Civilnet. Հայաստանի արտաքին առևտուրը 2023թ. հունվար-սեպտեմբերին աճել է շուրջ 46%-ով՝ կազմելով 13,6 մլրդ դոլար: Այդ ընթացքում արտահանումն աճել է 45%-ով՝ հասնելով 5,1 մլրդ դոլարի, ներմուծումը՝ 46%-ով՝ կազմելով 8,4 մլրդ դրամ: Այդ մասին հայտնում են Վիճակագրական կոմիտեից:
Համաձայն կոմիտեի հրապարակած տվյալների՝ Հայաստանի ամենախոշոր առևտրային գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը, որն անցած ութ ամիսներին է՛լ ավելի է ամրապնդել իր դիրքերը Հայաստանի արտաքին առևտրի կառուցվածքում:
Ռուսաստանին բաժին է ընկնում Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության 35%-ը, որը գումարային արտահայտմամբ կազմում է 4,7 մլրդ դոլար: Ընդ որում, արտահանման ծավալների առումով Հայաստանի կախվածությունը ռուսական շուկայից կտրուկ ավելացել է: Հայաստանից Ռուսաստան արտահանումն անցած ինն ամիսներին աճել է 85%-ով և հասել 2,6 մլրդ դոլարի, որն արտահանման ամբողջ ծավալի 51%-ն է, այն դեպքում, երբ անցյալ տարի նույն ժամանակահատվածում Հայաստանից Ռուսաստան է արտահանվել 1,4 մլրդ դոլարի ապրանք՝ ընդհանուր արտահանման ծավալում կազմելով 40%:
Հայաստանի՝ մեծությամբ երկրորդ առևտրային գործընկերը Եվրամիությունն է, որը, սակայն, ավելի քան երկու անգամ զիջում է Ռուսաստանին: ԵՄ-ի հետ առևտուրն այս տարվա հունվար-սեպտեմբերին աճել է 16%-ով՝ կազմելով 2 մլրդ դոլար, որը ՀՀ արտաքին առևտրաշրջանառության 15%-ն է:
Կարդացեք նաև
Ըստ այդմ, տնտեսագետներն ուշադրություն են հրավիրում ԵՄ-ից Հայաստան ներմուծման և Հայաստանից Ռուսաստան արտահանման գրեթե զուգահեռ սրընթաց աճին՝ դիտարկելով այն որպես վերաարտահանման առկայության անուղղակի ապացույց: Այլ կերպ ասած՝ եվրոպական ապրանքները՝ այդ թվում Հայաստանի տարածքով, հայտնվում են ռուսական շուկայում` շրջանցելով ուկրաինական պատերազմով պայմանավորված միջազգային սահմանափակումները:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: