«Հայցվոր կողմն ակնհայտորեն հայտնվել է ցայտնոտի մեջ և ունի երկու ընտրություն»,- «Տիգրան Ավինյանն ընդդեմ լրագրող Դավիթ Սարգսյանի եւ «168 ժամի» քաղաքացիական գործով նախնական դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց լրագրող Դավիթ Սարգսյանը։
Նա նշեց՝ հայցվոր կողմի ընտրության երկու տարբերակն է՝ կամ շարունակել «քաղաքացիական դատավարության այս ֆարսը» կամ հետ վերցնել այն․ «Նախնական դատական նիստում, երբ հարցեր տվեցինք հայցվորի ներկայացուցչին, քանի որ հայցվորը երբեք չի բարեհաճում ժամանել դատական նիստերի դահլիճ, նա ընդունեց, որ այսպես կոչված վիրավորական բոլոր արտահայտությունների փաստական հիմքն անխոցելի է։ Բայց խնդիր էր տեսնում դրանց հիման վրա գնահատողական դատողությունների մասով։ Երբ փակուղային վիճակում հայտնվեցին, որոշեցին փոխել հայցապահանջը, իրականում իրենք նոր հայցապահանջ են ներկայացրել, իսկ վաղեմության ժամկետը վաղուց լրացել է։ Ի վերջո, նոր հայց է ներկայացվել ինը, տասն ամիս առաջ հրապարակված մի տեսանյութի առիթով»։
Ըստ Դավիթ Սարգսյանի՝ երկրորդ ընտրությունը հայցադիմումը հետ վերցնելն է․ «Եթե հայցային վաղեմության ժամկետը բավարարվի, դա ավտոմատ է տեղի ունենում։ Եթե հետ են վերցնում հայցադիմումը, դրանով իրենք վկայում են, որ այս ամբողջ գործընթացի մեջ ի սկզբանե սխալ էր ներքաշվելը։ Ես ու իմ լրատվամիջոցը օգտվել ենք փաստեր հավաքելու և գնահատողական դատողություններ անելու՝ մեր սահմանադրական իրավունքից՝ ՄԻԵԴ-ով երաշխավորված մեր իրավունքից։ Դրանից որևէ մեկը մեզ չի կարող զրկել։ Ընդամենը րոպեներ առաջ մեզ ներկայացված՝ այդ լրացված կամ փոփոխված հայցապահանջի հիմքում դրված դատողություններն են շատ ծիծաղելի։ Սկզբնական հայցադիմումի պահանջներից մեկն այն էր, որ իրենք վիրավորական էին համարել հետևյալ արտահայտությունը՝ «բանակից անհայտ հանգամանքներում ազատված Տիգրան Ավինյանը նշանակվում է փոխվարչապետ և մի քանի օր անց հայտնվում է կոռուպցիոն սկանդալների կիզակետում»։ Փոփոխված հայցապահանջով իրենք վիրավորական են համարել «բանակից անհայտ հանգամանքներում ազատված Տիգրան Ավինյանը արտահայտությունը»։ Ինձ թվում էր՝ իրենք պետք է վիրավորական համարեին «մի քանի օր անց կոռուպցիոն սկանդալների կիզակետում» ձևակերպումը։ Բայց դա վիրավորական չեն համարել։ Իսկ «բանակից անհայտ հանգամանքներում ազատված Տիգրան Ավինյանը» բնավ վիրավորական չէ, որովհետև առ այս պահը մեր հանրությունը չգիտի, թե ամենաբարձր պետական պաշտոններ զբաղեցրած, հիմա էլ քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Ավինյանն ինչ հանգամանքներում է ազատվել բանակից։ Մենք ունենք ենթադրություններ, դատողություններ, բայց «բանակից անհայտ հանգամանքներում ազատված Տիգրան Ավինյան» արտահայտությունը համարել վիրավորական կամ զրպարտչական, դրա համար մեծ երևակայություն է պետք ունենալ»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ