Լրահոս
Օրվա լրահոսը

«Զգուշավոր լավատեսությունը՝ կապված 2024 թվականին խաղաղության պայմանագրի կնքման հետ, պահպանվում է»․ Գեւորգ Պապոյան

Նոյեմբեր 08,2023 15:59

«Միգուցե ակտիվ հանդիպումներ չկան, բայց պետք է ասել, որ այն զգուշավոր լավատեսությունը, որը ունենք՝ կապված 2024 թվականին խաղաղության պայմանագրի կնքման հետ, պահպանվում է»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը։

Նա նշեց, որ հիմնական առանցքային հարցերի շուրջ կարծես ըմբռնում կա։ «Միակ հարցը, որի շուրջ կարծես այդ ըմբռնումը չկար, գիտեք, այսպես կոչված միջանցքի հարցն էր։ Բայց այդ հարցը, իմ տպավորությամբ, Ադրբեջանի եւ Թուրքիայի իշխանությունների գոնե հրապարակային հայտարարություններից դատելով՝ օրակարգից դուրս է եկել։ Իրենք ասում են՝ դա իրենց պետք չէ, որովհետեւ իրենք տնտեսական առումով ավելի հարմար ճանապարհ են գտել իրենց համար։ Երկար ժամանակ այդ պրոցեսին հենց դա էր խանգարում, որովհետեւ դա Հայաստանի համար կարմիր գիծ է։ Ես ենթադրում եմ, որ հիմա նստելու եւ վերջնական տեքստի վրա աշխատելու համար Հայաստանին ոչինչ չի խանգարում։ Մենք պատրաստ ենք 1974-1975 թվականների քարտեզներով, որի կրկնօրինակները, որքան գիտեմ, երկու կողմերի մոտ կա, այդ քարտեզներով պայմանավորվել դեմարկացիայի, դելիմիտացիայի շուրջ, պայմանավորվել ճանապարհների ապաշրջափակման շուրջ, որովհետեւ ամենքս պատրաստվում ենք այդ գործընթացին»,- ասաց նա։

Ըստ Պապոյանի՝ ԱԱԾ կազմում հատուկ ստորաբաժանում է ստեղծվում, պարեկային ոստիկանությունը Սյունիքում նույնպես գործընթացն արագացնելու համար է ստեղծվել։ «Մենք ասում ենք, որ ցանկացած քաղաքացի, ով Ադրբեջանի սահմանից կհատի Հայաստանի սահմանը, ինքը հատելուց հետո պետք է իր կենսագործությունն իրականացնի բացառապես ՀՀ օրենսդրությամբ։ Եթե այս գործընթացը տեղի ունենա եւ տարածքների փոխադարձ ճանաչումը տեղի ունենա, Հայաստանը չի տեսնում որեւէ խոչընդոտ՝ խաղաղության պայմանագրի ստորագրման հետ կապված»,- ասաց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930