«Մի շարք ասելիքներ ունեմ, ասուլիսի օրը սիմվոլիկ եմ ընտրել, որովհետեւ այսօր իմ աշխատանքային գործունեության վերջին օրն է: 49 օր առաջ, երբ տեղի ունեցան հայտնի իրադարձությունները, այդ օրը ստացա ազատման հրաման»,-ասաց Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսումնագիտական աշխատանքների հարցերով պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը՝ համալսարանի կենտրոնական մասնաշենքի դիմաց հրավիրված ասուլիսում:
Նա ներողություն խնդրեց արցախահայերից, որոնք ավելի կարեւոր խնդիրներ ունեն, բայց ինքը ստիպված է անդրադառնալ իր խնդրին. «Մյուս կողմից՝ ուզում եմ ընդգծել, որ չխոսելու արդյունքն է այն, ինչ իրավիճակում հայտնվել ենք: Եթե յուրաքանչյուրն իր տեղում խոսեր ժամանակին, յուրաքանչյուրն իր տեղում պայքարեր, այն խնդիրները, որ այսօր առկա են, այն խնդիրները, որ ունենք կրթության համակարգում, Բրյուսովի անվան համալսարանում, եւ անձնապես ես ունեմ, չէին ծագի: Ես կխնդրեմ հարցազրույցի ընթացքում իրավապահ մարմիններին ուշադիր լինել եւ այս հարցազրույցը դիտարկել իբրեւ հանցագործության մասին հաղորդում, որովհետեւ իմ ելույթում կարող են լինել որոշակի ձեւակերպումներ, որոնք հանցագործության մասին տարրեր կպարունակեն»:
Ցոլակ Ակոպյանն անդրադարձավ կրթական համակարգում առկա խնդիրներին. «Այսօր ունենք ԿԳՄՍ նախարարություն, որի գլուխ կանգնած անձնավորությունը սպառնալիք է Հայաստանի Հանրապետության համար: Այն, ինչ կատարվում է կրթական համակարգում՝ կապված բուհական դասագրքերի, հայոց պատմության դասագրքի եւ այլնի հետ, խոսում է այն հանգամանքի մասին, որ միտումնավոր ամեն ինչ արվում է մեր հոգեւոր անվտանգությունը, ազգային արժեքները խաթարելու, հային իր պատմությունը մոռացնելու համար:
Բերում են տարբեր օրինակներ, թե իբր քննադատական մտածողություն եւ այլն, իսկ ի՞նչն է խանգարում հայ ժողովրդի ծագումը սկսել Հայկի եւ Բելի առասպելից եւ քննադատական մոտեցում դրսեւորել: Այսինքն, այն ձեւակերպումները, որ այսօր բերվում են, ուղղակի մանիպուլյացիա են, հասարակությանը շեղելու փորձ: Ես ցավում եմ, որ շատ ինստիտուտների կարծիքը չլսեցի այս մասին, օրինակ՝ Գիտությունների ակադեմիան, Երեւանի պետական համալսարանը, որ շատ ասելիք ուներ, ուղղակի լռում են: Խոսքը, իհարկե չի վերաբերվում անհատներին»:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերվում է բարձրագույն կրթության համակարգին, այս պասին էլ Բրյուսովի՝ աշխատանքից ազատված պրոռեկտորը նշեց. «Կարծեմ հունիս ամսին՝ կառավարության նիստերից մեկի ժամանակ Ժաննա Անդրեասյանը ներկայացրեց Ակադեմիական քաղաքի գաղափարը: Ըստ այն ծրագրի, որ ներկայացվել եւ կառավարությունում քննարկվել է, լինելու է 6 բուհ, մեկը լինելու է դասական համալսարան, ինչպես նշեց տիկին նախարարը, խոսքը վերաբերվում է ԵՊՀ-ին, որտեղ կենտրոնանալու է հումանիտար եւ հասարակական բլոկը, Երեւանում էր մնալու Բժշկական համալսարանը՝ որպես բժշկության ոլորտը սպասարկող համալսարան, իսկ մնացած 4 նոր ստեղծվելիք բուհերը իրենց ասելով՝ խոշորացվող բուհերը, տեղափոխվելու են Ակադեմիական քաղաք:
Չգիտես ինչու՝ Ակադեմիական քաղաքի վայրը Աշտարակից տեղափոխվեց Երեւան, միգուցե մի տարի հետո այս տեմպերով շարունակելու դեպքում՝ կհասնի կենտրոն: Ըստ նախնական ծրագրի՝ ակադեմիական քաղաքում լինելու է 4 համալսարան՝ տեխնոլոգիական, որը միավորելու է տեխնիկական բուհերը, կրթական, որը միավորելու է մանկավարժական համալսարանը եւ Բրյուսովի համալսարանի փոքր տոկոսը, որը մանկավարժական ուղղվածություն ունի, իսկ մնացած մասը երեւի կմիանա ԵՊՀ-ին, ունենալու ենք սպայական համալսարան եւ մշակութային ուղղությամբ համալսարան:
Այսինքն, այս ծրագրից երեւում է, որ ըստ կառավարության ծրագրի՝ Բրյուսովի անվան համալսարան, հումանիտար կամ լեզվաբանական համալսարան 2027 թվականից չի լինելու: Սա խոսում է այն մասին, որ այն պայքարը, որն իրականացրեց համալսարանը վերջին 3 տարիների ընթացքում, թեեւ կանխվեց անհեթեթ միացումը Մանկավարժականին եւ Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտին, բայց միեւնույն է՝ կառավարությունը չհրաժարվեց իր չմշակված ծրագրից եւ շարունակում է իր քաղաքականությունը պարտադրել բուհերին:
Ի դեպ, նիստը եղել էր, որոշումն ընդունվել էր, նոր բուհը ստացել է գրություն, որ եթե փորձագետները ցանկանում են իրենց կարծիքը ներկայացնել, կարող են ներկայացնել: Որոշումն արդեն ընդունված է, սակայն ձեւականորեն ուզում են ցույց տալ, որ իբր ժողովրդավարական երկիր ենք, ձեր կարծիքն ուզում ենք լսել»։
Մանրամասն՝ տեսանյութում
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ