«Հոգեբանների եւ իրավաբանների միջազգային ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Խաչիկ Մարոզյանը դիմել է ՀՀ արդարադատության նախարար Գ. Մինասյանին, անդրադառնալով Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մ. Շահվերդյանի որոշումներից մեկին, պահանջելով կարգապահական վարույթ հարուցել նրա նկատմամբ:
Նա տեղեկացրել է, որ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (դատավոր՝ Գագիկ Հարությունյան) 2023 թ. հոկտեմբերի 13-ի որոշմամբ կայացրել է մինչդատական ակտը վիճարկելու վարույթ հարուցելու մասին թիվ ԵԴ1/0398/11/23 որոշումը: Դատարանը գտել է, որ բողոքը եւ կից նյութերը ներկայացված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 299-301-րդ հոդվածներով սահմանված պահանջների պահպանմամբ, հետեւաբար, պետք է հարուցել մինչդատական ակտը վիճարկելու վարույթ: Որոշվել է մինչդատական ակտի վիճարկման վարույթով դատական ակտը կայացնել 2023 թ. նոյեմբերի 9-ին: Դատարանը որոշել է նաեւ վարույթի մասնակիցներին տրամադրել իրենց բացատրությունները, դրանք հիմնավորող նյութերը, միջնորդությունները, ինչպես նաեւ բողոքի պատասխանը, սահմանել է անգամ ժամկետ. դրանք կարող են ներկայացվել դատարան մինչեւ 2023 թվականի հոկտեմբերի 27-ը ներառյալ:
Դատարանի վերոնշյալ որոշումը կայացվելուց հետո գործը անհասկանալի հանգամանքներում վերահասցեագրվել է նույն դատարանի դատավոր Մ. Շահվերդյանին:
Դատավոր Մ. Շահվերդյանը հոկտեմբերի 23-ի որոշմամբ նույն գործով կայացրել է միջդատական ակտի վիճարկման վարույթի հարուցումը մերժելու մասին թիվ ԵԴ1/0398/11/23 որոշումը:
Կարդացեք նաև
«Առավոտի» հետ զրույցում իրավապաշտպան Խ. Մարոզյանն ասաց. «Նախարարին ներկայացրել եմ, հայտնել, որ արձանագրված փաստերից հետեւում է, որ դատավոր Մ. Շահվերդյանը գործել է կամայականորեն, պատահականության սկզբունքով, այլ ոչ թե օրենքի պահանջով: Մի դեպքում՝ մի դատավորը վարույթի հարուցման որոշում է կայացնում, մյուս դեպքում՝ մյուս դատավորը մերժում է վարույթի հարուցումը: Ներկայացված փաստերից ակնհայտ է դառնում, որ դատավոր Մ. Շահվերդյանի որոշման մեջ տեղ է գտել օրինազանցություն ու կամայականություն, դատարանն ինքը իրեն հռչակելով որպես վերադաս դատարան, կամայականորեն մերժել է մինչ այդ արդեն գոյություն ունեցող նույն իրավական ուժ ունեցող մեկ այլ դատական ակտ՝ Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (դատավոր՝ Գագիկ Հարությունյան) կողմից 13.10.2023 թ. թիվ ԵԴ1/0398/11/23՝ մինչդատական ակտը վիճարկելու վարույթ հարուցելու մասին 13.10.2023 թ. որոշումը»:
Իրավապաշտպան կազմակերպության նախագահը խնդրում է քննարկման առնել ներկայացված փաստերը եւ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մ. Շահվերդյանի նկատմամբ հարուցել կարգապահական վարույթ: Միաժամանակ, նա խնդրում է «սահմանված կարգով եւ ընթացակարգերը պաշտպանելով» միջնորդություն ներկայացնել ՀՀ դատախազություն՝ դատավոր Մ. Շահվերդյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու համար:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
07.11.2023