Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Երբեք մտքովս չէր անցնի, որ կտորե տոպրակով կին կդառնամ». հրատարակվել է Բյուրակն Իշխանյանի նոր գիրքը

Նոյեմբեր 08,2023 09:36

«Զանգակ» գրատանը նոյեմբերի 7-ին տեղի ունեցավ Բյուրակն Իշխանյանի «Կտորե տոպրակ» գրքի շնորհանդեսը, որը հրատարակել է «Ակտուալ արվեստ» հրատարակչությունը։

Բյուրակն Իշխանյանը ծնվել է Մոսկվայում, ապրել Երևանում եւ Պրահայում: Ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը, մասնագիտացել հոգեբուժության մեջ: 2011–2013 թթ. Գերմանիայում, Նիդեռլանդներում և Ֆինլանդիայում ուսանել է կլինիկական լեզվաբանություն: Հոգե և նյարդալեզվաբանության ոլորտում պաշտպանել է թեկնածուական թեզ Կոպենհագենի համալսարանում: Ներկայումս ապրում է Դանիայում։

Վեպը պատմում է Դանիայի Օրհուս քաղաքում ապրող Սիրանուշի մասին: Անդրադարձ կա 44-օրյա պատերազմին: Վեպի կենտրոնական թեմաներն են ինքնությունն ու պատկանելությունը։

«Երբեք մտքովս չէր անցնի, որ կտորե տոպրակով կին կդառնամ։ Կտորե տոպրակը քաղաքական է։ Եվրոպայում դրանք կրում են ինձնից մոտ տասնհինգ-քսան տարով ջահել կանայք, երբեմն՝ ավելի տարիքովներն էլ, նաև որոշ տղամարդիկ, որ ամենաբարի միտումներով ուզում են մոլորակը փրկել գլոբալ տաքացումից, կարծես իրենց կտորե տոպրակներն ինչ-որ բան պիտի փոխեն։ Կտորե տոպրակը խոշոր բիզնեսներին ազատում է պատասխանատվությունից, ու նրանք շարունակում են անխնա բզկտել ու թալանել մոլորակը։ Կտորե տոպրակը պլաստիկ տոպրակի ու կաշվե պայուսակի արանքում է կամ փոխարինում է երկուսին։ Այն կրողը ցույց է տալիս, որ արտաքին տեսքը կարևոր չէ, կարևորը՝ ինչ է գրված տոպրակի վրա, ինչ առաջին տպավորություն ես ուզում թողնել։ Կարող է տեքստը քաղաքական լինել կամ պարզապես քո սիրելի երաժշտի կամ գրողի նկարն ունենալ կամ ինչ-որ գաղտնիք բացահայտել քո մասին։ Բայց այն ներկայանում է քեզնից առաջ՝ քո անունից, քո հագուստից, քո ձայնից առաջ․ մարդիկ առաջինը գրությունն են կարդում, հետո քեզ նայում»,-գրում է հեղինակը:

«Ընտանիքիս բոլոր անդամները՝ պապիկս, ծնողներս, եղբայրս գրողներ են, հետեւաբար կարելի է ասել, որ մեծացել եմ գրականության մեջ։ Սա թվով իմ երկրորդ գրված գիրքն է, առաջինը՝ «Դժվար հիշվող անուն» պատմվածքների ժողովածու է (լույս է տեսել 2019 թվականին)։ Ինձ շատ էին ասում, որ վեպ գրեմ, քանի որ այն լրջացնում է գրական պրոցեսը, բայց դա միեւնույն ժամանակ բավականին ժամանակատար եւ բարդ աշխատանք է։ Ժամանակին աշխատում էի Դանիայի՝ Օրհուս քաղաքում, եւ համալսարանում տեսնում էի, որ այլ երկրներից տեղափոխված շատ կանայք, որ եկել էին աշխատելու նպատակով, թողնում են ամեն բան, տուն, ընտանիք եւ միայնակ կենսակերպ էին վարում։ Հենց այս թեման էլ որոշեցի վերցնել և ծավալուն վեպ գրել այս ամենի վերաբերյալ, ու քանի որ հայ եմ, չէի կարող պատահական կնոջ կերպար վերցնել, ուստի որոշեցի իմ կերպարը օգտագործել: Գրքում միայն պատմական դեպքերն են իրական, մնացածը հորինված է»,-ասում է Բյուրակնը։

Նա ասաց, որ գրելիս ոգեւորվում է, երբ հուզական ապրումներ է ունենում. «Որպես արտերկրում ապրող հայ՝ ինձ մշտապես հուզում են ինքնության և պատկանելիության թեմաները, դրանք շատ կարևոր են ինձ համար։ Գրքի ժանրը՝ «տխուր աղջկա» ժանրն է, այն ներմուծվել է գրականություն 21-րդ դարում»։

Բյուրակնը իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ Հայաստանում ապրել չի պատրաստվում, հարցին՝ թե արդյո՞ք չի մտափոխվել պատասխանեց, որ ոչ. «Հայաստանի հետ կապս չեմ կորցնում, մեծ է պատասխանատվությունը Հայաստանի համար անել առավելագույնը, մանավանդ այս իրավիճակում, որում մենք հիմա գտնվում ենք Արցախի կորստից հետո։

2019 թվականից հետո հասկանում ես, որ շատ բան փոխվեց, որ Հայաստանը միայն մարդիկ չեն, որովհետեւ այդ մարդիկ ապրելու տարածքի կարիք ունեն։ Արցախում մարդիկ զրկվեցին իրենց ապրելու տարածքից եւ ինքնությունից, իսկ տարածքը մեր նախնիների թողած ժառանգությունն է, որտեղ մենք պիտի ապրենք եւ արարենք»։

Բյուրակն ասաց, որ հույս ունի՝ գիրքը միավորող ազդեցություն կունենա, քանի որ մեծ է պառակտվածությունը: «Ի վերջո բոլորս էլ նույն բանն ենք ուզում Հայաստանի համար, պարզապես այլ կերպ ենք ուզում հասնել դրան»,-ընդգծեց նա։

 

Անժելա ՍԵԴՐԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930