Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալիեւը ճիշտ է՞ր, դուք՝ սխա՞լ», «ՀՀ էներգետիկան կոլապսի եզրին է». «Միասին» շարժման անդամների հարցերը Նիկոլ Փաշինյանին

Նոյեմբեր 08,2023 18:45

Aravot.am-ի տրամադրության տակ են հայտնվել հարցադրումները, որոնք այսօր,  «Միասին» հասարակական-քաղաքական շարժման անդամները փոխանցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Դրանք շարժման խորհրդի անդամներ Էդգար Ղազարյանի, Հրանտ Բագրատյանի, Արամ Սարգսյանի, Ժասմինա Ղեւոնդյանի, Արթուր Մուսայելյանի, Նարինե Դիլբարյանի, Հայկ Ղեւոնդյանի, Հրանտ Բագրատյանի անունից են եւ ներառում են մեր կյանքի բոլոր ոլորտները: Շարժման անդամների հարցերը 14 էջ են կազմում. կներկայացնենք դրանց մի մասը:

Օրինակ, Էդգար Ղազարյանը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվում է.

1.2018 թվականի մայիսի 8-ին ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո, 2018 թվականի օգոստոսին Երևանի Հանրապետության հրապարակում, այնուհետև 2019 թվականին մայիսի 9-ին Ստեփանակերտում, ավելի ուշ ՀՀ Ազգային ժողովում Դուք բազմիցս հայտարարել եք, որ իրավասու չեք Արցախի հարցում բանակցել Արցախի Հանրապետության և Արցախի ժողովրդի անունից, պատճառաբանելով, որ Արցախի քաղաքացիները չեն մասնակցել Հայաստանի ընտրություններին և Ձեզ նման լիազորություն չեն տվել։ Եթե Դուք Արցախի անունից բանակցելու իրավունք չունեիք, ապա ո՞վ է Ձեզ իրավունք տվել 2020 թվականի նոյեմբերի 9-ին Արցախի անունից ստորագրել հայտարարություն։

2.ՀՀ ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ նախքան 2020 թվականի 44-օրյա պատերազմը, Ձեր հանձնարարությամբ պարբերաբար, առնվազն ամիսը մեկ անգամ, երրորդ երկրների տարածքում հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի հատուկ ծառայության ղեկավարի հետ, որի ընթացքում փոխանակվել են փակ ծրարներ՝ պետությունների ղեկավարներից ուղղված միմյանց։

-Ի՞նչ բովանդակությամբ գրություններ է Ձեզ հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

-Ինչու՞ ժամանակին հանրությանը տեղյակ չեք պահել բանակցային գործընթացի, այդ թվում այդ գրությունների և դրանց բովանդակության մասին, երբ նման խոստում տվել եք 2018 թվականի օգոստոսի 17-ին հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ընթացքում։

 

3.2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում, այնուհետև 2023 թվականի հոկտեմբերի 5-ին Գրանադայում ստորագրված հայտարարությունների տեքստերում, ինչպես նաև Ձեր բազմաթիվ ելույթներում Դուք հղումներ եք կատարում 1991 թվականին ստորագրված Ալմա Աթայի հռչակագրին՝ դա հիմք համարելով Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման համար։ Դուք վարչապետի պաշտոնը ստանձնել եք 2018 թվականի մայիսի 8-ից։ Ինչու՞ եք այդ փաստաթղթի մասին հիշատակում հիմա, այլ չէիք խոսում պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո։

 

4.2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի հայտարարությունը ստորագրելով, այնուհետև Ձեր հայտարարություններով, Արցախը ճանաչել եք Ադրբեջանի կազմում՝ հղում անելով դեռևս 1991 թվականի ստորագրված փաստաթղթերին։ Եթե Ձեր կարծիքով Արցախն Ադրբեջանի մաս է կազմում դեռևս 1991 թվականից, ապա

-2018 թվականի մայիսի 9-ին ՀՀ վարչապետ ընտրվելուց հետո ինչու՞ եք Ձեր առաջին աշխատանքային այցը կատարել Արցախ, հանդիպել Արցախի նախագահին, այցելել Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակ և այլն։

-Ձեր որդին ինչու՞ է ծառայել Արցախի պաշտպանության բանակում՝ հրաժարվելով մասնակցել զինվորական հավաքակայանում կազմակերպված վիճակահանությանը։

-2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության վրա ռազմական հարձակման օրը Ձեր կառավարությունը ինչու՞ է Հայաստանի Հանրապետությունում հայտարարել ռազմական դրություն և իրականացրել համընդհանուր զորահավաք։

-2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում ինչու՞ է Ձեր կինը գտնվել Արցախի Հանրապետությունում, այդ թվում այցելել Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարաշտաբային կետ։

-Հայաստանի Հանրապետության Ձեր ենթակայությամբ գործող մի շարք պաշտոնատար անձինք (ՀՀ փոխվարչապետ, ՀՀ պաշտպանության նախարար, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն և այլն) ինչու՞ են մեկնել Արցախ և մասնակցել ռազմական գործողություններին կամ դրանց պլանավորմանն ու որոշումների կայացման գործընթացին։

-2020 թվականի հոկտեմբերի 6-ին Դուք ինչու՞ եք մեկնել Արցախ, այցելել Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարաշտաբային կետ, ծանոթացել մարտական գործողությունների ընթացքին և դրանց պլանավորման գործընթացին։

-2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում ինչու՞ եք կոչով դիմել ՀՀ քաղաքացիներին, որպեսզի նրանք կամավոր հիմունքներով կամավորագրվեն և մասնակցեն ռազմական գործողություններին։

 

5.Վերջին շրջանում Դուք և Ձեր ենթակա պաշտոնատար անձինք չեք գործածում «Արցախ», «Արցախի Հանրապետություն» եզրույթները, չեք ճանաչում Արցախի Հանրապետության պետական ինստիտուցիոնալ մարմինների գոյությունը։ Այդ պարագայում 2020 թվականին Դուք ինչու՞ եք մասնակցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի երդման արարողությանը, պարբերաբար այցեր կատարել Արցախ, Ձեր խոսքում հնչեցրել «Արցախի Հանրապետություն» բառակապակցությունները և խոսել Արցախի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության և զարգացման մասին։ Ավելին, Ձեր կառավարության կողմից ներկայացված և ընդունված ՀՀ պետական բյուջեի մասին 2019, 2020, 2021, 2022 և 2023 թվականների օրենքների տեքստերում օգտագործվել է «Արցախի Հանրապետություն» եզրույթը։

Նա եվս 12 հարց է ուղղել Նիկոլ Փաշինյանին՝ կապված հայ-ռուսական հարաբերությունների, ՀՀ սահմանադրության դրույթները խախտելու եւ այլնի հետ:

 

Նախաձեռնության համակարգող խորհրդի անդամ Արամ Գասպարի Սարգսյանն էլ հարցրել է.

1․ Դուք պնդում եք, որ ՀՀ զինված ուժերը անհամեմատ ավելի են ֆինանսավորվում և սպառազինության քանակը և որակը գերազանցում են նախորդ տարիների մատակարարումները և գնումները։ Արդյոք դա՞ նշանակում է, որ հայոց բանակը պատրաստ է ոչ միայն պաշտպանել պետության անվտանգությունը, այլև հուժկու հարված հասցնելով ագրեսորին, ազատագրել  օկուպացված հայկական տարածքները։

2․ Բացի միջազգային կառույցներին աղերսներ ուղարկելը, ի՞նչ իրական, ամենօրյա գործողություններ եք իրականացնում Ադրբեջանի կողմից գերեվարված, առևանգված և կալանավորված անձանց Բաքվի բանտերից շուտափույթ ազատելու համար։

3․ Ինչո՞ւ  կառավարման 5 տարիների ընթացքում գեթ մեկ ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ չստեղծվեց, եղածը վերապրոֆիլավորվեց։ Չխրախուսվեց մասնագիտական որակավորում ունեցող, հասարակական կոնկրետ ուղղվածություն ունեցող կառույցների գործունեությունը։ Հետևանքը՝ պետության անվտանգային համակարգի՝ ներառյալ արտաքին քաղաքականությունը, համակարգային ձախողում է։

4․ Թուրքալեզու պետությունների միությունը հերթական 10-րդ նիստում ընդունել է հայեցակարգ «Թուրքական աշխարհի» միասնության և զարգացման մասին։ Ձեր կառավարությունը ունա՞կ է համազոր արձագանքել հնարավոր մարտահրավերներին և, եթե այո, ապա ի՞նչ քայլեր եք ձեռնարկել այդ ուղղությամբ։

5․ Ինչո՞ւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրինությունը և Աննա Հակոբյանի ենթակայությամբ գործող հիմնադրամները հաշվետվություններ չեն ներկայացնում։ Պահանջում ենք ներկայացնել  հանրային հաշվետվություն հիմնադրամների մուտքերի և ծախսերի վերաբերյալ։

Նարինե Դիլբարյանին այս եւ եվս մի քանի այլ հարցեր են հետաքրքրում.

1․ 2023թ․ սեպտեմբերի 19-ի ադրբեջանական  ահաբեկչական գործողությունից հետո Արցախի Հանրապետությունը  լիակատար ցեղասպան բռնազավթման ենթարկվեց։ Դա կատարվեց Ձեր կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը միակողմանի ճանաչելու հայտարարություններից հետո, որը ոտնձգություն էր ԱՀ ինքնիշխան տարածքների հանդեպ, ՀՀ Անկախության հռչակագրի և մինչև 2022 թ․ ձեր իսկ հայտարարած քաղաքական ուղեգծի կոպիտ ոտնահարում։ ՀՀ տարածքային ամբողջականությունն առ այսօր ճանաչված չէ Ադրբեջանի կողմից, ՀՀ ինքնիշխան  տարածքի 200 քառակուսի կիլոմետրից (ձեր տվյալներով) Ադրբեջանը դուրս չի եկել և չի պատրաստվում։ Ինչպե՞ս եք բացատրում ստեղծված վիճակը, Ալիեւը ճիշտ է՞ր, դուք՝ սխա՞լ։

2․ Արցախը Ադրբեջան ճանաչելու Ձեր քաղաքականության հետևանքով առևանգվել և ապօրինի ազատությունից են զրկվել են Արցախի Հանրապետության պետական-քաղաքական ղեկավարները, Դուք ուղղակի պատասխանատվությամբ՝ որպես ՀՀ վարչապետ, ինչո՞ւ դիվանագիտական և քաղաքական հարթակներով կառավարության բոլոր կառույցների ջանքերը չեք ուղղում ահաբեկչության մեջ մեղադրվող և պատանդ դարձած Արցախի ազգային-պետական գործիչների անհապաղ ազատ արձակման համար։ Լռությունը համաձայնության նշան է՞։

 

4․ Դուք Ձեզ հռչակել եք ժողովրդավարության երդվյալ կողմնակից, բայց չե՞ք նկատում, թե ինչպես կայուն ավելանում է ազատազրկված այն մարդկանց թիվը, որոնք  քննադատում են Ձեր քաղաքական ուղեգիծը  և դրա հետևանքները։ Ձեր դեմ ուղղված քաղաքացիական ըմբոստություն կամ այլակարծություն ցանկացած փոքր դրսևորումների համար դատախազները պահանջում են  կալանք՝ որպես խափանման միջոց, դատավորներն էլ անմիջապես համաձայնում են։ Հայաստանում քաղբանտարկյալների թիվն է աճում, ի՞նչ եք պատրաստվում անել, միթե՞ այս իրականությունը ժողովրդավարական է։

 

6․ Ինչպե՞ս եք պատկերացնում Հայաստանի ռազմական, տնտեսական, վառելիքաէներգետիկ անվտանգությունը տարածաշրջանում նոր աշխարհաքաղաքական դաշնակիցներ գտնելու և Ռուսաստանից սահմանազատվելու ձեր անշեղ քաղաքականության պարագայում։

 

Հրանտ Բագրատյանին հետաքրքրող հարցերն էլ հետեւյալն են.

 

  1. Ինչու ՔՊ կառավարման ավելի քան 5 տարիների ընթացքում բյուջեն մշտապես ծախսային մասով չի կատարվում։ Հատկապես թերակատարվում են կապիտալ ծախսերի գծով։ Արդյունքում բոլոր ենթակառուցվածքային ծրագրերը ձախողված են. չեն կառուցվում նոր ճանապարհներ, կամուրջներ, էստակադներ, թունելներ, էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներ և այլն։ Իսկ գովաբանվող ճանապարհաշինարարությունը ընդամենը գոյություն ունեցող ճանապարհների վերաասֆալտապատումն է։ Ռազմավարական որևէ շինարարություն չի իրականացվում։

 

  1. Հյուսիս-Հարավի 2012-2017թթ խայտառակ պատկերի ֆոնին, երբ ծախսվել էր 1 մլրդ դոլարի վարկի կեսը և կառուցվել մի քանի տասնյակ կմ ճանապարհ, 2018-2022թթ վիճակը նույնքան անփառունակ է. արդեն ավարտին է մոտենում մլրդ դոլարի լիմիտը։ Արդյունքում 120 կմ-ց ճանապարհից պատրաստ է սոսկ 50-ը։ Դրա հետ մեկտեղ առայժմ ոչինչ չի արվում Հյուսիս-Հարավի, Սյունիքի հատվածում։ 2022թ փետրվարին հայտարարած մրցույթը մինչև այսօր չի ամփոփվել։ 2020-ին Գորիս-Կապան-Ճակատեն հատվածի հանձնումից հետո Հալիձոր-Տաթև հատվածն անանցանելի է ծանր բեռնատարների համար։ Ձմռանը, Քաջարանի հատվածում, հաճախ օրերով ճանապարհն անանցանելի է բոլոր տեսակի մեքենաների համար։ Կառավարությունը ոչինչ չի անում Հալիձոր-Տաթև հատվածում կամուրջ, իսկ Քաջարանում թունել կառուցելու համար։

 

  1. ՀՀ էներգետիկան կոլապսի եզրին է։ Բանն այն է, որ Մեծամորի ԱԷԿ-ը հարկ է կանգնեցնել. նախ, ռեակտորն արդեն հին է, երկրորդ, թափոնների համար նախատեսված գերեզմանը լիքն է։ Ն.Փաշինանի հայտարարությունն ԱԺ-ում առ այն, թե ոչ ավանդական (արևային) կայաններով կփակենք էներգետիկ կարիքները, չիմացության արդյունք է. էներգետիկ ներկայիս տեխնոլոգիաների պայմաններում, միևնույնն է, էներգետիկ հզորությունների 30-40%-ը պետք է կարողանան արտադրել կայուն ռեժիմում (ջերմակայան կամ ատոմակայան)։ Պետք է հրատապ սկսել ԱԷԿ-ի նոր՝ 600 մեգավատանոց ռեակտորի շինարարությունը։ Պետք է նաև կարճ ժամկետում կառուցել միջուկային թափոնների նոր գերեզմանոց։

 

  1. Գյուղատնտեսության համախառն արտադրանքը 5 տարում (2018-2022) կրճատվել է 9%-ով։ Պատճառներից մեկը գյուղատնտեսության նախարարության լուծարումն էր։ Գյուղի հետագա զարգացումը կապված է կոոպերացիայի ներդրման հետ՝ առանց հողի մասնավոր սեփականությանը կպնելու։ Մի կողմ պետք է դնել նաև հողերի խոշորացման ապակառուցողական թեզը։

 

  1. Արդյունաբերության համախառն արտադրանքը 5 տարում (2018-2022թթ) աճել է 25.5%-ով։ Աճի հիմնական շարժիչը եղել է հանքարդյունաբերությունը։ 2023-ին արդյունաբերությունը կրկին անկում էր ապրում։ Արդյունաբերության ոլորտը զարգացման ծրագիր չունի։ Անհասկանալի է ԲՏԱ նախարարություն ստեղծելու նախաձեռնությունը։ ԲՏԱ արտադրանք, ուղղված նորագույն տեխնոլոգիաներով արդյունաբերության զարգացման ապահովմանը, չկա։

 

  1. Անհասկանալի են ակադեմիական քաղաք ստեղծելու գաղափարները։ Սա հին, իր դարն ապրած մոտեցում է։ Երևանի ԲՈՒՀ-երն առանց այդ էլ գտնվում էին քաղաքի կենտրոնում, կողք կողքի։ Այդ ակադեմիական քաղաքն ի վերջո չի կառուցվելու, սկսվելուց հետո չի ավարտվելու։ Ուսուցումն այդտեղ անհասանելի է լինելու ինչպես ուսանողների, այնպես էլ դասախոսների համար։ Ի վերջո, Հ.Բեկնազարյանի անվ. կինոստուդիան, որի տարածքում նախատեսվում է կառուցել քաղաքը, ոչ այլ ինչ է, եթե ոչ Երևանի ծայրամաս։

 

  1. Պետք է դադարեցնել եկամտահարկի զեղչի հաշվին բնակարանային շինարարության անիմաստ ընդլայնումը։ Եկամտահարկի զեղչի իրավունք պետք է ունենան միայն առաջին անգամ ամուսնացող զույգերը։ Այդ ձևով ստացված բնակարանները նրանք չեն կարող վաճառել կամ վարձակալության տալ առնվազն 10 տարի։ Ներկայումս անկազմակերպվածության ու տնտեսական տրամաբանության բացակայության պայմաններում կան մարդիկ, որ մի քանի անգամ են օգտվում այս հնարավորությունից։ Բացի այդ, նման կառուցապատման հիմքում չկա տնտեսական անհրաժեշտություն. գյուղերը դատարկվում են։ Արդյունքում, բնակչության նույն թվի պարագայում բնակելի ֆոնդը շարունակում է մեծանալ (այն արդեն ավելի քան 100 մլն քառ. մետր է)։ Իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները իրար հետ մրցակցում են բնակելի շենքեր կառուցելու իրավունք ստանալու ու եկամտահարկի զեղչի հաշվին (այսինքն, ի վնաս բյուջեի) դրանք վաճառելու գործում։ Պետք է գիտակցել, որ առաջիկայում բնակարանային շինարարության ոլորտում սպասվում է ճգնաժամ։

 

  1. Անընդունելի է երիտասարդներին թոշակառուների համեմատ մեծ սոցիալական առավելություններ տալը։ Աշխարհում ընդունված բան է, որ աշխատողները կերակրում են չաշխատողներին (թոշակառուներին)։ 2018-2022թթ բյուջեից ավելի քան 200 մլրդ դրամ է հատկացվել իշխանավորներին (իմա՝ ՔՊ-ականներին) պարգևատրելու համար։ Այդ նույն ժամանակ միջին թոշակը աճել է 14% (40 հազ. դրամից դարձել է 46 հազ. դրամ), իսկ գները՝ 24% (պարենային ապրանքների գներն ընդհանրապես աճել են 29%-ով)։ Այդ պատճառով կենսաթոշակառուների մոտ (ներկայումս ունենք ավելի քան 465 հազ. թոշակառու) մահացությունը կտրուկ աճել է։ 2018-2021թթ ՀՀ-ում կյանքի միջին տևողությունը 75.9 տարուց դարձել է 72.4 տարի է։

Նելլի Գրիգորյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930