչությամբ Պաշտպանին առընթեր հասարակական խորհրդի աշխատանքին և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ համագործակցության մշակույթին։ Ընդգծվել է նաև խոցելի տարբեր խմբերի` վերոնշյալ երևույթներից պաշտպանված լինելու կարևորությունը։

Առանձին քննարկումների ընթացքում Պաշտպանը ներկայացրել է բռնի տեղահանված անձանց պարագայում խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի բացահայտման, հասցեավորման և իրավունքների երաշխավորման առանձնահատուկ մեխանիզմների հետ կապված հարցեր` ընդգծելով Լեռնային Ղարաբաղից Հայաստան անձանց բռնի տեղահանման վերջին զարգացումների համատեքստում նշված հարցի կարևորությունը։ Այդ համատեքստում շեշտադրվել են Պաշտպանի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների շրջանակներում վեր հանված խնդիրները:

Պաշտպանն ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի անդամ գործընկերների հետ ձեռք է բերել հետագա համագործակցության վերաբերյալ մի շարք պայմանավորվածություններ և պատրաստակամություն հայտնել ներգրավվել մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերելի նոր նախաձեռնություններին:

 

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930