Մարսելո Պուենտեն եւ Բոգդան Բաչուն «Պարահանդես-դիմակահանդեսում» իրենց համար բացահայտեցին էքստրա դասի նվագախումբ, երգչախումբ
«Արամ Խաչատրյան» համերգասրահում օրերս Վերդիի «Պարահանդես-դիմակահանդես» օպերայի համերգային կատարմամբ ավարտվեց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից ավանդաբար անցկացվող Երեւանյան 15-րդ միջազգային երաժշտական փառատոնը։ Aravot.am-ը իր հիացական արձագանքն էր հրապարակել Վերդիի բուռն ու դրամատիկ այս գործի կատարումից անմիջապես հետո։ Նշենք, որ գլխավոր դերերգերով հանդես են եկել ոչ միայն մեր օպերային ճանաչված երգիչներն, այլեւ հայ հանդիսատեսին անծանոթ անուններ, այդ թվում՝ արգենտինացի տենոր Մարսելո Պուենտեն, որը մարմնավորում էր Կոմս Ռիկարդոյին եւ ռումինացի բարիտոն Բոգդան Բաչուն՝ Ռենատոյի դերերգով։
Հայաստանից մեկնելուց բառացիորեն ժամեր առաջ մենք զրուցեցինք նշյալ երգիչների հետ։ Հայտնենք նաեւ, որ արեւմտյան մամուլն անդրադառնալով տարբեր օպերային թատրոններում նրանց բեմելներին, այլ դերերգերի թվում հիշատակում է նաեւ «Պարահանդես-դիմակահանդեսում» նրանց տպավորիչ ու համոզիչ կերպարային մարմնավորումները։ Իսկ երգիչները տարբեր կերպարներ են մարմնավորել «Լա Սկալա», Լոնդոնի, Մադրիդի թագավորական, Ավստրալիայի, Համբուրգի, Դրեզդենի, Ստրասբուրգի եւ այլ թատրոններում։ Մի քանի հոդվածներում, որոնք անդրադառնում էին «Պարահանդես-դիմակահանդեսում» նրանց կերպարներին, առանձնացվում էր Մարսելո Պուենտեի նշյալ դերերգի հիանալի կատարումը Բուենոս Այրեսի «Կոլոն» եւ Բոգդան Բաչուի՝ Ռենատոյի հաջողված դերերգը Դյուսելդորֆի թատրոններում։
Կարճատեւ զրույցի սկզբում, նույնիսկ չսպասելով հարցի, երգիչները միմյանց լրացնելով գովեստի խոսքեր չխնայեցին մաեստրո Էուարդ Թոփչյանի եւ մեր ֆիլհարմոնիկ նվագախմբի հասցեին, նշելով, թե իրենց համար մեծ հաճույք էր աշխատել նման պրոֆեսիոնալ թիմի հետ։ Բարձրաձայնեցին նաեւ համերգային կատարմանը մասնակից Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Հովհաննես Չեքիջյան), Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի երգչախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Կարինե Առաքելյան, խմբավար՝ Էմմա Առաքելյան) եւ իհարկե՝ մյուս դերերգերով հանդես եկած մեներգիչների՝ Եվգենիա Մուրավյովա, Յուլիա Մեննիբանա, Օլգա Պուդովա, Հովհաննես Ներսեսյան, Հայկ Տիգրանյան, Աշոտ Ղանթարջյան, Արամո Մամիկոնյան, Ալեն Մանուկյան անունները։
Մարսելո Պուենտեն ասաց, որ իր ծննդավայրում հայկական մեծ համայնք կա եւ ինքն էլ մեծացել է հայկական միջավայրում, ունի շատ հայ ընկերներ, որոնք բացի տաղանդավոր լինելուց, անսահման բարի են ու սրտաբաց։ «Ես քաջատեղյակ եմ ձեր պատմությանը, չեմ ուզում տխուր բաներից խոսել։ Այս պահին դեռեւս լեփ-լեցուն «Խաչատրյան» համերգասրահի հանդիսատեսն է աչքիս առջեւ, իսկ ականջիս՝ նրանց հնչեցրած բռավոները։ Ոչ միայն ես, գործընկերներս էլ տպավորված են նման ընդունելությունից։ Ես ինձ համար հայտնաբերեցի, որ դուք ունեք պրոֆեսիոնալ հանդիսատես։ Ասեմ նաեւ, որ վայելել եմ Երեւանում գտնվելու իմ ամեն րոպեն, ինչի համար շնորհակալ եմ իմ ընկերոջն ու գործընկերոջը՝ սոպրանո Կարինե Բաբաջանյանին, ում միջնորդությամբ եմ այստեղ, մանավանդ որ աշխարհն է նշում ձեր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակը, ինչին նվիրված էր այս փառատոնը»,- հայտնեց տենորը։ Շարունակելով գործընկերոջը, Բոգդան Բաչուն ասաց, որ ինքը Հայաստանում է անձամբ մաեստրո Թոփչյանի հրավերով եւ իսկապես մեծ հաճույք էր աշխատել նման պրոֆեսիոնալների հետ։ «Կարիերայիս ընթացքում շատ եմ առնչվել օպերային հայ երգիչների հետ։ Ինձ համար միշտ առեղծված է եղել, թե ինչպես է այս փոքր երկիրն այսքան շատ տաղանդավոր երգիչներ տալիս՝ լավ տեխնիկայով ու ձայնի գեղեցիկ տեմբրով։ Ես էլ մտերիմ եմ հիասքանչ սոպրանո Լիանա Ալեքսանյանի հետ, ով նաեւ իմ տիկնոջ՝ սոպրանո Ռամոնա Զահարիայի խաղընկերն ու ընկերն է։ Նրա միջոցով է ստեղծվել իմ կապը ձեր ֆիլհարմոնիկի հետ։ Այստեղ ինձ համար բացահայտեցի բարձրակարգ նվագախումբն ու երգչախումբը, էլ չխոսեմ մաեստրո Թոփչյանի արվեստի մասին»,- ասաց բարիտոնը, ժպտալով էլ հավելեց, թե մեր ֆիլհարմոնիկը էքստրա դասի նվագախումբ է եւ այս բարդ ստեղծագործությունը քիչ փորձերի արդյունքում հնչեց այնպես, կարծես CD ես լսում։
Կարդացեք նաև
Ի դեպ, արտիստները փաստեցին, որ օպերայի համերգային կատարման դրական կողմերից մեկն այն է, որ այն հնարավորություն է տալիս ամբողջովին կենտրոնանալ երաժշտության վրա, քանի որ այս պարագայում չկան հագուստներ, դեկորներ և բեմադրված միզանսցեններ։
Վերջում մեր զրուցակիցները հավաստիացրին, թե մեկնում են, բայց հրավերի դեպքում՝ անկախ զբաղվածությունից, կընտրեն Հայաստանը։
Պատրաստեցին
ԱՍՏՂԻԿ ԴԱԼԼԱՔՅԱՆԸ եւ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
07.11.2023