Հոկտեմբերի 16-ից Երեւան քաղաքի քաղաքացիական դատարանի դատավոր Արմինե Սաֆարյանի վարույթում է գտնվում Անահիտ Բարսեղյանն ընդդեմ «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի գործը: Հայցվորը պահանջում է պատասխանողի գործողությունները ոչ իրավաչափ ճանաչել, պարտավորեցնել պատասխանողին աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքը տրամադրելու եւ բռնագանձելու կոնկրետ գումարը: Դատական նախնական նիստի օրը դեռ չի նշանակվել:
Սա առաջին դատական գործը չէ «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի դեմ, գումարած դրան մինչդատական գործընթացները, բողոքներն ուղղված ԿԳՄՍ նախարար Ժ. Անդրեասյանին, գումարած նախկին ռեկտորի դեմ քրեական վարույթի շրջանակներում վերաքննիչ դատարան ուղարկված հանրապետության դատախազության բողոքը:
«Առավոտի» տեղեկություններով՝ դատարաններում ընթացքի մեջ է յոթ գործ: Միայն մեկում է նախկին պատասխանողը՝ ինստիտուտի նախկին ռեկտորը, հայցվոր կողմ: Դավիթ Խիթարյանը հուլիսի 25-ին հայցադիմում էր ներկայացրել դատարան՝ ընդդեմ նախարարության, ընդդեմ «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի՝ չվճարված աշխատավարձը բռնագանձելու պահանջի մասին:
Դատարանը (դատավոր՝ Ա.Հովհաննիսյան) հայցադիմումը ընդունել էր վարույթ: Օգոստոսի 8-ին որոշվել էր դատական ակտը հրապարակել նոյեմբերի 3-ին:
Կարդացեք նաև
Նշեմ, որ նախկին ռեկտորը, որը քրեական գործի շրջանակներում քրեական հետապնդման մեջ էր, վերականգնվել է նախկին աշխատանքում, սակայն վերաքննիչ դատարան դիմած ՀՀ դատախազությունը վիճարկում է դեռ այն:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Հ.Գ. – Դատարաններում առկա գործերի, ինստիտուտի շուրջ ստեղծված վիճակի, երեկվա դասադուլի մասին կարդացեք վաղվա «Առավոտում»:
«Առավոտ» օրաթերթ
07.11.2023