Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենը, Բորիանա Աբերգը և ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի քարտուղար Մեթյու Մոնինը նոյեմբերի 7-ին հյուրընկալվել են ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում։
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ողջունել է հյուրերին և ներկայացրել հանձնաժողովի պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում կայացած ընտրությունների ընթացքը։ Խոսելով սեպտեմբերին կայացած Երևանի ավագանու ընտրությունների մասին ԿԸՀ նախագահն ընդգծել է՝ թե՛ տեղական, թե՛ միջազգային դիտորդները դրական են գնահատել։ Հովակիմյանը նաև հավելել է, որ ընտրություններին մասնակից 14 ուժերի որևէ մեկը չի բողոքարկել ընտրությունների արդյունքները։
ԵԽԽՎ համազեկուցողներն ընդգծել են՝ հետևել են ընտրությունների ընթացքին և կարող են արձանագրել, որ ընտրությունները լավ էին կազմակերպվել։
Անդրադարձ է եղել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նոր փաթեթին, որի վերաբերյալ դրական եզրակացություն է տվել Վենետիկի հանձնաժողովը։
Կարդացեք նաև
Հյուրերին հետաքրքիր է եղել նաև ԿԸՀ կառուցվածքային առանձնահատկությունները, ինչպես նաև ընտրական գործընթացի կազմակերպչական մի շարք հարցեր։
Կենտրոնական ընտրական հանձնաժողով