Լրահոս
Օրվա լրահոսը

Հնարավորինս քիչ կերակրենք Գազանին

Նոյեմբեր 08,2023 14:30

Միջակ մարդկանց մտքերը կանխորոշված են ալգորիթմներով

Իմ մանկության եւ պատանեկության տարիներին գիտաֆանտաստիկ ֆիլմերում ռոբոտները հիմնականում ներկայանում էին որպես մարդանման «երկաթի կտորներ», որոնք կտրուկ շարժումներ էին անում եւ խոսում էին «մետաղական», միապաղաղ ձայներով: Ամենադրամատիկ բանը, որն այդ պարագայում կարող էր տեղի ունենալ, «չար ռոբոտների» ապստամբությունն էր մարդկանց դեմ: Խնդիրը, սակայն, կարգավորվում էր «բարի ռոբոտների» եւ homo sapiens-ների միջոցով:

Ավելի ուշ, արդեն 21-րդ դարի սկզբներին, խնդիրը փոքր-ինչ այլ տեղ էին փնտրում: Ենթադրվում էր, որ մարդկանց ուղեղում կամ մարմնի ինչ-որ մի այլ տեղում ներարկելու են «չիպ», իսկ ինչ-որ մի «աշխարհաքաղաքական կենտրոնում» պայմանական «մասոններն» իրենց տրամադրության տակ ունենալու են (կամ ունեն) վահանակ, որի միջոցով այդ չարամիտ մարդիկ մեզ «հեռակառավարելու» են: Աշխարհում կան միլիոնավոր մարդիկ, որոնք հիմա էլ այդ հեքիաթին հավատում են, եւ 2020 թվականին բռնկված թագավարակը լայն հնարավորություն էր տվել՝ երեւակայությունն այդ ուղղությամբ աշխատեցնելու:

Իրականությունը, սակայն, շատ ավելի դաժան է, քան որեւէ գիտական կամ ոչ գիտական ֆանտաստիկա: Օրինակ, 1950-ականներին, Ռեյ Բրեդբերին կանխատեսում էր, որ գրքերն այրվելու են, որպեսզի դրանք չկարդան, բայց մի քանի տասնամյակ անց՝ արդեն կյանքի վերջին տարիներին պարզել էր, որ այրելու որեւէ անհրաժեշտություն չկա, միեւնույն է՝ մարդկանց հիմնական զանգվածը գիրք չի կարդում:

Հասկանալու համար, թե ինչ է կատարվել, պետք է անդրադառնանք ավելի վաղ՝ «նախա-թվային» ժամանակաշրջանին: 1930 թվականին լույս տեսավ իսպանացի փիլիսոփա Օրտեգա-ի-Գասետի գիրքը՝ «Զանգվածների ապստամբությունը» (զանգվածների՛, ոչ թե ռոբոտների): Հիմնական միտքն այն էր, որ  զանգվածայնությունը, զանգվածային սպառումը բերել է մի իրավիճակի, որն առաջին հայացքից պարադոքսալ է թվում. «Երբ միջակ մարդու առջեւ աշխարհը եւ կյանքը բացվել են ամբողջ լայնությամբ, նրա հոգին պինդ փակվել է»:

Փիլիսոփան բացատրում է, թե ինչու է դա տեղի ունենում. «Միջակ մարդը ձեռք է բերել հասկացությունների շրջանակ: Նա կարծում է, որ դա բավարար է, եւ ինքն իրեն համարում է հոգեպես կատարյալ»: Ըստ իսպանացի մտածողի՝ նախորդ դարաշրջանում շարքային մարդկանց մտքով չէր անցնում վստահության բարձր աստիճանով, համարձակորեն դատողություններ անել քաղաքականության, գիտության, արվեստի, հասարակական կյանքի այլ ոլորտների մասին: Իսկ այժմ այդպիսի մարդիկ չեն հասկանում, չեն ընդունում, որ հիմար են, իսկ հիմարը (այստեղ նա մեջբերում է Անատոլ Ֆրանսին) ավելի վտանգավոր է, քան չարը, քանզի հիմարությունն իրեն երբեք դադար չի տալիս: Ի դեպ, նմանատիպ միտք է արտահայտել գերմանացի աստվածաբան, նացիստական ռեժիմի զոհ Դիտրիխ Բոնհյոֆերը:

Մի խոսքով, ներկայիս սոցցանցային իրականության համար նախադրյալները ստեղծվել են մոտավորապես մեկ դար առաջ: (Օրտեգա-ի-Գասետի գրքի հիմքում նրա՝ ավելի վաղ գրված հոդվածներն են): Տոտալիտարիզմի մասին օրուելյան ֆանտազիաներն ավելի «մեղմ» էին, քան այն, ինչի հետ գործ ունենք հիմա: Որեւէ անհրաժեշտություն չկա հետեւելու մարդկանց մտքերին, նրանց մտքի հնարավոր հանցագործություններին (thoughtcrime` անգլիացի գրողի մոտ), պետք չէ անգամ կանխագուշակել, թե ինչ է միջին մարդը մտածելու այս կամ այն հարցի շուրջ: Որովհետեւ այն, ինչ մտածում է «զանգվածի ներկայացուցիչը», արդեն իսկ ԿԱՆԽՈՐՈՇՎԱԾ  է ալգորիթմներով: Իսկ ալգորիթմները, թեեւ որոշ չափով կարգավորվում են, բայց հիմնականում դրանք ստեղծում ենք մենք բոլորս (ոչ թե «մասոնները»)՝ սոցցանցերից օգտվելով, մեր որոնողական հարցումներով,  գրառումներով, մեկնաբանություններով, կիսումներով, «էմոջիներով»: Իսկ թե ովքեր են այդ իրականության մեջ մեծամասնություն կազմում, պարզ է:

Դրանից խուսափելն, իհարկե, անհնարին է՝ դրա համար պետք է գործնականում կտրել կապն աշխարհի հետ, ինչին ես, օրինակ, պատրաստ չեմ: Բայց հնարավորինս կրճատել համացանցային շփումը՝ միանգամայն հնարավոր է: Թույլ տվեք արմատական կարծիք հայտնել. երբ մենք ինչ-որ (նույնիսկ շատ խելացի) բան ենք գրում կամ փնտրում համացանցում, մենք կերակրում ենք Գազանին: Գազանին՝ աստվածաշնչյան իմաստով:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07.11.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Համացանցում՝ իշխողը, տիրապետողը, զանգուածային մեծամասնութեամբ հետեւորդներ ունեցողը, այո, այդ Գազանն է:

    Սակայն Համացանցը կարելի դարձուց նաեւ օգտակար, դրական, լուսաւոր բաներ:

    Պիտի ջանանք ուրեմն, այդտեղ ալ, հեռու մնալ Գազանից, եւ ծառայել՝ Բարիին: Ի սէր, Մարդկութեան:

    Ճիշդ ինչպէս որ ընդհանուր Աշխարհին մէջ, կեանքի մէջ:

    Մ. Հայդուկ Շամլեան

  2. Հայ մարդ says:

    Հոդվածում մարդկային իմացական և հոգեբանական հատկանիշները վերլուծված են շատ դիպուկ, սակայն առաջարկվել է միայն մեկ լուծում՝ «հնարավորինս կրճատել համացանցային շփումը»:
    Ես կավելացնեի նաև.
    1. ճիշտ և արդյունավետ կրթության գործոնը,
    2. «ժողովրդավարական» օրենքների copy and paste-ից հրաժարվելու կամքը (դիմադրելով արտաքին աշխարհի պարտադրանքին),
    3. հասարակությանը շատ պարզորոշ բացատրել իրականությունն այն մասին, որ ընտրությունների կատարման մեխանիզմում հավասարության նշան դնել դիլետանտ և գիտակ ընտրողների միջև խիստ անարդյունավետ է և այդ առումով պատահական չէ, որ ԱՄՆ-ում կիրառում են ընտրիչների ինստիտուտը (այսինքն շարքային ընտրողներն իրենց քվեի իրավունքը լիազորում են այդ գործից ավելի գիտակ ընտրիչին), իսկ ուղղակի ընտրության պայմաններում արդեն իսկ համոզվեցինք, որ միջին ընտրողն իր քվեն տալիս է մուրճ ճոճողին և «շինելու» ու «կզցնելու» խոստումներ տվողին:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930