Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արցախից դուրս ուրիշ ոչ մի տեղ օդ չկա շնչելու. 19-ամյա արցախցի Մանուշը փորձում է ինտեգրվել Հայաստանում

Նոյեմբեր 08,2023 10:05

19-ամյա Մանուշ Խաչատրյանը Մարտունու շրջանի Կաղարծի գյուղից է, ուսում էր ստանում Արցախի պետական համալսարանում։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին՝ Արցախի վրա ադրբեջանական հարձակման օրը քրոջ՝ Դիաննայի հետ Ստեփանակերտում էր։

«Սեպտեմբերի 19-ն էր։ Թվում էր, թե էլի ամեն օրվա պես կրակում են, բայց գնալով ձայներն ավելի էին ուժգնանում․ տագնապ էր ամենուր․ պատերազմը սկսվել էր։ Ես ու քույրս Ստեփանակերտում էինք։ Համալսարանում սովորականի պես դասի էինք գնացել այդ օրը։ Տագնապը երբ սկսվեց, վազում էի քրոջս գտնելու։ Քաղաքը պայթեցնում էին, բայց միայն մտածում էի քրոջս գտնելու մասին։ Վախենում էի, բայց հետ չէի գնում։ Մենք ապաստարանում գտանք իրար։ Ինտերնետ և կապ չկար։ Ընտանիքիս հետ կապն ընդհատվել էր, ու ոչ մի տեղեկություն չունեինք։ Մեկ օր հետո նոր իմացանք, որ լավ են»,- պատմում է Մանուշը։

Մանուշն ու Դիաննան մի քանի օր ապաստարանում են մնացել։ Օրվա ընթացքում մեկ անգամ են կարողացել հեռախոսները լիցքավորել, որ հազվադեպ հայտնվող ինտերնետ կապի միջոցով նորություններին հետևեն։

«Շատ էինք վախենում։ Ամեն բան տեսանք այդ օրերին՝ դիակներ, բռնաբարված ու գլխատված կանանց, մորթված երեխաների․ աննկարագրելի էր»,- հիշում է նա։

Սեպտեմբերի 25-ին իրենց համագյուղացիներից մի քանիսի հետ արդեն պատրաստվել էին դուրս գալ։ Մեքենայի փչանալու պատճառով ստիպված են եղել ոտքով անցնել ադրբեջանական անօրինական անցակետը։ Ընտանիքի անդամները գյուղից ավելի ուշ էին են դուրս եկել, հոկտեմբերի 2-ին նոր հասել են Հայաստան։ Սկզբում մի որոշ ժամանակ բոլորը Գորիսում են բնակություն հաստատել, այնուհետև ծանոթի միջոցով կարողացել են 250.000 դրամ վարձավճարով տուն գտնել և տեղափոխվել Վանահովիտ։

«Երևան գալուց մի քանի օր հետո, արդեն սկսեցի հետաքրքրվել, թե որ համալսարան կարելի է դիմել կրթությունս շարունակելու համար»,- նշում է Մանուշը։

Արցախից բռնի տեղահանված ուսանողներին Հայաստանի կառավարությունը կրթությունը ՀՀ բուհերում շարունակելու հնարավորություն է տվել։ Հոկտեմբերի 17-ի դրությամբ Երևանի պետական համալսարան, Արցախից 906 ուսանող է դիմել։ Ըստ ֆակուլտետների՝ նրանց բաշխվածությունը հետևյալ տեսքն ունի.

 

Մանուշը կրթությունը շարունակում է Երևանի պետական համալսարանի ռուս բանասիրության ֆակուլտետում։ Խոսելով այս պահի դժվարությունների մասին՝ Մանուշը նշում է․ «Իրականում շատ դժվար է ամեն բան կորցնելուց հետո ինտեգրվել լրիվ նոր շրջապատում։ Թե՛ կուրսընկերները, թե՛ դասախոսները ջերմ են վերաբերվում, այնուամենայնիվ, երբեմն հասցնում ենք նկատել մարդկանց սառը ու դատող հայացքները, բայց դա մեզ չի հուսալքում»։

Ուսման վարձավճարը կազմում է 500.000 դրամ, սակայն կառավարությունը փոխանցում է միայն 400.000-ը։ Վարձավճարի փոխհատուցումը մեկ տարվա կտրվածքով է լինելու։ Մանուշը հույս ունի, որ հետագայում կկարողանան աշխատել և վճարել։ Դասապրոցեսը երկրորդ հերթափոխով է ընթանում, ինչը խանգարում է աշխատանք գտնել, բացի այս՝ արցախցիների համար բազմաթիվ հետաքրքիր դասընթացներ և միջոցառումներ են անցկացնում, սակայն ժամային գրաֆիկով պայմանավորված՝ Մանուշը չի կարողանում ներկա գտնվել։

Մանուշի անհանգստություններից մեկն էլ առաջիկա քննություններն են։ «Կան առարկաներ, որոնք լրիվ նոր են մեզ համար, իսկ այժմ, ինչպես բոլորը, մենք ևս պետք է քննություններ հանձնենք այդ առարկաներից»,-ասում է նա։

Ապագայի պլաններում, կրթությանը զուգահեռ՝ Հայաստանում փոքր բիզնես հիմնելն է։ Նրա մայրը համեղ ժենգյալով հաց և փախլավա է թխում, Հայաստանի կառավարությունից ստանալիք 100․000 դրամ աջակցությամբ ցանկանում են ժենգյալով հացի և փախլավայի բիզնեսի զարգացումը, բայց գումարը դեռ չեն ստացել։

«Եթե կարողացանք զարգացնել բիզնեսը, կմնանք Հայաստանում, եթե ոչ, ապա կգնանք։ Արցախ վերադառնալու հույսեր դեռ ունեմ, բայց թուրքի հետ մի հողում չեմ ապրի»,- ասում է Մանուշը եւ հավելում՝ դժվար է հավատալ, որ իրենց հողն ու ջուրն այլևս օտարինն է։

 Անի ՉԱՆԴՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930