Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Մենք մեր տունը չպետք է քանդենք, պետք է կառուցենք». Հայկ Շեկյանը՝ ճգնաժամային իրավիճակներում բիզնեսի եւ պետության փոխհարաբերությունների, Հայաստանի էներգետիկ կարողությունների եւ Արցախի հետ կատարվածի մասին

Նոյեմբեր 07,2023 20:40

Aravot.am-ի զրուցակիցն է «Շտիգեն» ընկերության ղեկավար Հայկ Շեկյանը

«Արցախում կառավարչական ճգնաժամ էր, ինչն արդյունք էր թույլ իմունիտետի: Շատերն ասում են՝ Արցախը մեկ օրում հանձնվեց, բայց, իրականում, շատ լուրջ պայքար է եղել, մարդիկ ի վերջո գիտակցում են, որ իրենք հնարավորություններ չունեն՝ հյուծված վիճակում… հերոսական պայքար է եղել եւ այդ ժողովուրդը, իրոք, հերոսական է: Ինչքան էլ հիմա ինչ-որ մարդիկ էջ շրջեն կամ եսիմինչեր անեն, մենք պարզ պետք է նայենք արցախցիների երեսին եւ ասենք՝ դուք հերոսներ եք»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Շտիգեն» ընկերության ղեկավար Հայկ Շեկյանն՝ անդրադառնալով Արցախի շրջափակման ժամանակահատվածում արցախցիների վարքին:

«Շտիգեն» ընկերությունն Արցախում իրականացրել է «Լուսավոր սահման», «Արեւածագ Արցախում» ծրագրերը: «Արեւածագ Արցախում» ծրագիրը համընկավ Արցախի շրջափակման շրջանի հետ. Հայկ Շեկյանը ծրագրի մասին անցյալով չի խոսում, քանի որ ընկերությունում այժմ էլ արցախցիների հետ համագործակցություն են ձեւավորվում:

Ներկայիս աշխարհաքաղաքական իրողությունները հուշում են, որ Հայաստանը եւս պետք է նախապատրաստվի՝ հնարավոր ճգնաժամերի, այդ թվում եւ հիմնականում էներգետիկ ճգնաժամի: Հետաքրքրվեցինք՝ իբրեւ ոլորտում երկար տարիներ աշխատող մարդ, մեր զրուցակիցն ունի՞ պատկերացումներ, ինչպե՞ս դա պետք է կազմակերպվի, ի՞նչ հակաճգնաժամային քայլեր ու ծրագրեր պետք է պետությունը ձեռնարկի կամ, գուցե, արդեն ձեռնարկվե՞լ են, ի՞նչ վարքագիծ պետք է դրսեւորի բիզնես համայնքը:

Հայկ Շեկյանի դիտարկմամբ, երկարաժամկետ աշխարհաքաղաքական փոխակերպումների համատեքստում, այսօր բիզնեսի համար անորոշություններ կան, օրինակ, էներգակիրներ գնի դինամիկայի տեսանկյունից: «Շատ շուտով՝ մեկ-երկու ամսվա ընթացքում, գազի գինը կարող է բարձրանալ, բենզինի գինը կարող է բարձրանալ, որը մեր արտադրանքի ինքնարժեքի վրա ուղիղ ազդեցություն ունի, հետեւաբար, նաեւ մրցունակության, արտահանման պոտենցյալի եւ այն»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ գործարար համայնքը պետք է փորձի այդ հարցը, օրինակ, որոշակի դարձնել իր համար, թե իր անձնական, թե տարբեր բիզնես միավորումների մակարդակում, թե պետության հետ իր փոխհարաբերություններում:

Առաջին մակարդակում ինքը տեսնում է բավականին գրագետ աշխատանք. արտահանման շուկայի փոփոխություն՝ ԵԱՏՄ-ից Մերձավոր Արեւելք, հումքի շուկաների փոփոխություն, նոր տեխնոլոգիաներ են ներմուծում եւ այլն: Բայց, մեր զրուցակցի դիտարկմամբ,  կա մեկ այլ մոտեցում եւս. գործարարները կոնսերվացնում են բիզնեսը՝ ռիսկերից ելնելով, որը որ, իր բնութագրմամբ, ամենավատ բանն է, եթե այն դառնա մասսայական: Ու այդտեղ, պետությունը եւ բիզնես միավորումները, պետք է կարգավորող դեր ունենան՝ հակաճգնաժամային արագ գործիքներով ներազդեն, որ հանկարծ գործընթացը շղթայական ռեակցիայով չգնա, քանի որ եթե մի ոլորտում դա տեղի ունեցավ, այն կարող է տեղափոխվել նաեւ այլ ոլորտներ: Նմանատիպ իրավիճակ մենք տեսել ենք 1990-ականների սկզբում, երբ տապալվեց բավականին լուրջ արդյունաբերական կոմպլեքս ունեցող տնտեսությունը. «Հիմա, մենք դա չպետք է թույլ տանք»:

Հետաքրքրվեցինք նաեւ, թե ի՞նչ մտորումներ ունի մեր զրուցակիցը Արցախի հանձնման եւ հայաթափման վերաբերյալ. շատերն իրենց համար չեն փակել հայկական Արցախի էջը, Արցախն անդառնալիորեն կորսվա՞ծ է, թե՞ քաղաքական իրավիճակները կարող են նոր հնարավորություններ բացել:

«Մի բան, որը հայրենիք է, չի կարող փակված լինել, եթե կարճ ասեմ: Կատարվածի համար գնահատականներ շատ կլինեն, բայց այս պահին, կարծում եմ, նաեւ շատ կարեւոր է գործողությունը եւ ուղղորդված ինչ-որ առանցքի շուրջ գործողությունը: Վերաիմաստավորել է պետք շատ բաներ եւ այդ վերաիմաստավորելը պետք է հնարավորինս լինի գործողության շուրջ»,- պատասխանեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ  մենք սովոր ենք հարցերը տանել փակուղի, խոսել, բանավիճել շատ երկար՝ տարիներ, ամիսներ, ասել, որ պետք է հզորանանք, միաբանվենք, բայց գործնականում, դրա համար շատ քիչ բան ենք անում. «Պետք է այնպես անենք, որ մեկը հազար դառնա՝ ամենապրիմիտիվ մակարդակից, մինչեւ պետական առանցք»:

«Ինձ համար արժեք է ոչ միայն հողը, այլեւ մարդը. միգուցե՝ նախեւառաջ մարդը: Հողը, առանց մարդու, ինչ-որ իմաստով անիմաստ է: Այդ իմաստով, անձամբ ինձ ինձ համար եւ դա իմ մոտեցումն է, ավելի կարեւոր է պահպանել արցախյան գենոֆոնդը, իսկ դա ոչ թե այն 100 + հազար մարդիկ են, ովքեր արտագաղթել են, փախել են՝ անտանելի պայմաններով, այլ մոտավորապես կես միլիոն մարդիկ են, ովքեր կրում են այդ գենը: Իրենց ինքնության պահպանման հարցն է նախեւառաջ: Այդտեղ է, ըստ իս, առանցքը, բջիջը: Եթե մենք այդ ճանապարհը կարողանանք սկսել եւ անցնել, ապա կարող ենք իրավունք վերապահել մեզ երազել եւ վերադարձնել հողը, իր, այսպես ասած՝ ատրիբուտներով»,- կարծում է Հայկ Շեկյանը:

«Միգուցե մեր ազգի խնդիրներից մեկն էլ երկարաժամկետ իմաստով նա է,  որ պատմական տարբեր իրավիճակներում չենք կարողացել ճիշտ կողմնորոշվել, ավելի խելացի գտնվել, ավելի խորամանկ գտնվել եւ ավելի ուժեղ գտնվել: Չէ՞ որ աշխարհաքաղաքական այն ուժերն, ումով մենք այսօր շրջապատված ենք եւ ում ազդեցության ներքո ենք գտնվում, նույնպես իրենց հարմար պահին երկակի ստանդարտներով են առաջնորդվում կամ անսկզբունք քաղաքականություն կարող են վարել՝ ելնելով իրենց շահերից: Մենք պետք է մեր ազգի շահը գիտակցենք եւ թե երկակի, թե հիբրիդային քաղաքականություն վարելու միտք ու ունակություն ունենանք, որը, տա Աստված, մի օր էլ կկարողանանք ամրապնդել ուժով»,- ասաց մեր զրուցակիցը:

Զրույցի այլ մանրամասները՝ տեսանյութում

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930