«Մենք ապրում ենք պատմական ողբերգական ժամանակաշրջանում։ Առաջին հերթին պետք է մի բան ֆիքսել։ Դա Հայաստանի իշխանության կողմից ժողովրդին երազանքից զրկելու երեւույթն է։ Ցանկացած պետություն պետք է ունենա երազանք եւ ռազմավարություն։ Ու հարց է առաջանում, թե որն է Հայաստանի երազանքը»,-ասաց ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանը «Հենարան» ակումբում՝ պատասխանելով դիտարկմանը, որ 90-ականների մեր հաղթանակից 30 տարի անց Արցախը շատ հանգիստ փոխանցվեց Ադրբեջանին, որ Ադրբեջանն անհանգիստ էր Արցախն ունենալու համար, իսկ մեր իշխանությունն անհանգիստ չէ, որ Արցախ չունենք։
«1994 թվականից այս կողմ Ադրբեջանում թե կրթական համակարգում, թե մեդիա դաշտում ու քարոզչական այլ միջոցներով ադրբեջանցիներին հրամցվում էր արցախյան երազանքը, որ պետք է հետ վերցնեն, որ Հայաստանը գրավել է իրենց տարածքը, որ իրենք պետք է այնտեղ ապրեն, որ հայերը վատն են, գրավել են իրենց տարածքները եւ այլն։ Այսինքն, 30 տարի իրենց ժողովրդին կերակրում էին այդ երազանքով։
2018-ին 44-օրյայից, սեպտեմբերին տեղի ունեցած իրադարձություններից հետո Ադրբեջանն արդեն ունի նոր երազանք։ Մի քանի շաբաթ առաջ Ադրբեջանում ցուցադրվել էր տեսանյութ, որում ադրբեջանցի լրագրողները Հայաստանի տարբեր համայնքներում, Երեւանի տարբեր հատվածներում շրջում եւ եւ խոսում էին այն մասին, որ հայերը ոչնչացրել են իրենց մզկիթները, որ իրականում Երեւանը Իրեվան է եւ իրենցն է․․․ Այսինքն, իրենք ստեղծում եւ ժողովրդին տալիս են նոր երազանք, որ Արցախից հետո հաջորդը Երևանն է, Գյումրին, Վանաձորը։
Իսկ ինչ է անում Հայաստանի իշխանությունը։ Հայաստանի իշխանությունը զրկեց իր ժողովրդին երազանքից՝ Արցախից, եւ սպասարկում է այլոց երազանքը։ Անվտանգային առումով ի՞նչ է ասում առհասարակ Հայաստանի իշխանությունը, իշխանության քարոզչության տակ գտնվող մարդիկ։ Ասում են, թե Իրանը կօգնի, որ նոր պատերազմ չսկսվի։ Մինչ այդ էլ, թե Ռուսաստանը կօգնի, որ Արցախում պատերազմ չսկսվի։ Երբ արեւմուտքից դիտորդներ եկան՝ թե Արևմուտքը կօգնի։ Հիմա ասում են, թե Ադրբեջանը էներգակիրների արտահանումն է մեծացնում արեւմուտք, Ռուսաստանի հետ ստրատեգիական գործընկեր է դարձել, Իրանի հետ կարծես պայմանավորվում է ու Իրանը միայն հայտարարություններ է անում։ Կարող է՞ Ամերիկան մեզ օգնի, ու Ամերիկայից ոչ մի ազդակ չկա։
Կարդացեք նաև
Այս ամենն ի՞նչ է նշանակում։ Մենք շատ վտանգավոր շրջանում ենք գտնվում, երբ որ քո պետության երազանքը բացակայում է, իսկ հնարավոր ապագան կապվում է այլոց երազանքներում կամ ռազմավարության մեջ խցկվելու հետ, դա նշանակում է, որ վաղը դու կարող ես պետություն չունենալ։ Մեր քաղաքացին չգիտի, թե ո՞րն է Հայաստանի Հանրապետության շահը ու կարեւոր էլ չէ, թե ռուսամետ ես, արեւմտամետ ։ Դրա մասին ինֆորմացիան ամբողջովին բացակայում է այն դեպքում, երբ Ադրբեջանը նոր թափ է հավաքում։ Այսօրվա աշխարհում տարածքային ամբողջականություն ասածը գոյություն չունի․ ուժեղը ինչ կարողանում, անում է։ Իսկ ով թուլանում է ուժեղի առաջ, նրանից ամեն ինչ վերցնելու են»,-ասաց Հայկ Դերզյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ