Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀՀ ԳԱԱ-ում նշվեց Էդվարդ Ջրբաշյանի ծննդյան 100-ամյակը

Նոյեմբեր 08,2023 17:06

Սույն թվականի նոյեմբերի 8-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ գիտաժողով՝ նվիրված մեծավաստակ գրականագետ, ակադեմիկոս Էդվարդ Ջրբաշյանի ծննդյան 100-ամյակին։

Միջոցառման մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս Յուրի Սուվարյանը։ Նա ներկայացրեց Էդվարդ Ջրբաշյանի անցած գիտական ուղին՝ նշելով, որ այն օրինակ է նոր սերնդի համար։ Յուրի Սուվարյանն առաջարկեց հավերժացնել Էդվարդ Ջրբաշյանի հիշատակը և ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գրականության տեսության բաժինը վերանվանել ակադեմիկոս Էդվարդ Ջրբաշյանի անվան գրականության տեսության և գեղագիտության բաժին։ «Այսօր գրականության ոլորտում ժանրային տեսակները փոխվել են, դարձել բազմազան, և գրականության տեսությունը շատ ակտուալ է։ Ես կարծում եմ, որ մեր գրականագիտության ապագա հաջողություններն ավելի շատ կարող են պայմանավորված լինել նրանով, որ մենք լուրջ քայլեր կատարենք գրականության տեսության զարգացման գործում՝ շարունակելով ակադեմիկոս Ջրբաշյանի ավանդույթները», – ասաց Յուրի Սուվարյանը։

«Էդվարդ Ջրբաշյանի մարդկային, բարոյական բարձր նկարագիրը և գիտնականի բացառիկ նվիրումը հայրենի գիտությանը վառ օրինակ է եղել մեր սերնդի, այդ թվում՝ ինձ համար, ում բախտ է վիճակվել լինել նրա ուսանողը Երևանի պետական համալսարանում և աշխատել նրա հետ Գրականության ինստիտուտում։ Նրա մարդկային հմայքը ձևավորվում էր ներքին ազնվությունից, դիմացինին հարգելու կարողությունից, անաչառ վերաբերմունքից ուսանողի և աշխատակցի հանդեպ, գիտության երախտավորներին ըստ արժանվույն գնահատելու ունակությունից։ Նրա հիմնարար աշխատություններն այսօր էլ առանցքային նշանակություն ունեն գրականության պատմությամբ և տեսությամբ զբաղվող գիտնականների համար։ Այդ աշխատությունները դասագիրք են երիտասարդ գիտնականների ձեռքին։

Այս գիտաժողովը լայն հնարավորություն է մեկ անգամ ևս արժևորելու Էդվարդ Ջրբաշյանի գիտական ժառանգությունը, որով մեր գրականագիտությունը՝ հենված գրականության տեսության վրա, բարձրացավ ավելի բարձր մակարդակի», – ասաց ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Հերիքնազ Ոսկանյանը։

Ելույթներ ունեցան ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն Աննա Ասատրյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը, ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի նորագույն շրջանի հայ գրականության բաժնի վարիչ Սուրեն Աբրահամյանը, ակադեմիկոս Էդվարդ Ջրբաշյանի դուստր, ԵՊՀ ակադեմիկոս Հրանտ Թամրազյանի անվան հայ գրականության պատմության և գրաքննադատության ամբիոնի դոցենտ Աշխեն Ջրբաշյանը։

Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն նոյեմբերի 9-ին՝ Երևանի պետական համալսարանի Հայ բանասիրության ֆակուլտետում և նոյեմբերի 10-ին՝ ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում։

Գիտաժողովի ընթացքում կներկայացվեն շուրջ 3 տասնյակ զեկուցումներ՝ նվիրված Էդվարդ Ջրբաշյանի գիտական հարուստ ժառանգությանը։

Միջոցառման կազմակերպիչներն են ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը և Երևանի պետական համալսարանը։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930