«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Իջեւանի անտառտնտեսության անտառապետ Արտաշես Մատինյանն իր 12 հոգանոց կամավորական ջոկատով Վարդենիսում հայ-ադրբեջանական սահմանը հսկելիս է եղել, երբ աշխատավայրից գործավարուհին զանգել է ու տեղեկացրել, որ իրեն բացակա են դրել։ Իջեւանի անտառտնտեսության տնօրեն Մհեր Ղալթախչյանը, անհարգելի համարելով անտառապետի՝ Վարդենիսի դիրքեր գնալու հանգամանքը, հասել է նրան, որ Մատինյանին ազատեն աշխատանքից։
«Հրապարակ»-ի հետ զրույցում անտառապետ Մատինյանը պնդում է, որ հաստատության տնօրենը՝ Ղալթախչյանը, իր մարդուն է ուզում ընդունել աշխատանքի։ Իջեւանի անտառտնտեսությունում աշխատած 2 տարիների ընթացքում ինքը շուրջ 30 ապօրինի անտառահատման դեպք է բացահայտել, բայց տնօրենի կողմից ոչ մի խրախուսական խոսք չի լսել, մի բան էլ նկատողություն է ստացել, թե իբր լավ չի աշխատում։
«Հոկտեմբերի 2-3-ին Կիրովականի կամավորականներին փոխարինեց իմ կամավորականների ջոկատը։ Ամսի 3-ին, ժամը 4-ին անտառտնտեսության գործավարուհին զանգեց ասաց՝ տնօրենը բացականեր է դնում, անհարգելի է համարվում բացակայությունդ։ Դիրքերից վերադարձա աշխատանքի, իմացա՝ ազատված եմ։ Անտառտնտեսության տնօրենի սրտով չեմ եղել հենց էն սկզբից, ուղղակի ճար չուներ։ Թափուր հաստիք կար, դիմել եմ «Հայանտառ» ՊՈԱԿ, ընդունել են գործի։ Իմ հաստիքն ազատեց, որ իր «մարդուն» բերի, գործի ընդունի»,-մեկնաբանեց Մատինյանը։
Մատինյանի հետ կատարվածի մասին տեղյակ է նաեւ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը. անտառապետը նրան հաղորդել է, որ սահմանին հերթապահություն անելու ժամանակ իրեն ազատել են աշխատանքից, ԵԿՄ նախագահն ափսոսանք է հայտնել՝ միայն այդքանը։
Կարդացեք նաև
Մատինյանի գործատուն՝ Իջեւանի անտառտնտեսության տնօրեն Մհեր Ղալթախչյանը, մեզ հետ զրույցում ասաց, որ ինքն աշխատանքից ազատելու իրավասություն չունի։ «Կարա՞ք ինձ մի հատ հրաման ցույց տաք, որով ես աշխատանքից ազատել եմ։ Թե ինքն ինչ է ասել՝ չգիտեմ։ Թող գնա դատի տա ինձ, բողոքի։ Ես աշխատանքից չեմ ազատել Արտաշես Մատինյանին, ես մասնաճյուղի տնօրենն եմ եւ իրավունք չունեմ նման հրամաններ տալ»,- ասաց նա։ Իսկապես՝ ազատման հրամանը տվել է «Հայանտառ»-ի տնօրենը, բայց, բնականաբար՝ մասնաճյուղի տնօրենի ներկայացրած հիմքով։
Լիա ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: