Բաքվի այս քաղաքականությանն ի պատասխան Հայաստանի իշխանությունները հետապնդում են` խաղաղության հաստատում ամեն գնով քաղաքական նպատակը
«Մենք իրականացնում ենք «Մեծ վերադարձ» ծրագիրը», օրերս Աստանայում, «Թյուրքական պետությունների կազմակերպության» 10-րդ հոբելյանական գագաթնաժողովում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ Նրա խոսքով՝ «նախկին ներքին տեղահանվածները՝ այս հողերի իսկական տերերը, արդեն վերադարձել են Լաչին եւ Ֆիզուլի քաղաքներ, ինչպես նաեւ երեք գյուղ։ Մինչեւ 2026թ. վերջ նախատեսվում է ավելի քան 140 հազար մարդու վերադարձնել Ղարաբաղ եւ Արեւելյան Զանգեզուր»։ Հոկտեմբերի վերջին Ալիեւը նաեւ Ֆիզուլիում էր այս հայտարարությունն արել։
Ալիեւը շարունակում է իր քաղաքական գիծը. Բաքուն իր պահանջները հնչեցնում է ի լուր աշխարհի, դա Հայաստանի պետականության հիմքերը թուլացնելու հստակ քաղաքականություն է, որին ի պատասխան Հայաստանի իշխանությունները հետապնդում են` խաղաղության հաստատում` ամեն գնով քաղաքական նպատակ, որի իրագործումը միայն իրենց ցանկությունից չի կախված:
Անցյալ շաբաթ խորհրդարանում Փաշինյանը հայտարարեց. «Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ երեք հիմնական սկզբունքները համաձայնեցված են», ապա շեշտեց՝ եթե կողմերը հավատարիմ մնան այդ սկզբունքներին, ապա խաղաղության եւ հարաբերությունների կարգավորման պայմանագրի ստորագրումը կդառնա իրատեսական։ Փաշինյանը թվարկեց համաձայնեցված 3 սկզբունքները։ Առաջին՝ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, այն ըմբռնմամբ, որ Հայաստանի տարածքը 29 հազար 800 քառակուսի կիլոմետր է, Ադրբեջանինը՝ 86 հազար 600 քառակուսի կիլոմետր է։ «Ըստ էության, պիտի ասեմ, որ այս թվերը վերցված են Խորհրդային Միության վերջին հանրագիտարաններում արձանագրվածից, որտեղ արձանագրվել է ՀԽՍՀ եւ ԱԽՍՀ տարածքի մասին արձանագրումը։ Այնտեղ գրված է Հայաստան Հանրապետություն՝ 29 հազար 800, ադրբեջանական հանրապետություն՝ 86 հազար 600», – նշեց նա։
Կարդացեք նաև
Հաջորդ սկզբունքը, ըստ Փաշինյանի, դելիմիտացիայի իրականացումն է՝ Ալմա-Աթիի հռչակագրի հիման վրա, այս դեպքում էլ հիմք են ընդունում Խորհրդային Միության սահմանները. «Դա նշանակում է ելնել այն իրողությունից, որ Խորհրդային Միության ժամանակ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ գոյություն ունեցած ադմինիստրատիվ սահմանները դարձել են պետական սահմաններ, եւ որոնց անխախտելիությունը կողմերը ճանաչել են եւ ճանաչում են Ալմա-Աթիի հռչակագրով։ Իհարկե, դելիմիտացիայի գործընթացում առանցքային նշանակություն ունի նաեւ այդ՝ Ալմա-Աթիի հռչակագրի ստորագրման ընդունման պահի դրությամբ առկա իրադրությունը արձանագրող քարտեզների առկայությունը։ Կողմերի տիրապետության տակ կան քարտեզներ, որոնք արտահայտում են այդ իրողությունները, եւ հետեւաբար կողմերի քաղաքական կամքի առկայության դեպքում այս գործընթացով նույնպես բավականին արագ եւ արդյունավետ կարելի է առաջ գնալ»։
Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնեցված 3 -րդ սկզբունքի համաձայն՝ բացվում են տարածաշրջանային կոմունիկացիաները՝ կողմերի ինքնիշխանության իրավազորության հիման վրա։ «Կողմերից յուրաքանչյուրը իր տարածքում, իր սահմանին ապահովում է սահմանային մաքսային հսկողություն, եւ բացի այդ, կողմերից յուրաքանչյուրը իր տարածքում ապահովում է ընդհանուր առմամբ կոմունիկացիաների անվտանգությունը։ Խոսքը վերաբերում է ճանապարհներին, ավտոճանապարհներին, երկաթուղիներին», – հավելեց վարչապետը։ Ի դեպ, Փաշինյանը նաեւ հայտնեց, որ Հայաստանի ԱԱԾ կազմում ստեղծվում է հատուկ ստորաբաժանում, որը պետք է ապահովի հենց այդ կոմունիկացիաների անվտանգությունը։
Եթե պաշտոնական Բաքուն խաղաղության պայմանագրի 3 սկզբունքներին «համաձայնություն է տվել», ինչո՞ւ են Բաքուն ու Անկարան շարունակում Հայաստանին «միջանցքային» պահանջ ներկայացնել, ինչո՞ւ է Ադրբեջանը խուսափում բանակցությունների մասնակցությունից:
Ադրբեջանը պատմական հաղթանակ է տարել, որից հետո Հարավային Կովկասն ավելի մոտ է խաղաղության հաստատմանը, Աստանայում՝ «Թյուրքական պետությունների կազմակերպության» գագաթնաժողովում հայտարարեց Թուրքիայի նախագահը։ Էրդողանը կրկին պնդել է, թե Հայաստանն անելիք ունի. «Ադրբեջանը լիակատար վերջակետ դրեց Ղարաբաղի՝ 30 տարի տեւած օկուպացիային։ Մենք հպարտ ու երջանիկ ենք այս պատմական նվաճման համար, որով մոտեցել ենք տեւական խաղաղությանը։ Հայաստանը պետք է կատարի իր պարտավորությունները Ադրբեջանի հանդեպ։ Շատ կարեւոր է նաեւ տրանսպորտային ուղու իրականացումը, որը Նախիջեւանը կապելու է Ադրբեջանի արեւմտյան շրջանների հետ»։ Այդ ճանապարհը կարեւոր է ո՛չ միայն տարածաշրջանի երկրների համար, ընդգծել է Թուրքիայի նախագահը՝ հավելելով՝ այն նաեւ կկապի Թուրքիան Կենտրոնական Ասիայի՝ ինչպես Էրդողանն է ասել՝ պապենական հայրենիքի հետ։ «Որպես թուրքական աշխարհ՝ մենք պետք է շարունակենք մեր աջակցությունը Ադրբեջանին այս գործընթացի հաջող ավարտի համար», – ընդգծել է նա։
Էրդողանը նաեւ դռնփակ հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի հետ կապված հարցեր, հայտնում է Թուրքիայի նախագահի գրասենյակը, այլ մանրամասներ հայտնի չեն։ «Պատմական հաղթանակի» կապակցությամբ Ալիեւին շնորհավորել են նաեւ Ուզբեկստանի եւ ՀԱՊԿ-ում ու ԵԱՏՄ-ում Հայաստանի դաշնակից Ղազախստանի նախագահները։ Ի դեպ, Տոկաեւը պնդել է, թե սեպտեմբերի 19-ին Արցախի վրա կատարված հարձակումն ու Արցախի հայաթափումը «կատարվել են միջազգային օրենքների ու նորմերի համաձայն»։ «Ցանկանում եմ շնորհավորել պարոն Իլհամ Ալիեւին եւ Ադրբեջանի ողջ ժողովրդին, որ ձեր ժողովուրդը վերականգնեց տարածքային ամբողջականությունը եւ սկսեց քայլել դեպի զարգացման նոր փուլ։ Այս պատմական քայլը շատ կարեւոր է եւ տեղի է ունեցել ՄԱԿ-ի կանոնադրության եւ Անվտանգության խորհրդի որոշման համաձայն», ասել է Տոկաեւը:
Հոբելյանական գագաթնաժողովի ավարտին թյուրքական երկրները հայտարարել են, թե կշարունակեն համագործակցությունը՝ հաջորդ հարյուրամյակը թյուրքական դարձնելու համար։ Հիշեցնենք, որ Խորհրդային միության փլուզումից հետո՝ Թուրքիայի նախաձեռնությամբ ստեղծված այս կազմակերպությանը անդամակցում են Ադրբեջանը, Թուրքիան, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ուզբեկստանը, դիտորդի կարգավիճակ ունեն Հունգարիան, Թուրքմենստանը եւ Հյուսիսային Կիպրոսը:
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման հնարավորությունների մասին Մոսկվան էլ իր հերթին է սկսել հաճախ խոսել:
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը օրերս հայտարարեց, որ բոլոր նախադրյալները կան Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար։ «Դուք գիտեք, որ Ռուսաստանի նախագահը շատ մեծ աշխատանք, շատ պոզիտիվ աշխատանք է կատարել, որ այդ հարաբերությունները նորմալացվեն։ Հիմա կան բոլոր նախադրյալները խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար», նշել է Պատրուշեւը՝ ելույթ ունենալով «Ռոսիա» ֆորումի շրջանակում անցկացված «Գիտելիք» ընկերության մարաթոնին։
Նա կրկնել է Ռուսաստանի իշխանությունների գնահատականը, թե Հայաստանի վարչապետը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել է Արեւմուտքի ճնշման տակ։ Պատրուշեւն ասել է, որ 2018-ին Փաշինյանը հայտարարում էր, թե Լեռնային Ղարաբաղը դե-ֆակտո Հայաստանի մաս է, բայց վերջին հաշվով ասաց, որ տարածքները ճանաչում է 1991թ. քարտեզներով։ «Իսկ դա նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղն ու բոլոր շրջանները, եւ նա ընդունեց դա՝ պատկանում են Ադրբեջանին։ Կարծում եմ, որ այդ հայտարարությունները, այդ ճանաչումն ու հայտարարությունը նա արեց Արեւմուտքի ազդեցության տակ, հենց նրանց հետ էր նա բանակցություններ վարում»,- ասել է Ռուսաստանի ԱԽ քարտուղարը։
Այսինքն, դեռ շատ վաղուց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչած Ռուսաստանը հիմա Փաշինյանի հայտարարությունների հետեւում Արեւմուտքի՞ն է տեսնում: Իսկ գուցե Փաշինյանի հայտարարությունների հիմքում ընկած է թե՛ Ռուսաստանի, թե՛ Արեւմուտքի ունեցած դիրքորոշո՞ւմը:
Այնուհետեւ Պատրուշեւը հայտարարել է, որ Ադրբեջանը հիմա տնտեսական մեծ պոտենցիալ ունի. «Տնտեսական ներուժը՝ եկեք համեմատենք, Ադրբեջանը 10 միլիոն մարդ, Հայաստանը, ասում են, որ նրանք 3 միլիոն են, բայց մենք ստույգ գիտենք, որ այդպես չէ՝ առավելագույնը 2 միլիոն մարդ։ Տնտեսական, ֆինանսական բաղադրիչներով Ադրբեջանը նշանակալից գերազանցություն ունի»։ Նա Արեւմուտքին նաեւ մեղադրել է Ռուսաստանի սահմանների շուրջ թեժ կետեր, լարվածության օջախներ ստեղծելու փորձերի մեջ, օրինակ բերելով Ուկրաինային, եւ ասել է, թե «Մոսկվան դա առանց ուշադրության չի թողնի»։
Նկատենք, որ անցյալ շաբաթ Մոսկվան կրկին պնդեց Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու իր առաջարկը: Ռուսաստանը պատրաստ է մոտակա ժամանակում Մոսկվայում կազմակերպել Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպում, նշեց ՌԴ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան։ Նա հավելեց, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների նորմալացման ճանապարհային քարտեզը մնում են 2020-2022թթ. ստորագրված եռակողմ հայտարարությունները, որոնք ներառում են կողմերի միջեւ խաղաղության համաձայնագրի ստորագրում, տնտեսական, տրանսպորտային կապերի ապաշրջափակում Հարավային Կովկասում։
2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ինչպես Պուտինը մի առիթով խոստովանեց` դա «իր գրած» եռակողմ փաստաթուղթն է, որի չպահպանված կետերի ու չկատարված պահանջների, Ալիեւի կողմից ոտնահարված դրույթների առիթով Մոսկվան որեւէ գործուն քայլի չդիմեց, Բաքվին դատապարտելու որեւէ հայտարարություն այդպես էլ չարեց: Բաքուն 3 տարի դիմեց մի քանի ագրեսիվ գործողությունների, բարձունքներ ու դիրքեր գրավեց, Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը պետք է մնար ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո, սակայն Արցախում խաղաղ բնակիչներ սպանվեցին, ի վերջո, սեպտեմբերի 19-ին ռազմական գործողություններ սկսեց, որ արդյունքում Արցախը հայաթափվեց ռուս խաղաղապահների աչքի առջեւ։ Մինչ օրս ռազմագերիներն ազատ չեն արձակվել, ավելին, սեպտեմբերի 19-ից հետո, նրանց թիվը ադրբեջանական բանտերում ավելացել է:
Սակայն Մոսկվան գտել է դիսկուրս «հասունացնելու» իբրեւ թե «հարմար» թեմա` «Արեւմուտքի դրդմամբ Հայաստանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 07.11.2023