Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ռիսկերը միաժամանակ իրականանան, պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը կարող է անցնել 60 տոկոսից»․ ֆինանսների նախարար

Նոյեմբեր 08,2023 15:24

Եթե բոլոր ռիսկերը միաժամանակ լինեն, Հայաստանի պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը կարող է անցնել 60 տոկոսից։ Այս մասին Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Արթուր Խաչատրյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հարցրեց․ «Եթե փոխարժեքն ավելի մեծանա, արդյոք մենք ունե՞նք պահուստներ, որպեսզի կարողանանք հնարավոր բացասական ազդեցությունը մեղմել։ Մանավանդ, որ չպաշտպանված տոկոսադրույքային պարիտետի խրոնիկ խախտումները ցույց են տալիս, որ ինչ-որ պահի փոխարժեքը գալու է իր հավասարակշռված արժեքին։ Դուք որոշակի սցենարային պլանավորում արե՞լ եք՝ այդ ռիսկը մեղմելու կամ կառավարելու համար»։

Վահե Հովհաննիսյանն ասաց, որ տարբեր ռիսկային սցենարներ են հաշվարկել, որպեսզի հասկանան, թե տարբեր ռիսկերի դեպքում ինչ ազդեցություն է լինելու պարտքի մակարդակի վրա։ «Այս ռիսկերը ներառում են ոչ միայն փոխարժեքի կտրուկ փոփոխությունները, այլ նաեւ տնտեսական աճի թիրախներին չհասնելը, արտաքին տնտեսական հավելյալ շոկերը, ներդրումների պլանավորված մակարդակը չունենալը եւ այլն։ Մեր հաշվարկներով՝ այն սցենարը, որը մենք իրատեսական ենք համարում, պարտքը գտնվելու է 48,4 տոկոս մակարդակի վրա։ Կան սցենարներ, որ գտնվում է ավելի բարձր մակարդակի վրա, օրինակ՝ 50, 51, 52 տոկոս։ Եվ բոլոր սցենարների մարմնավորման դեպքում հնարավոր է 2026 թվականին պարտքի մակարդակը նույնիսկ անցնի 60 տոկոսից։ Այսինքն՝ եթե բոլոր ռիսկերը հանկարծ մի օր միանգամից իրականացվեն, ապա մենք կարող է անցնենք 60 տոկոսից։ Սա, իհարկե, կատաստրոֆա չէ։ Այսինքն՝ մենք տեսնում ենք, որ հիմա ունենք պարտքի այնպիսի մակարդակ, որ կարող ենք բոլոր ռիսկերի իրականացման դեպքում անցնել 60-ից»,- ասաց նա։

Վահե Հովհաննիսյանի խոսքով՝ տարեկան մեկ տոկոսի չափով ավելացնելով դրամային պարտքի մասնաբաժինն ընդհանուր պարտքում՝ թույլ կտա երկարաժամկետ հատվածում բալանսավորել արտարժութային ռիսկերը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930