Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ մեկին պետք չէ «ցուցակագրել»

Նոյեմբեր 08,2023 10:00

Որեւէ մարդու մահը ցանկանալը, առավել եւս՝ մահով սպառնալն ինձ համար անընդունելի է: Նույնիսկ, եթե այդ մարդը հազարավոր մահերի եւ տասնյակ հազարավոր խեղված ճակատագրերի պատճառ է դարձել: Երբ ունենանք պետություն, դրա համապատասխան կառույցները կպարզեն այդ պատճառահետեւանքային կապերը: Բայց այդ հարցում, ճիշտն ասած, լավատես չեմ: Շատ ավելի հավանական եմ համարում, որ հաջորդ իշխանությունը քիչ է տարբերվելու ներկա իշխանությունից եւ դարձյալ իր գրպանային դատախազների ու դատավորների միջոցով վրեժ է լուծելու այսօրվա «ներկաներից», որոնք վաղը «նախկին» կդառնան:

Նախկին պատգամավոր Արագած Ախոյանին հետապնդելը ես արդարացված կհամարեի, եթե մինչ այդ հետապնդվեր այն անձը, որը հրապարակավ սպառնացել է «թաթիկները կտրել», «մեյդը փռել», «կզցնել» եւ «շինել», եթե իրավապահները նույնպիսի նախանձախնդրությամբ տնտղեին իշխանության կողմնակիցների ֆեյսբուքյան գրառումները եւ մեկնաբանությունները: (Ի դեպ, այդ իրավապահները որոշեցին ձերբակալել նախկին պատգամավորին երեկ, իսկ գրառումն արված էր այս տարվա հունիսի 8-ին: Հավանաբար, գրառումը տառ առ տառ են ստուգում՝ հիրավի տիտանակա՛ն աշխատանք): Մի խոսքով, այստեղ դարձյալ գործ ունենք խիստ ընտրովի «արդարադատության» հետ:

Առիթից օգտվելով՝ երկու բառ գրեմ «ցուցակագրելու» մասին, որը հիշատակված է Ա. Ախոյանի գրառման մեջ: Իմ կարծիքով, ոչ մեկին պետք չէ «ցուցակագրել»՝ հետագայում վրեժ լուծելու նպատակով: Կրկնեմ՝ պետության համար (երբ այն ձեւավորվի) գոյություն կունենան կոնկրետ մարդիկ, որոնք կատարել են կամ չեն կատարել կոնկրետ արարքներ: Ոչ թե խմբեր, որոնք թիրախավորվում են կամայական չափանիշներով՝ այս կամ այն կուսակցության անդամներ, պատգամավորներ, տվյալ գերատեսչության աշխատակիցներ եւ այլն:

…Ժամանակին մեկը կար, որը կազմում էր, իր կարծիքով, միասեռականների ցուցակներ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Շատ բարդ ու խրթին նիւթ է:

    Ոեւէ հայի կապակցութեամբ, ոեւէ մէկը մեռցնելը, լրիւ նիւթէ դուրս պէտք է որ ըլլայ: Այս չար ու դաժան հակումը արտակարգ չափերով շեշտակի է հայերու մէջ, բոլոր ժամանակներուն: Այ՛ս տարողութեամբ՝ մեզի իւրայատուկ, հաւաքական ուղեղային խանգարում մըն է:

    Ձեզի հետ համաձայն եմ նաեւ, որ յաջորդ իշխանութիւնը պէտք չէ որ, լայնատարած կերպով, իր ժամանակն ու միջոցները մսխէ, այս կացութեան մէջ՝ այդ պահին *նախկին* դարձած այլազան տեսակի եւ բիւրաւոր անձերու հետապնդումներով:

    Բայց ի՞նչ է լինելու վախճանը այժմու վարչակարգի հիմնական պարագլուխներին… Տասը-քսան անձեր…

    Ոչ – իսկական – դատավարութիւն, ոչ էլ որեւէ օրինական պատի՞ժ: Այս աստիճանի Աղէտէ՞ մը ետք:

    Իսկ այժմու վարչակարգի մօտեցումը, այս նիւթին մէջ, ճիշդ էլ այն չէ, ինչպէս որ ընդհանրապէս երեւում կամ ներկայացւում է… Ամենասկիզբի որոշ «դուխ»ով խանդավառութենէ մը ետք, իրենք հանգիստ են թողում ոեւէ մէկը, որ իրենց համար քաղաքական վտանգ չի ներկայացնէր. կարեւոր չէ թէ ինչ են եղել իր իսկական յանցանքները, կամ գոնէ լուրջ դատավարութեան մը արժանի արարքները… Դժուար է ասիկա կոչել՝ վրէժխնդրութիւն, քանզի ընդհակառակը, մօտեցումը համազօր է անցեալը մոռանալու, եւ զբաղուելու միայն ներկայով եւ ապագայով…

    Նոյնիսկ կարելի է մտածել որ, այս մօտեցումով, վարչակարգը յոյս ունէր եւ տակաւին յոյս ունի որ իր շուրջ կը համախմբուէին եւ դեռ կրնան իրեն միանալ՝ իր ներազգային թշնամիները:

    Սկիզբէն մինչեւ վերջ, այս արարածները կը մնան՝ զառանցական (delusional) :

    Մ. Հայդուկ Շամլեան

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930