Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա ի՞նչ եք դիտում՝ հայցից մասնակից հրաժարո՞ւմ»․ Դավիթ Սարգսյանի ներկայացուցիչն այն մասին, որ փոփոխված հայցում չկա «Փաշինյանն անմիջապես նշանակեց փոխվարչապետ, օրեր անց կոռուպցիոն սկանդալի կիզակետում էր» մասը

Նոյեմբեր 08,2023 13:08

Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիրի նստավայրում տեղի ունեցած «Տիգրան Ավինյանն ընդդեմ լրագրող Դավիթ Սարգսյանի եւ «168 ժամի» քաղաքացիական գործով նախնական դատական նիստի ընթացքում նախագահող դատավորն ասաց, որ դատարանը որոշում էր կայացրել հայցի առարկայի փոփոխության։ Պատասխանող կողմն ասաց՝ որոշումը չի ստացել։ Որոշմանը ծանոթանալուց հետո՝ նիստը շարունակվեց։

Հիշեցնենք՝ մարտի 31-ին Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հայց է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ «168 ժամ» ՍՊԸ -ի և լրագրող Դավիթ Սարգսյանի՝ ներողություն խնդրելուն, պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու և պատասխանողներից 9 միլիոն դրամ փոխհատուցում բռնագանձելու պահանջներով։ Հայցի առիթը փետրվարի 25-ին «168․am» կայքի յութուբյան ալիքում հրապարակված տեսանյութն է՝ «Տիգրան Ավինյան. նորահայտ մեծահարուստը» վերնագրով, որի հեղինակը՝ Դավիթ Սարգսյանը, փոխքաղաքապետին, մասնավորապես, ներկայացնում է որպես «անսահմանափակ վարչական ռեսուրսի տիրապետող» պաշտոնյա, որի ընտանիքը «անշեղորեն հարստանում է»։

Դատավորն ասաց, որ դատարանը ստացել է նաև միջնորդություն հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ։ «168 ժամի» ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը մանրամասնեց․ «Խոսքը վերաբերում է այն փաստական տվյալներին, որ հայցվորը 04․09․2023-ին դատարանի կողմից կայացված որոշման հիման վրա կատարել է հայցապահանջի առարկայի փոփոխություն։ Դատարանի որոշմամբ՝ ըստ էության՝ այն թույլատրվել է։ Հայցապահանջի առարկայի փոփոխությամբ այն տարբերվում է սկզբնական հայցապահանջի առարկայից։ Այն ներկայացնում է նոր հայցապահանջի առարկա։ Նման պարագայում օրենսդիրը սահմանել է նման պահանջների ներկայացման համար մեկամսյա ժամկետ։ Գտնում ենք, որ տվյալ դեպքում լրացել է վաղեմության ժամկետը, ինչը հիմք է հայցը մերժելու համար»։

Տիգրան Ավինյանի ներկայացուցիչ Հարություն Հարությունյանն ասաց․ «21․03․2023-ին ներկայացրել ենք հայցադիմում, այնուհետև իմ կողմից, նաև դատարանի կողմից կատարված արտահայտությանը համահունչ, որ գտնում է, որ հստակեցման անհրաժեշտություն կա, ներկայացվել է հայցադիմումի հստակեցում փաստաթուղթ։ Դա կողմի դատավարական իրավունքն է։ Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը կողմերին չի արգելել հայցադիմումի հստակեցում ներկայացնելու իրավական հնարավորությունից։ Այնուամենայնիվ, դատարանը փաստաթուղթը դիտարկել է հայցի առարկայի փոփոխություն թույլատրելու միջնորդություն, և դատարանի որոշումն այդ մասով կարող է քննարկման առարկա դառնալ միայն հետաձգման գործարկման կարգով, քանի որ այս պահին ունենք որոշում։ Դատարանը բավարարել է առարկայի փոփոխության թույլատրության վերաբերյալ միջնորդությունը։ Դատարանն արձանագրել է՝ հետապնդման իրավաչափ նպատակով հայցի փոփոխություն տեղի չի ունեցել։ Այդ դեպքում փաստարկ ներկայացնել առ այն, որ հայցի առարկայի փոփոխությունը կարող է հայցային վաղեմությունն անցնել, չի բխում օրենքից, ոչ էլ ձևավորված օրենքի միատեսակ կիրառումն ապահովող վճռաբեկ դատարանի որոշումներից։ Գտնում եմ, որ հայցի հիմքի, առարկայի էության՝ հետապնդվող իրավաչափ նպատակի փոփոխություն տեղի չի ունեցել, հետևաբար հայցային վաղեմություն չի կարող կիրառվել այս դեպքում։ Խնդրում եմ ամբողջությամբ մերժել միջնորդությունը»։

Նախագահող դատավորը, դիմելով հայցվորի ներկայացուցչին, հորդորեց դատական ակտերը կասկածի տակ չդնել, քանի որ արդեն կա որոշումը, որը հրապարակվել է։

Դավիթ Սարգսյանի ներկայացուցիչ Արթուր Հովհաննիսյանն ասաց․ «Եթե մի նյութի շրջանակներում՝ զրպարտությունը հերքելու պահանջով հետագայում այդ նյութում ինչ բառ ուզենան, ավելացնեն, ավելացրին, հայցային վաղեմությունն աշխատելու է։ Բնականաբար, խոսքը հայցի առարկան փոփոխելու մասին է։ Հայցի մեջ պատճառաբանական մասում անդրադարձ կա զրպարտությանը վերաբերող նյութի արտահայտություններին։ Արտահայտություն կա, որ այս հայցի առարկայի փոփոխության մեջ չկա։ Օրինակ՝ հիմնական հայցի փաստական հիմքում հայցվորն ասել է, որ այս նյութում նման արտահայտություններ կան զրպարտող, օրինակ, որ բանակից անհայտ հանգամանքներից ազատված Ավինյանին Փաշինյանն անմիջապես նշանակեց փոխվարչապետ, օրեր անց կոռուպցիոն սկանդալի կիզակետում էր։ Փոփոխված հայցի առարկայում «բանակից անհայտ հանգամանքներից ազատված» արտահայտությունը կա միայն։ Սա ի՞նչ եք դիտում՝ հայցի առարկայի նվազեցո՞ւմ, հայցից մասնակից հրաժարո՞ւմ»։ Հայցի փաստական հիմքերը կապ չունեն պահանջի հետ, բերվել է նոր պահանջ»։

Դավիթ Սարգսյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանն էլ պնդեց՝ ունենք նոր պահանջ։

Դատարանը որոշեց ապացուցման պարտականությունը կողմերի միջև բաշխել հետևյալ կարգով՝ միջնորդող կողմը պետք է ապացուցի միջնորդության հիմքում ընկած հանգամանքները, իսկ հայցվոր կողմը պետք է ապացուցի իր առարկության հիմքում ընկած փաստական հիմքերը, որ հայցապահանջը ներկայացվել է փաստական վաղեմության ժամկետների մեջ։ Դատարանը միջնորդության քննարկումը հայտարարեց ավարտված։ Հեռացավ դատական ակտ կայացնելու։ Այն կհրապարակվի դատարանի պաշտոնական կայքում՝ նոյեմբերի 28-ին։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930