Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ըստ սոցհարցման, «չկողմնորոշվող» հինգ նահանգներում Թրամփը վարկանիշով առաջ է անցել Բայդենից. «Ամերիկայի ձայն»

Նոյեմբեր 07,2023 22:30

«Ամերիկայի ձայն». Դիտորդների կարծիքով, սակայն, դեռ վաղ է խոսել սոցհարցման միջոցով ստացված թվերի կարևորության մասին, քանզի ԱՄՆ համապետական՝ նախագահական ու Կոնգրեսի ընտրություններին մեկ տարի էլ կա։

Նոր սոցհարցման համաձայն, ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը վարկանիշով առաջ է անցել գործող նախագահ Ջո Բայդենից, այսպես կոչված, «չկողմնորոշվող» և ավանդաբար՝ հանրապետականների ու դեմոկրատների միջև սուր մրցակցության թատերաբեմ հանդիսացող նահանգներից։ Տեղի ընտրողները մատնանշել են Բայդենի տարիքը, երկրի տնտեսությանը վերաբերող մտահոգությունները և մերձավորարևելյան հակամարտությունը։

ԱՄՆ նախագահական ընտրություններից մեկ տարի առաջ ընտրողների շրջանում նոր զարգացումներ են։ «The New York Times»-ի և «Siena College»-ի թարմ սոցհարցման համաձայն, այսպես կոչված, «չկողմնորոշվող» և ավանդաբար՝ հանրապետականների ու դեմոկրատների միջև սուր մրցակցության թատերաբեմ հանդիսացող նահանգներից հինգում Թրամփի վարկանիշը գերազանցել է Բայդենի թվերին։

Հարցախույզի ընթացքում ԱՄՆ քաղաքացիներին հարցրել են աբորտից, երկրում ժողովրդավարության վիճակից, ազգային անվտանգությանը վերաբերող խնդիրներից, ներգաղթից, նաև՝ թե ինչպես է Բայդենի վարչակազմն արձագանքում մերձավորարևելյան հակամարտությանը։

Շաբաթ օրը տասնյակ հազարավոր ցուցարարներ հավաքվել էին Սպիտակ տան մոտ՝ իրենց դժգոհությունն արտահայտելու, թե ինչպես է Բայդենի վարչակազմն աջակցում Իսրայելին։

Այս ֆոնին՝ Բայդենը շրջում է երկրով մեկ՝ ձգտելով ցույց տալ ամերիկացիներին, թե իր ղեկավարած վարչակազմը ինչպես է բարելավել նրանց կյանքը։ Երկուշաբթի իր հայրենի Դելավեր նահանգում նա հայտարարեց 16 միլիարդ դոլար արժողությամբ կառավարության նոր ծրագրի մասին։

«Քսանհինգ տարբեր նախագծեր, որոնք բոլորն ուղղվելու են Բոստոնից Վաշինգտոն «Հյուսիսարևելյան միջանցքի» կառուցմանը։ Սա՝ Ամերիկայում ներդրումներ կատարելու իմ օրակարգի մի մասն է, և ես պայքարել եմ սրա համար երկար ժամանակ»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Այս ամենի ֆոնին՝ Թրամփը շարունակում է մեղադրել իշխանություններին իր նկատմամբ քաղաքական դատավարություններ կազմակերպելու մեջ։ ԱՄՆ նախկին նախագահը երկուշաբթի նյու յորքյան դատարանում էր՝ վկայություն տալու իր դեմ առաջ քաշված և խարդախությանը վերաբերող մեղադրանքներին։ Թրամփի խոսքով, չորս տարբեր դատաքննություններում իր դեմ ներկայացված 91 մեղադրանքները քաղաքական հիմք ունեն։

«Նրանց հարցումների թվերը սարսափելի են: «The New York Times»-ն ու «CBS»-ը անդրադարձել են դրան։ Ամենուր ես եմ առաջատարը: Բայց սա շատ անարդար իրավիճակ է: Սա, իրոք, միջամտություն է ընտրություններին։ Անգամ ծիծաղելի է»,- ասել է ԱՄՆ նախկին նախագահը:

Դիտորդների խոսքով, ամենևին էլ զարմանալի չէ, որ ամերիկացի ընտրողների մոտ նման փոփոխություններ կան։

Ոմանք կասկածի տակ են առնում սոցհարցման իսկությունը։

Այս շաբաթ ևս ամերիկացիները ընտրությունների մեջ են․ քվեարկում են նահանգային խորհրդարանական և հարազատ բնակավայրերի կառավարող մարմինների ընտրություններում։

«Որևէ մեկը, ով նախորդ տարիներին լրջորեն ուսումնասիրել է ամերիկյան քաղաքականությունը, կարող է ասել, որ [Բայդենի ու Թրամփի միջև] մրցավազքը գրեթե հավասար է լինելու, ինչի մասին հետևողականորեն վկայում են սոցհարցումները։ Այս սոցհարցումը փոքր-ինչ անսովոր է, որովհետև ի ցույց է դնում Թրամփի առավելությունը մի քանի նահանգներում, ինչը չկա բազմաթիվ այլ սոցհարցումներում»,- ասում է «Ժողովրդավարական մեծամասնություն հանուն Իսրայելի» կազմակերպության ներկայացուցիչ Մարկ Մելմանը։

Դիտորդների կարծիքով, ԱՄՆ նախագահական ու Կոնգրեսի ընտրություններից գրեթե մեկ տարի առաջ անցկացված սոցհարցման թվերը, իրականում, կարող են անէական լինել, որովհետև առջևում հնարավոր են բազմաթիվ փոփոխություններ։

«Բայդենի քարոզարշավն առաջ տանող թիմից ոմանք ինձ ասացին, որ եթե բանը հասնի Բայդենի ու Թրամփի միջև ընտրության, ապա ԱՄՆ քաղաքացիները կնախընտրեն գործող նախագահին, որովհետև մարդիկ պարզապես չեն ցանկանում վերստին տեսնել Թրամփի օրոք եղած քաոսը»,- ասում է Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանի ներկայացուցիչ Թոդ Բելթը։

Արդյո՞ք Բայդենն, այնուամենայնիվ, մտահոգված է, որ Թրամփը կհաղթի իրեն․․․ ։ «Ամերիկայի ձայնին» հասցեագրված պատասխանում Բայդենի նախընտրական թիմը արձագանքեց՝ «անհանգստացած չենք սոցհարցումներից»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930