Արցախի պետական ինստիտուտների պահպանման համար ծախսեր նախատեսված չեն 2024 թվականի բյուջեի նախագծում։ Այս մասին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը նշեց, որ Արցախին տրամադրվող միջպետական վարկը ներառում էր նաեւ Արցախի պետական ինստիտուտների պահպանումը։ «Ակնհայտ է, որ պետական ինստիտուտներն ամբողջ ծավալով պահպանելու իմաստ չկա, բայց անհրաժեշտություն կա գոնե պահպանել Արցախի ընտրված իշխանությունների ներկայությունը ՀՀ-ում։ Հասկանալի է, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության անեքսիայից հետո չի վերանում։ Եվ Արցախի ժողովուրդը գոնե քաղաքական առումով պետք է ունենա ընտրված ներկայացուցիչներ եւ ունի, որոնք պետք է առնվազն միջազգային հարթակներում ներկայացնեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքները եւ պաշտպանեն նրանց շահերը։ Ուզում եմ հասկանալ՝ այդ գումարների մեջ, որոնք տրամադրվելու են, արդյոք որոշակի մասնաբաժին հատկացվե՞լ է պետական ինստիտուտների պահպանմանը»,- հարցրեց Արթուր Խաչատրյանը։
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը պատասխանեց․ «Ես ասացի, որ մենք դեռ վերջնական բոլոր ծրագրերը չունենք։ Մենք ընդամենն ունեն նախնական տվյալներ թոշակառուների եւ թոշակի մակարդակի մասին, որը լինելու է որպես ծախս։ Մնացած ծրագրերը, եթե ձեւավորված չլինեն մինչեւ բյուջեի ընդունումը, մենք այդ գումարները կնախատեսենք պահուստային ֆոնդում, եւ տարվա ընթացքում ծրագրերի պատրաստ լինելու դեպքում պահուստային ֆոնդից զուգընթաց կտրամադրենք։ Դա, իմ պատկերացմամբ, վերաբերում է մարդկանց աշխատանքի տեղավորելու եւ աշխատանքային շուկայում արագ ինտեգրելու ծրագրերին, բնակարանային ծրագրերին»։
Վահե Հովհաննիսյանն ասաց, որ Արցախի պետական ինստիտուտների պահպանման համար ծախսերի մասին տեղեկացված չէ։ Արձագանքեց Գեւորգ Պապոյանը․ «Ես ունեմ տեղեկություն, կարող եմ պատասխանել, որ նախատեսված չեն, պարոն Խաչատրյան, եւ չեն լինելու»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ