Լրահոս
Օրվա լրահոսը

«ԼՂ-ից բռնի տեղահանվածները կստանան թոշակ, միաժամանակ նաեւ՝ 50 հազար դրամները»․ Վահե Հովհաննիսյան

Նոյեմբեր 08,2023 13:16

Արցախից բռնի տեղահանված անձանց ծախսերի համար 2024 թվականի պետական բյուջեից նախատեսվում է հատկացնել 144 մլրդ դրամ։ Այս մասին Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը (լուսանկարում)։ «Խոսքը գնում է 144 մլրդ դրամ հավելյալ ծախսերի մասին։ Սա ամբողջությամբ մենք տեղափոխում ենք պահուստային ֆոնդ։ Սա չի նշանակում, որ այդ ամբողջ 144 մլրդ-ը ծախսվելու է, որովհետեւ եթե մենք դեռեւս պատկերացում չունենք, թե ինչպիսի ծրագրեր ենք իրականացնելու, բնականաբար, ծախսերի մասին էլ պատկերացում չունենք։ Բայց ամեն դեպքում այն գումարը, որը տրամադրվում է Լեռնային Ղարաբաղին, կհայտնվի մեր ծախսերում, եթե դրանք հայտնի են, եթե ոչ, դա կհայտնվի պահուստում։ Եվ դա կլինի հավելյալ բարձիկ»,- ասաց նախարարը։

Վահե Հովհաննիսյանի խոսքով՝ ի սկզբանե արցախցիների համար ծախսեր նախատեսված չէին 2024 թվականի բյուջեի նախագծում, իսկ պատճառն այն է, որ նախագիծը կառավարությունը հաստատել էր դեռեւս այս տարվա սեպտեմբերին։ «Եվ, ըստ այդմ, մենք քննարկեցինք այն, որ նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկելուց առաջ մենք կներկայացնենք նաեւ այդ ծախսերը։ Որպես նախնական տեղեկություն՝ կուզեի ասել, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների թոշակների եւ նպաստների գծով ծախսերը կներառենք, որը կավելացնի մեր կենսաթոշակային ծախսերը մոտ 30 մլրդ դրամով։ Մենք վաղը կառավարության նիստով կհաստատենք նաեւ օրենքի փոփոխությունների վերաբերյալ նախագիծը, որը կուղարկենք Ազգային ժողով։ Դա հնարավորություն կտա աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը վճարել Ղարաբաղից տեղահանված թոշակառուների թոշակներն այնպես, ինչպես իրենք ստանում էին, երբ գտնվում էին Լեռնային Ղարաբաղում»,- ասաց Վահե Հովհաննիսյանը։

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հարցրեց՝ արցախցիները եւ աջակցության գումարներն են ստանալու, եւ թոշա՞կը։ Վահե Հովհաննիսյան ի պատասխան ասաց․ «Որքանով, որ ես տեղյակ եմ, նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսների այն գումարները, որոնք տրամադրվելու են՝ 50 հազար դրամները, կապ չեն ունենալու թոշակի հետ։ Այսինքն՝ մարդիկ կստանան թոշակ, բայց միեւնույն ժամանակ այդ 50 հազարները չեն պակասելու»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930