ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը
Օկուպացված Ստեփանակերտում իր բռնապետական վարչակարգի ու ցեղասպան քաղաքականությանը նվիրված շքերթի ժամանակ իր ելույթում Ալիևն ասել է, որ 2003-ին նախագահ դառնալուց ի վեր պատրաստվել է պատերազմի։ «Քսան տարի առաջ, երբ ես սկսեցի իմ աշխատանքը որպես նախագահ, իմ սիրելի ժողովրդին ասացի, որ մենք պետք է պատրաստ լինենք պատերազմի միջոցով ազատագրել մեր հողերը»,-նշել է նա։
Ելույթի ամփոփիչ խոսքում նա հավելել է․ «Մեզ նոր պատերազմ պետք չէ։ Մենք հասանք մեր ուզածին, վերականգնեցինք միջազգային իրավունքը, վերականգնեցինք պատմական արդարությունը, վերականգնեցինք մեր ազգային արժանապատվությունը, թշնամուն ցույց տվեցինք իր տեղը։ Թշնամին ծնկի է իջել մեր առջև, և ես այսօր այստեղ եմ՝ դիմելով հաղթանակած զինված ուժերին. մենք կատարել ենք բոլոր խնդիրները, բայց միևնույն ժամանակ, բանակաշինության հարցերը լինելու են մեզ համար առաջնահերթ խնդիրներից մեկը։ Թող սա իմանան բոլորը և թող ոչ ոք չմոռանա․․․»։
Իր ելույթի սկզբում Ալիևն ասում է, որ պատրաստվել է պատերազմի ու իմիտացրել բանակցային գործընթացը։ Վերջում էլ իբր նշում է, որ նոր պատերազմ չի ցանկանա, բայց զինտեխնիկա ձեռք է բերում, օկուպացնում ՀՀ տարածքները։ Հիշեցնեմ, որ Ալիևի ուղիղ հրահանգով Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանում սկսել են կոչել «Արևմտյան Ադրբեջան», էլ չեմ խոսում տարեկան կտրվածքով անցկացվող անհատական ու համատեղ զորավարժությունների մասին։ Փաստերը խոսուն են, մնում է մենք դասեր քաղենք ու նորից նույն սխալները չկրկնենք՝ թույլ տալով հայատյաց բռնապետին հասնել իր ծավալապաշտական ծրագրերի իրագործմանը։