Լրահոս
Օրվա լրահոսը

FBI-ը հետաքննում է Նյու Յորքի քաղաքապետի քարոզարշավի և Թուրքիայի միջև եղած կապերը

Նոյեմբեր 07,2023 23:20

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ

www.TheCaliforniaCourier.com

 

Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսը կարծես թե հատուկ համակրանք ունի Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ։ Շուտով կիմանանք՝ արդյոք այդ առանձնահատուկ հարաբերությունները դուրս են եկել օրինականության սահմաններից։

Մեկ տարի առաջ ես հոդված գրեցի քաղաքապետ Ադամսի մասին, որը հայտարարել էր՝ «Թոշակի անցնելուց հետո ես պատրաստվում եմ ապրել Բաքվում»։

2021 թվականին New York Daily News-ը մի հոդված հրապարակեց՝ «Նյու Յորքի քաղաքապետի թեկնածու Էրիկ Ադամսը համաձայնել է արտասահմանյան այցեր կատարել կոռուպցիայի պատմություն ունեցող երկրներ» վերնագրով։ Հոդվածում ասվում էր, որ «Բրուքլինի շրջանի նախագահ Էրիկ Ադամսը ընդունել է հազարավոր դոլարների ճամփորդություններ և այլ արտոնություններ երեք երկրներից՝ Չինաստան, Թուրքիա և Ադրբեջան, որոնք հայտնի էին իրենց քաղաքացիներին ճնշելու լավ փաստագրված պատմությամբ»:

Ադամսը վերջերս խոստովանել է, որ ութ անգամ այցելել է Թուրքիա։ 2023 թվականի օգոստոսին Մանհեթենում թուրքական դրոշի բարձրացման արարողության ժամանակ նա պարծեցավ, որ Նյու Յորքի պատմության մեջ հավանաբար չկա մեկ այլ քաղաքապետ, որն այդքան հաճախ այցելած լինի Թուրքիա, որքան ինքը: 2015 թվականի օգոստոսին թուրքական կառավարությունը հազարավոր դոլարներ վճարեց Բրուքլինի շրջանի այն ժամանակվա ղեկավար Ադամսին վեց օրով Թուրքիա այցելելու համար, որտեղ նա ստորագրեց քույր քաղաքի պայմանագիր Ստամբուլի Ուսքուդար թաղամասի հետ: Թուրքական հյուպատոսությունը վճարեց մինչև 4999 դոլար նրա ավիատոմսերի, հյուրանոցային ծախսերի և տրանսպորտային փոխադրումների համար՝ ըստ Ադամսի բացահայտմանը քաղաքի շահերի բախման խորհրդին (COIB)։ New York Daily News-ը հաղորդել է, որ 2016 թվականին «Ադրբեջանի զբոսաշրջության նախարարությունը վճարել է մինչև 4999 դոլար, որպեսզի Ադամսը չորս օրով այցելի իրենց մայրաքաղաք Բաքու, համաձայն շրջանի ղեկավարի բացահայտմանը COIB-ին»: Ադամսն իր քարոզարշավի համար դրամահավաք է կազմակերպել Նյու Յորքի ադրբեջանական և թուրքական Baku Palace և «Ալի Բաբա» ռեստորաններում: 2023 թվականի սեպտեմբերի 19-ին քաղաքապետ Ադամսը մասնակցել է նախագահ Էրդողանի կնոջ՝ Էմինեի  կազմակերպած միջոցառմանը Նյու Յորքի «Թուրքական տանը»:

Անցյալ հինգշաբթի Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) տասը գործակալներ ներխուժեցին քաղաքապետի գլխավոր դրամահավաք Բրիանա Սաքսի տուն՝ պարզելու, «թե արդյոք քաղաքապետ Էրիկ Ադամսի 2021 թվականի նախընտրական քարոզարշավը գործարքի մեջ է եղել թուրքական կառավարության հետ՝ անօրինական օտարերկրյա նվիրատվություններ ստանալու համար, համաձայն New York Times-ի ձեռք բերած խուզարկության հրամանագրի»: 2025 թվականի Ադամսի վերընտրության քարոզարշավի համար Սաքսի ընկերությանը վճարվել է մոտ 100 հազար դոլար՝ դրամահավաքի և քարոզարշավի խորհրդատվական ծառայությունների համար:

«Քննիչները փորձել են ավելին իմանալ Բրուքլինի շինարարական ընկերության հնարավոր ներգրավվածության մասին, որը կապեր ունի Թուրքիայի հետ, ինչպես նաև Վաշինգտոնում գտնվող մի փոքրիկ համալսարանի, որը ևս կապեր ունի այդ երկրի և Ադամսի հետ», հաղորդում է NYT-ը: «Ըստ խուզարկության հրամանագրի, քննիչները կենտրոնացել են նաև այն բանի վրա, թե արդյոք քաղաքապետի քարոզարշավը շահաբաժին է տվել [KSK] շինարարական ընկերության պաշտոնյաներին և աշխատակիցներին, ինչպես նաև թուրք պաշտոնյաներին»: The City լրատվական կայքը հայտնում է, որ 84 նվիրատուներ, որոնց մեծ մասը KSK շինարարական խմբի (հիմնադիրները Թուրքիայից են) աշխատակիցներ են, ավելի քան 69 հազար դոլարի ներդրում են կատարել քաղաքապետի քարոզարշավին։ Այնուամենայնիվ, «բազմաթիվ մարդիկ, որոնք նշված են Ադամսի 2021 քարոզարշավի նվիրատվության գրառումներում որպես KSK-ի աշխատակիցներ, կա՛մ ասել են, որ նվիրատվություն չեն արել Էրիկ Ադամսին, կա՛մ հրաժարվել են նշել, թե երբևէ նվիրատվություն են արել», հաղորդում է The City-ն:

Անցյալ հինգշաբթի տեղի ունեցած ստուգայցի ժամանակ FBI-ն որոնել է Թուրքիա ճանապարհորդության արձանագրություններ և փաստաթղթեր՝ Ադամսի և այդ երկրի կառավարության ու նրա միջնորդների հետ կապված՝ առգրավելով Սաքսի տնից երեք iPhone, երկու համակարգիչ և տարբեր ֆայլեր: Քննիչները նաև փաստաթղթեր են փնտրել «Բեյ» Ատլանտյան համալսարանի վերաբերյալ, որը Թուրքիային պատկանող համալսարան է Վաշինգտոնում և բացվել է 2014 թվականին: 2015 թվականին Ադամսը «այցելել է Ստամբուլի դպրոցի քույր համալսարաններից մեկը, որտեղ նրան տրվել են տարբեր վկայականներ և հայտնել, որ կրթաթոշակ է ստեղծվելու նրա անվամբ», ըստ NYT-ի:

Անցյալ հինգշաբթի Նյու Յորքի քաղաքապետը, որը մեկնել էր Վաշինգտոն, Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաների, Կոնգրեսի անդամների և այլ քաղաքապետերի հետ հանդիպումների համար, հանկարծակի չեղյալ հայտարարեց դրանք և վերադարձավ Նյու Յորք նույն օրը, երբ տեղի ունեցավ FBI ստուգայցը:

NYT-ն հաղորդում է. «[Խուզարկության] հրամանագիրը ենթադրում էր, որ քարոզարշավի համար որոշ օտարերկրյա ներդրումներ կատարվել են որպես կեղծ նվիրատուների սխեմայի մի մաս, որտեղ նվիրատվությունները կատարվել են այն մարդկանց անուններով, որոնք իրականում գումար չեն տվել: Քննիչները ապացույցներ են փնտրել հնարավոր մեղադրանքները հաստատելու համար, որոնք ներառում էին դաշնային միջոցների գողություն և դաշնային միջոցների գողության գործարք, խարդախություն էլեկտրոնային միջոցներով և խարդախության գործարք էլեկտրոնային միջոցներով, ինչպես նաև նման նվիրատվություններ կատարելու համար օտարերկրյա քաղաքացիների կողմից նախընտրական նվիրատվություններ և գործարք»:

Հուլիսին Մանհեթենի շրջանային դատախազ Էլվին Բրագը մեղադրանք է առաջադրել յոթ անձանց, որոնք դրամահավաք են իրականացրել քաղաքապետի 2021 թվականի քարոզարշավի համար մի քանի հոդվածներով, այդ թվում՝ գաղտնի գործարք և կաշառք վերցնելու ու անօրինական նվիրատվություններ ուղղորդելու գործարք, ըստ NYT-ի:

FBI-ի հետաքննությունը չի թիրախավորել անձամբ Ադամսին։ Նա ասաց, որ ինքը «հստակ տեղեկություններ չի ունեցել՝ ուղղակի կամ անուղղակի, դրամահավաքի որևէ ապօրինի գործունեության, առավել ևս՝ օտարերկրյա փողերի մասին»:

Սակայն եթե ապացուցվի, որ նա գաղտնի գործարքի մեջ է մտել թուրքական կառավարության հետ՝ քարոզարշավի անօրինական միջոցներ ստանալու համար, քաղաքապետը հնարավոր է որ ստիպված լինի թոշակի գնալ Բաքվում կամ Ստամբուլում շատ ավելի վաղ, քան նա ակնկալում էր:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930