Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմի պերեցը կցփնեմ դեմքիդ»․ ոստիկանի նոր կերպարը՝ գյումրեցի փաստաբանների ներկայացմամբ

Նոյեմբեր 07,2023 19:50

Այսօր «Մեդիա կենտրոնը» Շիրակի պետական համալսարանում կազմակերպել էր քննարկում «Ոստիկանության բարեփոխումները Շիրակի մարզում․ ի՞նչ արդյունքներ կան» թեմայով, որին մասնակցում էին Շիրակի մարզի մի քանի փաստաբաններ՝ Արամայիս Հայրապետյանը, Հայկ Հարությունյանը, Արտուշ Հակոբյանը և ՄԻՊ աշխատակազմի Քրեական արդարադատության ոլորտում իրավունքների պաշտպանության վարչության պետ Էդգար Մարտիրոսյանը։

Քննարկման նպատակն էր պարզել, թե ոստիկանության բարեփոխումների նպատակով  2020-2022 թվականներին ընդունված ռազմավարությունը ի՞նչ ազդեցություն է ունեցել ոստիկանական համակարգի վրա, ստեղծվե՞լ է արդյոք ոստիկանի նոր կերպար։

Փաստաբանները նախևառաջ քննադատեցին պարեկային ծառայողներից շատերի ցածր կրթական ցենզը, էթիկայի նորմերին չտիրապետելը ու քաղաքացիների հետ վիճաբանության կամ ծեծկռտուքի մեջ մտնելը։

Այնուհետ կոնկրետ օրինակներով ցույց տվեցին, որ ոստիկանի կերպարը ոչ միայն չի բարեփոխվել, այլ հակառակը՝ առավել սադրիչ է դարձել։

Փաստաբան Հայկ Հարությունյանը կարծիք հայտնեց, որ պարեկային ծառայության մուտք գործելով՝ որոշակի դրական տեղաշարժ եղավ վարչական իրավախախտումները բացահայտելու առումով, սակայն անչափ ցածր է պարեկային ծառայողների կրթական ցենզը։

«Հենց օրենքով սահմանվեց, որ պարտադիր չէ բարձրագույն կրթություն ունենալը․ ընդամենը 3 ամիս դասընթաց անցնելուց հետո կարող ես պարեկային ծառայության աշխատակից դառնալ։

Դա հանգեցրեց մի շարք խնդիրների, մասնավորապես պարեկային աշխատողը, որը կանգնեցնում է քաղաքացուն, չի տարբերում զննությունը խուզարկությունից, նա ինքը չի տիրապետում՝ ինչ իրավունքներ ունի և ինչ պարտականություններ»,-ասաց Հայկ Հարությունյանը։

Նա նշեց, որ շատ պարեկային ծառայողներ քաղաքացիների հետ ի պաշտոնե՝ ոչ որպես ոստիկան են խոսում։ Նրանց մեջ կան բազմաթիվ ծառայողներ, որոնց հետ չգիտես ինչ լեզվով խոսես, գրական խոսքը, ըստ փաստաբանի, չեն հասկանում, չունեն համբերատարություն, որը պարտավոր են ունենալ քաղաքացու հետ աշխատելիս։

Եվ այս ամենը պատճառ է դառնում վիճաբանությունների։

«Իմ մոտ կան քրեական գործեր, երբ նայում ես տեսաձայնագրությունները, պարեկային ծառայողները իրենց շատ ավելի վատ են պահում, քան քաղաքացիները, և դա մեծ խնդիր է մեր իրականության մեջ։ Մինչև օրս դեռ փոփոխության չի ենթարկվել, պարեկային աշխատողները կարիք ունեն դասընթացների, գոնե մինիմալ կարգով պիտի պահպանեն էթիկայի կանոնները և տիրապետեն իրենց  վերապահած լիազորություններին», -ասաց բանախոսը։

Փաստաբան Արտուշ Հակոբյանն էլ, շարունակելով գործընկերոջ միտքը,  նույնպես կարծիք հայտնեց, որ պարեկային ծառայության ներդրմամբ սկսվեցին ավելի մեծ թվով իրավախախտումների  բացահայտումներ, արմատախիլ արվեցին շատ երևույթներ, մասնավորապես հայտնաբերեցին ոչ սթափ վիճակում գտնվող վարորդների, թմրամիջոցներ կամ այլ արգելված առարկաներ տեղափոխող անձանց, սակայն  նրանց կրթական ցենզը ցածր է և իրենց պարտականությունները կատարում են ոչ գրագետ։

«Քաղաքացիների հետ շփվելու կուլտուրա չկա, հասարակությունն ավելի լայն շերտ է, տարբեր խմբերի մարդիկ են, տարբեր կրթական մակարդակի, տարբեր սոցիալական խմբերի, և յուրաքանչյուրի հաղորդակցվելը տարբեր է։

Երբ որ անձը ծառայության է մտնում, պիտի կարողանա լարված իրավիճակներում, հոգեբանական սթրեսային իրավիճակները կառավարել։

Պարեկային ոստիկանությունում, իհարկե, խոսքս ոչ բոլորի մասին չէ, շատ մեծ խումբ են կազմում նման աշխատողները, ովքեր չեն կարող իրենց կառավարել և քաղաքացու անկարգ պահվածքին  ի պատասխան՝ իրենք էլ են հայտնվում  նույն կարգավիճակում, սկսում են բանավիճել կամ վիճաբանել, ոնց որ փողոցում, սկսվում է ծեծկռտուք»,- ասաց Արտուշ Հակոբյանը։

 

Փաստաբան Արամայիս Հայրապետյանն էլ նշեց, որ  նման գործելաոճը հատուկ է ոչ միայն պարեկային ծառայության, այլ  առհասարակ ոստիկանությանը, մշտապես եղել է ոստիկանության հիմնական խնդիրներից մեկը։

«Ոստիկանության վարքագիծը ոչ միայն օրինական չէ,այլ վերջին շրջանում դարձել է սադրիչ։ Ինչ ի նկատի ունեմ․ ոստիկանությունը խոսում է ուժի դիրքերից։ Դա  գալիս է նրանից, որ չի տիրապետել օրենսդրական բազային, չի յուրացրել կամ չի ուզում յուրացնել էթիկայի վարքագծի կանոնները։ Եվ մշտապես ոստիկան-քաղաքացի հարաբերություններում ոստիկանը խոսում է բացառապես ուժի դիրքերից և ոստիկանության համար մինչև այսօր ցավալիորեն վիրավորանքի է հասնում, երբ նրան ինչ-որ բան պատասխանում ենք՝ իրավունքից ելնելով»,- ասաց փաստաբանը։

Դիտարկմանը, թե երբ ստեղծվում էր ՀՀ Ներքին գործերի նախարարությունը՝ բարձր ամբիոններից հայտարարվում էր, թե  ոստիկանի նոր կերպար ենք ունենալու, ստացվում է, որ ոստիկանի կերպարը փոփոխության չենթարկվե՞ց, փաստաբան Արամայիս Հայրապետյանն ասաց․ «Այդ կերպարը քաղաքացի ծեծող ոստիկանից վերածվեց փաստաբան ծեծող ոստիկանի։ Երբ որ ոստիկանը փաստաբան է ծեծում, իրավապաշտպանի է ծեծում, կարծում եմ՝ դրական կերպարի մասին խոսելն անիմաստ է։ Բայց հիմնական խնդիրներից մեկն այն է , որ պետությունը չունի կամք իրավախախտ ոստիկանին պատժելու։

Ունեմ բազմաթիվ գործեր, երբ որ պետություն (հանձնիս ոստիկանի)-քաղաքացի բախում է տեղի ունեցել․ քաղաքացին ստացել է մարմնական վնասվածքներ, բացառապես ոստիկանների ցուցմունքներով, ում շորի վրա անգամ մի փոշի չկա, քաղաքացին քրեական հետապնդման է ենթարկվում, երեք քաղաքացու ցուցմունքով ոստիկանը չի պատժվում։

Հենց հիմա իմ վարույթում ունեմ գործ, երբ քաղաքացու քիթը կոտրված է և՛ կա վկա, և՛ կա չորս ոստիկան, ընդ որում ոստիկաններից երկուսն ունեցել են տեսագրող սարքեր։

Տեսագրող սարքերը քննիչի թողտվությամբ չեն վերցվում, որոշակ ժամանակ անց ձայնագրությունները վերանում են, հաղորդում ենք տալիս ոստիկանությունում, ԱԱԾ-ն ասում է՝ գիտեք ինչ, վնասվածք կա, բայց այս ապացույցների շեմը բավարար չէ այս ոստիկաներին քրեական հետապնդման ենթարկելու։ Բայց նույն ոստիկանը, որը հանցանք է  կատարել քաղաքացու նկատմամբ, պատճառել մարմնական վնասվածք, այս ոստիկանի ցուցմունքը բավարար են համարում, որ անձին ենթարկեն քրեական պատասխանատվության։ Երկակի ստանդարտներ են։

Ընդ որում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանի վերաբերյալ բազմաթիվ գործերով ասում է, երբ որ պետություն-քաղաքացի են հարաբերվում, էդ ոստիկանների ցուցմունքները կրճատեք ապացույցների արժանահավատության տեսանկյունից։

Մեկ այլ դեպք․ երբ կա տեսագրություն, թե ինչպես է քաղաքացուն ոստիկանը հարվածում, ուղարկում ենք հաղորդումը, որ պատժեք ոստիկաններին, էն ժամանակ Հատուկ քննչական ծառայությունում ասում են՝ կաn քաղաքացու նկատմամբ բռնություններ, բայց չեմ կարող կոնկրետացնել` որ ոստիկանն է, կասեցվում է վարույթը և քաղաքացիներին միանգամից մեղադրանք են առաջարկում, ուղարկում են դատարան որ դատվեն՝ այդ նույն ոստիկանների ցուցմունքներով», -ասում է փաստաբան Արամայիս Հայրապետյանը։

Շիրակի մարզում, ըստ փաստաբանի, քաղաքացիների նկատմամբ ոստիկանների կողմից բռնության դեպքերն ավելացել են և միևնույն ժամանակ պատշաճ արձագանք չկա ոստիկանության աշխատողների իրավախախտումներ վերաբերյալ։ Իսկ սրանով խրախուսվում է ոստիկանի վարքագծի անօրինականությունը, ստեղծվում է ամենաթողության մթնոլորտ։

Քննարկմանը թեև հրավիրել էին ոստիկանության ներկայացուցիչների, սակայն վերջիններս հրաժարվել էին գալ։Որպես ՇՊՀ-ի իրավագիտության դասախոս ներկա էր  Շիրակի մարզային վարչության «Կումայրի» բաժնի  պետի տեղակալ, փոխգնդապետ Արմանուշ Մովսիսյանը։

Նա իր անհամաձայնությունն արտահայտեց փաստաբանների որոշ դիտարկումների։
«Պարեկային ծառայությունը որ ստեղծվեց, նշված չէ, որ պարտադիր բարձրագույն կրթություն  չի պահանջվում։ Պարեկային ծառայությունում կան և՛ սպայական պաշտոններ և շարքային։ Սպայական պաշտոնների համար, իհարկե, բարձրագույն կրթությունը պարտադիր է, իսկ շարքային պաշտոնների համար պարտադիր չէ․ միջնակարգ կրթություն և հնգամսյա պարտադիր վերապատրաստում, ոչ թե 3, այլ 5։

Ինչ վերաբերվում է ոստիկանության ծառայողներին, իհարկե, ոստիկանությունում կան և՛ բացեր, և՛ կարգապահական խախտումներ, ոչ թե ծառայողական քննություններ չեն իրականացնում, ես ի պաշտոնե համարվում եմ «Կումայրի» բաժնի պետի տեղակալ՝ անձնակազմի գծով, ես ինքս իրականացնում եմ ծառայողական ստուգումներ և ծառայողական քննություններ ոստիկանության ծառայողների նկատմամբ։

Մենք այս տարվա ընթացքում կատարել ենք շուրջ 32 ծառայողական ստուգում և քննություն, և ոստիկաններ պատժվել են․ ենթարկվել են և՛ կարգապահական պատասխանատվության՝ նկատողության, և՛ ընդհուպ ոստիկանապետի կամ ներքին գործերի նախարարի կողմից ենթարկվել են ավելի լուրջ պատասխանատվության․ ընդհուպ ազատվել են  ծառայությունից։

Վերջերս նաև մեղադրական դատավճիռներ եղան մի քանի ոստիկանների նկատմամբ, իհարկե, դեռ վերջնական չի եղել Վերաքննիչ ու Վճռաբեկ դատարաններ պետք է դիմեն, նման հարցեր կան, բայց որ ոստիկանությունում չպատժվեն ոստիկանները, ձեզ ամենայն պատասխանատվությամբ ասում եմ՝ չկա նման բան»,- ասաց Արմանուշ Մովսիսյանը։

Ոստիկանության պաշտոնյային ի պատասխան՝ փաստաբան Արամայիս Հայրապետյանն ասաց, որ կասկածի տակ չի դնում նրա ասածը, սակայն ինքն էլ ունի իր փաստերը։

Նա մեջբերեց մի դեպք․ երբ պարեկային ծառայողը բերման է  ենթարկել երկու անչափահաս երեխաների հորը, սակայն ոչ թե գյուղում, որտեղ նրանք բնակվում են, այլ բերման ենթարկվելու գործընթացն իրականացրել է Գյումրիում։

«Երբ պարեկային ծառայողին ասում են՝ երկու անչափահաս երեխա գտնվում են փողոցում՝ անծանոթ միջավայրում, պարեկային ծառայողը պատասխանում է՝ ով ուզում է, ոնց ուզում է, թող տուն ուղարկի, ուզում եք իմ գրպանից տաքսու փող կտամ, թող տանեն։

Այնինչ հենց կարգապահական կանոնագրքով առաջնայինն ինքը պետք է ապահովեր երեխաների անվտանգ տեղափոխությունը։

Այս փաստերը ձայնագրված, տեսագրված՝ուղակվում են ոստիկանություն կարգապահական քննություն իրականացնելու, արդյունքում պատասխանում են, որ պարեկային ծառայողը ճիշտ է արել։

Երկրորդ անգամ դատախազության միջոցով է այս հարցը բարձրացվում, բայց քանի որ դրա արդյունքում անձը՝ երեխաների հոր նկատմամբ քրեական հետապնդման խնդիր կար, քրեական հետապնդում հարուցեցին, կրկին և՛ քրեաիրավական և՛ ծառայողական, կարգապահական տիրույթում գտնում են, որ անձը ճիշտ է վարվել»,- ասաց փաստաբան Արամայիս Հայրապետյանը։

Փաստաբան Արտուշ Հակոբյանն էլ  մեջբերեց մի դեպք, երբ ոստիկանը, վեճի մեջ մտնելով քաղաքացու հետ, ասել է․ «Հիմա պերեցը կցփնեմ դեմքիդ» ու  այնքան արցունքաբեր գազ է լցրել, որ նրա հագուստը 6 ամիս  վարույթ իրականացնող մարմնի մոտ գտնվելուց հետո, երբ  վերադարձել են՝ հետքերը մնացել են շորի վրա։

Փաստաբան Արամայիս Հայրապետյանը եզրակացրեց, որ ինչպես նախորդ, այնպես էլ նորօրյա իշխանությունները ոստիկանությանը օգտագործել են որպես իշխանության գործիք, ոչ որպես պետության գործիք, խնդիրն այստեղ է։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930