Լրահոս
Օրվա լրահոսը

Մետաքսե Հակոբյան. «Մեր պայքարը ոչ միայն թշնամու շահը սպասարկող իշխանությունների դեմ է, այլ ազգային արժեքները մերժող աշխարհի»

Նոյեմբեր 08,2023 16:38

Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը «Հայելի» ակումբում Արցախի հետ կատարվածի եւ արցախցիների այսօրվա վիճակի մասին ասաց. «Անցած երեք տարիները կրկին անցան աչքիս առջեւով: Բայց եթե մեծ հաշվով նայենք, ամեն ինչ սկսվեց 2008-ի մարտի 1-ից, երբ հրապարակում հնչեց, որ ղարաբաղցիներին պետք է քշել Երեւանից (իրականում Փաշինյանն ասել էր․ «Մենք մեր քաղաքը պետք է ազատագրենք ղարաբաղցի տականքներից»․-խմբ․): Կարծում եմ, ամեն ինչ ակնհայտ էր հենց այդ օրվանից: Եվ 2018-ին ամեն ինչ պարզ էր, որ իշխանությունը զավթում են մարդիկ, որոնք պիտի հանձնեն, որոնք պիտի փորձեն բնաջնջել կամ աշխարհով մեկ սփռել Արցախում ապրող հայերին:

Հիմնական նպատակն ի սկզբանե Արցախն էր: Եվ ամիսներ առաջ, երբ ՔՊ-ական պատգամավորը որպես ուղերձ հայտարարեց, որ եթե պետք է փրկել 3 միլիոնին, ապա պետք է զոհել 120 հազարը (120 հազար արցախցու համար չպետք է վտանգվի 3 մլն հայի ճակատագիր․ փետրվարի 3-ին ԱԺ ամբիոնից հայտարարել էր ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը․ խմբ): Իրենք իրականում ազնիվ են եղել ու երբեք չեն թաքցրել իրենց իրական ցանկությունները եւ այն սցենարը, որով իրենք աշխատել են: Իսկ ես մտածում եմ, թե ինչո՞ւ մենք մինչեւ հիմա չենք հաջողում: Գուցե իրենք ավելի զորեղ են, որովհետեւ զորեղ են աշխարհով: Իսկ աշխարհն այսօր ազգային արժեքները մերժում է: Ու դրանում իրենք հաջողում են: Մեր պայքարը ոչ միայն թշնամու շահը սպասարկող իշխանությունների դեմ է, այլեւ, ստացվում է, ազգային արժեքները մերժող աշխարհի: Թերեւս, դրանով ենք մենք այս պահին ավելի թույլ:

Ինչի միջով ենք մենք անցնում: Վերջերս հաճախ եմ մտածում, որ հայերենն այնքան էլ հարուստ չէ, ինչպես մտածում էինք, որովհետեւ բառերով նկարագրելը դժվար է դարձել: Դժվար է նկարագրել անցած ինն ամիսները, չնայած, հիմա որ հետ եմ նայում, այդ անցյալը երանելի է թվում: Որովհետեւ հիմա մենք կերազեինք լինել մեր տանը՝ կիսասոված, երբ մի կտոր հաց կարողանում էինք հայթայթել եւ կիսել իրար մեջ, դա արդեն իսկ երջանկության զգացում էր: Երբ միշտ իրար տեսնելիս ասում էինք. կարեւորը, թեկուզ հարաբերական, բայց խաղաղ է, կարեւոր է, որ նոր զոհ չունենք, որ մեր տանն ենք:

Արցախում մենք միայն տուն չենք թողել: Մենք Արցախում մեր տների մեջ թողել ենք մեր սիրտն ու հոգին, մեր կյանքը, մեր նախնյաց հիշատակը: Ես շփվում եմ բազմաթիվ մայրերի հետ, որոնք Արցախում իրենց երեխաների շիրիմներն են թողել: Այդ մայրերը ապրում են մի նպատակով. հետ գնալ իրենց որդու շիրիմի մոտ: Հիմա 120 հազարից ավելի արցախցի կա այստեղ, գումարած եւս 40-50 հազար 2020 թվականից հետո այստեղ ապրողները: Չկա մեկը, որ հարազատի չի թողել Արցախի հողում: Շատ հեշտ են ասում՝ հարմարվեք, ապրեք, ինտեգրվեք: Այո, սա մեր մայր հայրենիքն է: Բայց դու պիտի ապրես այնտեղ, որտեղ քո հարազատների շիրիմներն են, այն մայրերը, որոնց զավակները Արցախի հողում են, պիտի ապրեն այնտեղ: Ու նրանց հակառակում համոզելը անհնար է:

Մենք այստեղ մեկ ամիս եւ ավելի մեզ նույն հարցն ենք տալիս. ով ենք մենք այստեղ, ով ենք մենք այս իշխանությունների համար եւ ընդհանրապես, ով ենք մենք այս աշխարհում: Այն արհավիրքը, որ մենք վերջին տասն օրն անցանք Արցախում, իր հետքը թողել է, որից հետո դժվար է առերեսվել այս իրականությանը, համակերպվել: Յուրաքանչյուր արցախցի, ում ես ամեն օր տասնյակներով եմ հանդիպում, հոգու խորքում մտածում եւ սպասում է, որ տեղի կունենա մի բան եւ ինքը մոտ օրերս տուն կվերադառնա: Բայց ես որպես քաղաքական գործիչ, սթափ մտածող ու պատասխանատվություն կրող մարդ՝ հասկանում եմ, որ հրաշքներ չեն լինում եւ ամեն ինչ կախված է մեզնից, մեր քայլերից, այստեղ մեր հայրենակիցների պատրաստակամությունից, սփյուռքում մեր հայրենակիցներից: Ու քանի դեռ այս միավորները գործելու են իրարից անկախ, կամ ցույց են տալու, թե իբր գործում են, բայց իրականում ոչինչ չեն անում, մենք այսպես էլ մնալու ենք տնավեր, բնավեր ու այս աղետը շարունակվելու է»,-ասաց Մետաքսե Հակոբյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930