Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Սահակյանի դեմ ոստիկանությունը 20 հայց է ներկայացրել

Նոյեմբեր 08,2023 15:45

Քաղաքացիական ակտիվիստ Սուրեն Սահակյանի դեմ ոստիկանությունը վերջին մի քանի ամսվա ընթացքում միանգամից 20 հայց է ներկայացրել Վարչական դատարան: Բոլոր հայցերը նույն հիմքով են՝ ոստիկանության օրինական պահանջը չկատարելը եւ բոլորն էլ վերաբերում են Մաշտոցի պուրակում Սուրեն Սահակյանի վրան տեղադրելու ու քաղաքացիների հետ հանդիպումներ կազմակերպելու նախաձեռնությանը: Յուրաքանչյուր հայցով ոստիկանությունը պահանջում է Սահակյանի նկատմամբ վարչական տուգանք կիրառել 50.000 դրամի չափով:

Սուրեն Սահակյան

Ըստ Սուրեն Սահակյանի՝ հայցում որպես հիմնավորում ոստիկանությունը նշել է նաեւ․ «…Վերոգրյալ նորմերից հետևում է, որ ոստիկանությունն իր իրավունքներն իրականացնելիս կաշկանդված չէ մարդու և քաղաքացու ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքներով և ազատություններով…»: Այնինչ՝ Սահմանադրության 3-րդ հոդվածի 3-րդ կետով՝սահմանվում է․ «Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք»:

«Եթե իրենք իմանային Սահմանադրությունն ու հասկանային այդ բառերը գրելիս ինչ տիպի են խաթարում ժողովրդավար, իրավական պետության հիմքերը, ապա նվազագույնը նման բան չէին գրի: Սա պետական ինստիտուտների դեգրադացման հետևանք է։ Սա մեր կյանքի վերաբերյալ կարևորագույն որոշումներ կայացնող պետական համակարգում տգիտության ու իրենց գործի հիմքերը չճանաչելու վառ ցուցիչ է։ Սա նշանակում է, որ մենք 30 տարի ձևավորել ենք պետական կառավարման համակարգ, որը չգիտի՝ ինքը ինչի համար գոյություն ունի։ Սա նաև ցուցիչ է, որ մենք մեծ վտանգի առջեւ ենք կանգնած․ մենք չենք լինի, եթե չփոխենք այս համակարգը»,- Aravot.am-ին ասաց Սուրեն Սահակյանը:

Վերջինիս խոսքով, վրանը, որ իրենից ոստիկանները վերցրել են ու որի համար իրեն բերման են ենթարկել, հավաքի պարտադիր ատրիբուտ է ու այն կիրառելու հնարավորությունից իրեն զրկելով՝ իրավապահները խախտել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի բոլոր կետերը. «Էլ չեմ ասում ՀՀ օրենսդրությունը, երբ նորմալ չեն ներկայացրել, ինչի համար են բերման ենթարկում: Եթե ոստիկանությունը կարծում է, որ ես իրավախախտում եմ կատարում, նախ պետք է բացատրի՝ ինչ իրավախախտում եմ կատարել կամ եթե վրանը վերցրել են ինձնից ու վերացրել են իրենց արձանագրած իրավախախտման հիմքը, ինչու են ինձ բերման ենթարկում եւ ազատությունից զրկում, կամ բերման ենթարկելուց հետո, եթե որոշում են վարչական իրավախախտումների մասին արձանագրություն կազմել, ինչու դա չեն անում 40 րոպեում, ինչը լրիվ հնարավոր է, այլ անում են 3 ժամվա ընթացքում՝ ժամեր շարունակ զրկելով մարդուն ազատությունից: Այս բոլոր փաստերի համադրությունը հուշում է, որ խնդիրը խաղաղ հավաքը դադարեցնելն է, ոչ թե պարզապես տուգանելը: Ես հավաք-քննարկման եմ հրավիրել մարդկանց, իսկ ինձ ազատությունից զրկելով, դադարեցնում են հավաքը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Մաշտոցի պուրակում վրան տեղադրելու հերթական փորձի լուսանկարը՝ Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930