«Առաջարկել եմ վերջին տարիներին Բրյուսովում տեղի ունեցածը գրել Հայաստանի բարձրագույն կրթության պատմության մեջ, որովհետեւ իրականում դրանք շատ զավեշտալի իրադարձություններ են: Հիշո՞ւմ եք մեկ տարի առաջ համալսարանի պայքարը՝ բուհը միավորելու անհեթեթ նախագծի դեմ: Դրանից հետո տեղի ունեցան շատ հետաքրքիր իրադարձություններ: Նախ մրցույթ, եւ ռեկտոր ընտվեց Կարինե Հարությունյանը, սակայն չգիտես ինչու՝ առանց որեւէ հիմնավորման մինչեւ այսօր դա չհաստատվեց, դրա համար որեւէ հիմնավորում չեղավ…Միայն այն, որ պարտված ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը դիմել է դատարան, իբր նիստերից մեկի ժամանակ մի ուսանողի տեղը մեկ այլ ուսանող է մասնակցել, քրեական գործ է հարուցվել, երկար ժամանակ քննչական գործողություններ էին ընթանում…
Դրանից հետո որեւէ բան չպարզվեց այս ընթացքում: Ես դարձա ռեկտորի պարտականությունների կատարող մինչեւ մարտի 15-ը, որից հետո ապօրինի որոշմամբ, չհաստատելով մեր կողմից ընտրության արդյունքները (մինչ այսօր որեւէ հիմնավորում չի բերվել, ընդամենը եղել է նախարարի բանավոր խոսքը, որ բողոքներ են եղել, երբ ոստիկանների ուղեկցությամբ եկավ համալսարան): Թե ինչ բողոքներ էին, որեւէ մեկը մինչ օրս չգիտի, հետո բերեցին կանոնադրության խախտումով, որովհետեւ ժամանակավոր խորհուրդն իրավունք չուներ ռեկտորի պաշտոնակատար նշանակել, 300 ոստիկանի ուղեկցությամբ մեծ հայագետ պարոն Գյուրջինյանին նշանակեցին համալսարանի ռեկտորի պաշտոնակատար»,- ասուլիսում ասաց Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսումնագիտական աշխատանքների հարցերով պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը:
Նախկին պրոռեկտորի խոսքով, այս ամենից հետո սկսվել է երկրորդ՝ բռնաճնշումների փուլը, մարդկանց են ազատել աշխատանքից, ուսանողների ճնշել, շատերին ժամեր չեն տրամադրել՝ դասավանդելու համար, այդ թվում՝ իրեն: Ցոլակ Ակոպյանը շեշտում է. «Համալսարանի ռեկտորը ֆինանսական գործունեությունից ոչինչ չի հասկանում, իսկ նրա որոշումներն ուղղակի զարմանք են հարուցում: Եթե ամեն բան այս տեմպերով շարունակվի, համալսարանն ինքն իրենով կփակվի…Այս ընթացքում այլ խախտումներ էլ են իրականացվել, 1/3-րդով ընտրված ուսանողին դարձրել են ուսխորհրդի նախագահ, ոչ թե նրա համար, որ հետաքրքրված են ուսանողական ինքնակառավարմամբ, այլ որ ձեւավորեին մի խորհուրդ, որը պարոն Գյուրջինյանին կարգի ռեկտոր»:
Աշխատանքից ազատված պրոռեկտորն ասում է, որ Դավիթ Գյուրջինյանի երեսին ասել է, որ նա օրինական չի ընտրվել. «Ասացի, որ մշտապես պայքարելու եմ դրա դեմ, չեմ պատրաստվում աշխատանքից ազատման դիմում գրել: Ի դեպ, իմ նկատմամբ եղավ նաեւ շանտաժ՝ կամ դիմում ես գրում, աշխատանքից դուրս ես գալիս, կամ որոշակի քրեական գործեր եմ քո նկատմամբ ուղարկում դատախազություն: Եվ այդ գործերն իսկապես ուղարկվել են դատախազություն: Հետաքրքիր է, որ պրոցեսը դեռեւս նախաքննական է, բայց էդ մարդը իմ ազատման հիմքում դա է դրել:
Կարդացեք նաև
Բնականաբար, ես շանտաժի չենթարկվեցի, որովհետեւ վախենալու որեւէ բան չունեմ… Այնուհետեւ եկավ սեպտեմբերի 19-ի չարաբաստիկ օրը, ես դուրս եկա փողոց՝ կանգնելու Արցախի իմ քույրերի, եղբայրների կողքին: Այդ ընթացքում, երբ կոչ էի անում գործընկերներիս միանալ պայքարին, իսկ ուսանողներին ասում էի, որ որեւէ մեկն իրավունք չունի իրենց ինչ-որ բան պարտադրելու, մեկ էլ երեկոյան ժամը 7-ին մալբրի համակարգով պարոն Գյուրջինյանը ստորագրում է իմ ազատման հրամանը, եւ սա այն դեպքում, երբ ինքն ամեն օր աշխատանքից տուն է գնում ժամը 5-ից 5:20»:
Մանրամասն` տեսանյութում
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ