Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ 8 գյուղերի մասին խոսում եք դուք, Հաջիեւը եւ Իլհամ Ալիեւը»․ ՔՊ-ական պատգամավորը «չի հիշում» Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները

Նոյեմբեր 08,2023 14:25

«Հայաստանը երբեք ոչինչ չի խոստացել, Հայաստանը հայտարարել է, որ պատրաստ է սահմանների դելիմիտացիայի եւ դեմարկացիայի՝ 1974-1975 թվականների քարտեզներով։ Իսկ, օրինակ, այդ քարտեզներով նույն Տավուշի մարզում մենք ունենք 7-8 հողեր, որոնց վարելահողերն ամբողջովին գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը՝ անդրադառնալով այսպես կոչված «անկլավների» հարցին։

«Տարբերակներից մեկը կարող է լինել այն, որ սահմանն այդ մասում կարող է մնալ հենց այն տեսքով, ինչ տեսքով կա։ Մյուս տարբերակով կարող է լինել, որ ենթադրենք ինչ-որ վարելահողեր, որոնք մեր գյուղերին են պատկանել, պետք է նորից անցնեն Հայաստանին։ Դելիմիտացիան եւ դեմարկացիան այս գործընթացն է, բայց այդ գործընթացի արդյունքում Հայաստանի տարածքը լինելու է եւ պետք է լինի 29 800 քկմ։ Դա պետք է խաղաղության պայմանագրի մեջ արտացոլվի։ Եթե ձեռք բերվի պայմանավորվածություն, որ այն, ինչ սահմանից այն կողմ է, մնում է Հայաստանին, եւ հակառակը, ապա այդ մասով չի կարող տեղի ունենալ դեմարկացիա եւ դելիմիտացիա։ Խաղաղության պայմանագրի կարեւորագույն դրույթներից մեկը հետեւյալն է, որ պետք է ամրապնդվի, արձանագրվի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, Հայաստանի 29 800 քկմ տարածքը, ճանապարհների ապաշրջափակումը, տեւական խաղաղությունը։ Խաղաղության պայմանագրում չպետք է լինեն դրույթներ, որոնք իրենց մեջ ռումբեր կարող են պարունակել»,- ասաց նա։

«Առավոտը» Գեւորգ Պապոյանին հարցրեց՝ ի՞նչ տարածքային ամբողջականության եւ խաղաղության մասին է խոսում իշխանությունը, եթե Ադրբեջանը կարող է տիրանալ Հայաստանի ռազմավարական նշանակության բնակավայրերին կամ ճանապարհներին։ Օրինակ՝ եթե ադրբեջանական զորքերը հասնեն Տիգրանաշեն, ի՞նչ խաղաղության մասին կարող է խոսք լինել։ Պապոյանն ի պատասխան ասաց․ «Ձեր արտահայտած մտքերը ՀՀ մասին չեն, ես չգիտեմ՝ ձեզ այդ տեղեկատվությունը որտեղից»։

Գեւորգ Պապոյանին հիշեցրեցինք, որ Տիգրանաշենի, 8 գյուղերի հանձնման հարցը առաջ է քաշել անձամբ Նիկոլ Փաշինյանը։ «Այդ 8 գյուղերի մասին խոսում եք դուք, Հաջիեւը եւ Իլհամ Ալիեւը»,- պատասխանեց Պապոյանը։ ՔՊ խմբակցության պատգամավորին հիշեցրեցինք, որ այսպես կոչված «անկլավները» հանձնելու մասին Նիկոլ Փաշինյանն է խոսել՝ հայկական Տիգրանաշենը անվանելով ադրբեջանական հորինված «Քյարքի»։

Գեւորգ Պապոյանին հիշեցնում ենք, որ այս տարվա մայիսին 22-ի իր ասուլիսում Նիկոլ Փաշինյանն առաջ քաշեց այսպես կոչված «անկլավները» հանձնելու թեզը։ Հարցին, թե արդյոք Ադրբեջանի 866 հազար քկմ տարածքի մեջ, որը ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ ճանաչում են, մտնո՞ւմ են նաեւ այսպես կոչված անկլավները, Նիկոլ Փաշինյանը պատասխանել էր «Այո, որովհետեւ 29 800 քկմ մեջ Արծվաշենը նույնպես մտնում է։ Իսկ 866 հազար քկմ մեջ մտնում են նաեւ անկլավները»։

Այնուհետեւ այս տարվա հունիսի 1-ին Մոլդովայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսել էր Տիգրանաշենի հնարավոր հանձնման մասին։ «Ենթադրենք մենք ելնում ենք այն կանխավարկածից քաղաքական մակարդակով, որ էդտեղ եղել է Քյարքի: Ենթադրենք մենք ասում ենք՝ պետք է գնանք իրավական հիմքերը նայենք: Քաղաքական առումով, եթե կպարզվի, որ էդ քարտեզով Ադրբեջանինն է, մենք ոչ մի խնդիր չունենք, եւ փաստ չի, որ Ադրբեջանը կուզի Արծվաշենը վերադարձնի եւ Քյարքին վերցնի։ Բայց եթե նույնիսկ էդպես է, ես ուզում եմ, որ էդ հարցի արժեքը չգերագնահատենք, որովհետեւ այնպիսի անկլավ չկա, որը մեզ համար կառաջացնի ճանապարհային անլուծելի պրոբլեմ»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարը՝ ՔՊ ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930